Կլինի այնպես, ինչպես ցանկանում էր ՀԷՑ-ը. էլէներգիայի սակագինը կդառնա 48.78 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ կայացվելիք որոշման նախագիծը: Ասել է թե՝ որոշումը կայացված է:

Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը մտադիր է հունիսի 17-ի իր նիստում հաստատել մի որոշում, ըստ որի՝ 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար էլէներգիայի ցերեկային սակագինը կդառնա 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ եւ գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ եւ 35.78 դրամ/կՎտժ գիշերային սակագինը, 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ:

Նախագծին կից հավելվածում ՀԾԿՀ-ն ներկայացրել է իր կողմից հաշվարկված սակագնի հաշվարկները: Ըստ այդմ, ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտում ընկերության պահպանման ծախսերը կազմել էին 39 միլիարդ 597 մլն դրամ, իսկ ըստ ՀԾԿՀ-ի հաշվարկներով այն կազմելու է 13 մլրդ դրամով պակաս: Մարժան, այսինքն՝ ամեն մի կՎտ/ժ-ից ՀԷՑ-ի օգուտը կազմելու է 16,13 դրամ: Սակագնում ներառված ծախսերը եւ շահույթը, ըստ ՀԾԿ հանձնաժողովի հաշվարկների, պետք է կազմեն 74 մլրդ 491 մլն դրամ: ՀԾԿ հանձնաժողովը ՀԷՑ-ի ծախսերից կոնկրետ աշխատավարձի մասով հատկացումները կրճատել է 3 մլրդ 879 մլն դրամով: Ըստ ՀԷՑ-ի՝ իր աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է լինի 240 հազար դրամ, ՀԾԿՀ-ն առաջարկում է 200 հազար դրամ տարբերակը: Նյութերի վրա կատարվելիք ծախսերը 8 մլրդ 39 մլն-ից հանձնաժողովը իջեցրել է 2 մլրդ 676 մլն դրամի, այսինքն՝ կրճատումը կազմել է 5 միլիարդ 363 մլն դրամ: Նորոգման ծախսերը կրճատվել են 752 մլն դրամով եւ այսպես շարունակ:

Ավտոմեքենաների վարձակալության աղմուկ հանած ծախսերը ՀԾԿ հանձնաժողովը կրճատել է կիսով չափ` 103 մլն դրամից դարձնելով 52 մլն դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալության համար նախատեսված ոչ պակաս աղմկոտ ծախսերից 127 մլն դրամը կրճատվել է: Ներկայացված թվերն ուսումնասիրելիս կրկին հարցերի մի շարքը շարունակում է օդում կախված մնալ: Մասնավորապես, մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի տնօրինության ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունն ու սպասարկումն ինչո՞ւ պետք է ներառվի սակագնում, ինչպես որ արված է, կամ նրանց բջջային հեռախոսի ծախսը ինչո՞ւ պետք է ներառվի սակագնի մեջ, կամ ինչ է նշանակում խորհրդատվական ծախսեր, ինչո՞ւ պետք է դրա համար սպառողը վճարի:

Ինչո՞ւ պետք է սպառողը վճարի անհասկանալի նպատակներով ինչ-որ ադմինիստրատիվ շինությունների վարձակալության համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, եւ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ի ծախսերը կարելի է այնքան կրճատել, որ ոչ միայն սակագինը բարձրացնելու կարիք չէր առաջանա, այլ նաեւ խնայված միջոցներով հնարավոր կլիներ ընկերության պարտքերը փակել: Բայց, դե, այդ դեպքում ՀԷՑ-ի տնօրինությանը եւ նրանց հետ «փայ» մտած ՀՀ պաշտոնյաներին գողանալու բան չէր մնա:

Ի դեպ, նույն՝ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն նախատեսում է հաստատել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագները: Ինչպես հայտնի է՝ բոլորը դիմել էին սակագնի բարձրացման համար: Նրանցից միայն «Հայաստանի ատոմային կայանի» դեպքում է ՀԾԿՀ-ն սակագնի բարձրացումը պատրաստվում մերժել, դեռ մի բան էլ գործողը որոշ չափով կիջեցնեն: Իսկ «Հրազդան ՋԷԿ-ի», « Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի», «Երեւան ՋԷԿ»-ի, Սեւան-Հրազդան Կասկադի սակագների բարձրացման հայտերը կբավարարվեն:

Ակնհայտ է, որ ՀԾԿ հանձնաժողովը միայն պետական սեփականություն հանդիսացող ՀԱԷԿ-ի դեպքում է համարձակվել ոչ ասել, իսկ ռուսական սեփականություն հանդիսացող ՋԷԿ-երի եւ Սեւան-Հրազդան կասկադի դեպքում ոնց ասել են, այդպես էլ կվարվի:

Հ.Գ. Ի դեպ, ինչպես հայտնի է՝ հունիսի 19-ին էլէներգիայի թանկացման դեմ մեծ երթ է նախատեսված: ՀՀ իշխանությունները փաստացի փորձում են իրադարձությունները արագացնել, որպեսզի թույլ չտան, որ բողոքի ալիքը գնալով ավելի ծավալվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս