ԵԽԽՎ-ում հակահայկական հերթական բանաձևն առաջիկայում ընդունի: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև: Նախագծում բառացիորեն գրված է. «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: ԵԽԽՎ-ում հայասատանյան պատվիրակության անդամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ: Թերթի հետ զրույցում վերջին ասել է, որ «այս անգամ բանը բանից անցնում է, աբսուրդի է հասնում այս ամենը»: «Իրավիճակը կամաց-կամաց փոխվում է հոգուտ Ադրբեջանի և այդ փոփոխության հիմքում ընկած են նավթադոլարները, ուրի բան չկա: Կոռուպցիոն ճանապարհով իրենք հասել են ադրբեջանամետ մեծ լոբբիի ձևավորմանը»,- ասել է Ռուստամյանը:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի ժամանակ քվերակության է դրվելու հակահայկական ևս մեկ նախագիծ, որում ասվում է, որ «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:
-Նման բանաձև դեռևս չի ընդունվել, դեռևս ժամանակ կա` հասկանանք, տեսնենք` ինչ է տեղի ունենում: Ադրբեջանն օգտագործում է իր ֆինանսական միջոցները: Կարծում եմ, որ այդ բանաձևը կարող է չընդունվել: Բայց եթե ընդունվի այդ բանաձևը, կարծում եմ` դա որևէ իրավական ուժ չի ունենա: Սա ուղղակի շահարկումների առարկա է դառնալու Ադրբեջանի համար: Քաղաքական նշանակություն ռեալ չի ունենա:
-Պարոն Բաբայան, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լուրջ մտահոգություն է հայտնել, որ կամաց-կամաց ԵԽԽՎ-ում իրավիճակը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Դուք չունե՞ք նման մտահոգություն:
-Ադրբեջանի կողմից կա չափազանց ակտիվություն, ագրեսիվություն: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել: Նման բանաձևի ընդունումը մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ին, որովհետև անհնար է նորմալ ժողովրդավարական աշխարհում նման բանաձև ընդունել: Եվ այդ բանաձևին սատարողները կոպտորեն խախտում են նույն այդ կառույցին: Եթե այդպես է, ապա սա ոչ թե հարված է Արցախին, այլ միջազգային հանրությանն ու այդ կառույցի վարկանիշին: Թող իրենք մտածեն: Ադրբեջանն իր նավթադոլարներով կարողանում է գնել ամեն ինչ: Երևի այնտեղ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակն այնքան բարվոք չէ, որ գնում են այդ քայլին: Այդ բանաձևի ընդունումը ոչ թե Ադրբեջանին է պլյուս, այլ մեծ հարված է միջազգային այդ կառույցին, որովհետև նա կկորցնի իր համբավը որպես անկողմնակալ կազմակերպություն:
-Իսկ նման հակահայկական զեկույցների կամ բանաձևերի ընդունման մեջ հայկական պատվիրակության մեղքի բաժինը տեսնու՞մ եք:
-Այստեղ հայկական պատվիրակության թերության խնդիրը չէ: Այստեղ Եվրոպայի թերության խնդիրն է: Հիմա եթե իրենք գնում են, առնում են մի շարք պատգամավորների, ի՞նչ կապ ունեն հայկական պատվիրակության անդամներն այստեղ: Իրենք ամեն ինչ անում են: Սա արդեն Եվրոպայի խնդիրն է, սա արժեքների ճգնաժամ է, որի մասին բազմիցս ասել ենք նույն եվրոպական կառույցներում: Մի բան ասում են, մեկ այլ բան` անում: Այդպես չի լինում, վերջապես իրենք պետք է կողմնորոշվեն: Սա արդեն Ադրբեջանի, Հայաստանի կամ Արցախի հարցը չէ, սա գլոբալ հարց է: Սա եվրոպական ժողովրդավարության հարց է:
Քրիստինա Աղալարյան