ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ` ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում շարունակվեց «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության անդամների դիրքորոշումների ներկայացումը: Նշենք, որ պատգամավորները հիմնականում բացասական էին արտահայտվում բյուջեի կատարողականի մասին եւ ընդգծում, որ ներկայացված տվյալներն իրոք մտածելու տեղիք են տալիս: Դրան հակառակ` իրենց աշխատանքը գովաբանող ելույթներով էին հանդես գալիս Կառավարության ներկայացուցիչները, որոնց պաշտպանում էին հանրապետական պատգամավորները:

Երեկ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ 2014 թվականը բավական առանձնահատուկ էր եւ էականորեն տարբերվում էր նախորդ տարիներից մի շարք հանգամանքներով: Որպես օրինակ նա բերեց ԵՏՄ-ին անդամակցության նախապատրաստումը, միջազգային հարաբերություններում լարվածության մեծացումը եւ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման արդյունքում դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերների հոսքի կրճատումը: Աժ նախագահն ընդգծեց, որ նման պայմաններում Կառավարությունից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվել պետական բյուջեի կատարման համար:
Որպես Կառավարության ներկայացուցիչ ելույթ ունեցավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Անդրադառնալով պատգամավորների քննադատական ելույթներին՝ նա երեւակայական համարեց այն տեսակետները, թե հաշվետու տարում տնտեսության միտումները բացասական են: Նա հիշեցրեց, որ 2014-ին բարձրացել են աշխատավարձերը` հայտարարելով, թե այդ պարագայում սխալ է խոսել համատարած աղքատության մասին:
Անդրադառնանք խմբակցությունների ելույթներին: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում տեղեկացրեց, որ չնայած կան խնդիրներ, բայց իրենք այս քննարկմանն ու քվեարկմանը ձեռնպահ կմնան: Ըստ նրա՝ նախորդ տարում աճել են գործազրկությունն ու արտագաղթը, իսկ տարադրամի տատանումներից տուժել են հիփոթեքային վարկ վերցրած երիտասարդ ընտանիքներ, որոնց աջակցելու համար էլ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել:
Բյուջեի կատարողականի վերաբերյալ բացասական տեսակետ արտահայտեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու հաշվետվությանը, եւ քննադատեց Կառավարության ծրագրային քաղաքականությունը: Դաշնակցական պատգամավորը նաեւ նկատեց, որ Կառավարությունը խոստացած աշխատատեղերը չի ստեղծել: «Դուք առնվազն ճշգրտում պետք է կատարեիք ձեր կանխատեսումներում եւ գայիք ԱԺ ու համապատասխան փոփոխություններ առաջարկեիք: Դրա հնարավորությունը ընձեռված էր, նոր Կառավարություն կար: Գայիք, փոխեիք եւ ասեիք` սխալ ենք կանխատեսել: Չարեցիք սա, լավ: 2013 թվականի դեկտեմբերին ի՞նչ գործողությունների գնացիք, եւ այս ամբիոնից ինչպիսի՞ ճառեր էին հնչում` մենք գործազրկության նպաստը հանում ենք, բայց ակտիվացնելու ենք աշխատաշուկան: Եթե մոռացել եք, ուզում եմ հիշեցնել: Ակտիվացրեցի՞ք: Բերել եք հաշվետվություն, որ գործազրկություն ունենք: Սրա մասին չեք խոսում եւ չեք ասում, որ սխալ եք թույլ տվել: Մարդը սխալական է, երբ սխալ ես տեսնում, կարող ես ուղղել եւ ճիշտ ընթացք ունենալ», – նշեց ՀՅԴ պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը, ով եւս հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու հաշվետվությանը: Նա խոսեց տնտեսության անկման, ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: Նա հիշեցրեց, որ խմբակցությունը ժամանակին դեմ է քվեարկել բյուջեի այս նախագծին՝ դրանում չտեսնելով երկրի զարգացման հնարավորություններ:
Իսկ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ 2014 թվականին կանխատեսված ցուցանիշներից եղել են որոշ շեղումներ, ինչը պայմանավորված է արտաքին աճի տեմպի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու պետական բյուջեի կատարման նախագծին:
Հաշվետվության քննարկումն ամփոփեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով հայտարարեց, թե 2014 թվականին տնտեսության բոլոր բացասական միտումները պայմանավորված են եղել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Գագիկ Խաչատրյանը հաշվետու տարում կարեւոր ձեռքբերում համարեց Համաշխարհային բանկի գնահատմամբ գործարար միջավայրի բարելավման ցուցանիշի աճը: Պետական պարտքը, ըստ Խաչատրյանի, կառավարելի մակարդակում է: «Բավարարվել միայն սրանո՞վ, իհարկե, ոչ: Մենք ունենք դեռ անելիքներ բացասական միտումները կանխարգելելու ուղղությամբ», – եզրափակեց նախարարը: Հավելենք, որ կատարողականի քվեարկությունը տեղի կունենա այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 
ԹԱՆԱՀԱՏՑՈՒՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Դեռեւս ապրիլի սկզբին Սյունիքի մարզպետարանում նույն մարզի համայնքներին բաժանվեցին սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգի գրքույկները: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի 8 ընտանիք ունեցող Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե գյուղացիներն ի՞նչ են մտածում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին:

-Պարո՛ն Օհանյան, արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
-Այո՛, հասցրել եմ մի փոքր ծանոթանալ: Կամաց-կամաց ծանոթանում եմ:
-Ի՞նչ առարկություններ ունեք:
-Իսկ իմ որոշումն ինչ-որ բանի վրա կազդի՞: Ո՞վ է իմ խոսքին հետեւելու:
-Համաձա՞յն եք խորհրդարանական մոդելին անցնելուն:
-Մենք առայժմ սովոր ենք նախագահական կառավարմանը, եւ իմ մեջ մի քիչ վախ կա: Քանի որ մենք փոքր ազգ ենք եւ երկրի համար լուրջ պահերին պետք է արագ կողմնորոշվենք: Իսկ խորհրդարանը կարեւոր դեպքերում մինչեւ իրար գլխի հավաքվի, իրար լսի, կողմնորոշվի, արդեն ուշ կլինի: Ես այսպես եմ մտածում: Համաձայն չեմ խորհրդարանական կամ կիսանախագահական մոդելին անցնելուն: Գուցե՞ հետագայում լավ լինի, բայց ներկա պահին, երբ երկիրը գտնվում է ծանր պայմաններում, չեմ պատկերացնում նման փոփոխությունները ինչի կարող են բերել:
-Պարո՛ն Օհանյան, կոնկրետ ո՞ր կետին եք համաձայն, որին ոչ:
-Ճիշտն ասած՝ այդպես պարզ չեմ հիշում, բայց եթե նորից վերընթերցեմ, կասեմ, որովհետեւ կային կետեր, որոնց ես ընդհանրապես համաձայն չեմ:
-Իսկ Թանահատի բնակիչներն ի՞նչ են մտածում այս մասին: Քննարկե՞լ եք նրանց հետ այս հարցը:
-Է՜, աղջիկ ջան, բնակիչները տարված են իրենց հոգսերով, իրենց ոչինչ չի հետաքրքրում: Իրենց համար ինչ տարբերություն՝ կիսանախագահակա՞ն թե՞ խորհրդարանական, եթե նույն աղքատության մեջ են ապրում: Ի՞նչ կապ ունի: Իրենց ոչինչ չի հետաքրքրում: Գյուղացու համար քաղաքականությունը կամ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ են, ա՛յ քիրա: Ոչինչ: Ինքը մտածում է միայն, թե ինչպես կարողանա մի բան արտադրի, վաճառի, որպեսզի ընտանիքը գոյատեւի: Թե չէ սահմանադրական բարեփոխումներով ոչ մի հարց չի լուծվելու: Գյուղացոնց վիճակն այնպիսին է, որ նման բաներն իրենց չեն հետաքրքրում:
-Այս հարցի շուրջ բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելո՞ւ եք:
-Նման հարցերի մասին հեռուստատեսությամբ իրենք միշտ լավ բաներ են լսում, թե չէ մնացածը չի հետաքրքրում իրենց: Մենք քաղաքականությունից հեռու մարդ ենք: Առաջիկայում կտեսնենք, հավանաբար կկազմակերպվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության երիտասարդական միության բողոքի ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ակցիայի մասնակիցների թիվը մոտ 50 էր: Հարկ է նշել, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր իր իսկ կուսակցության կազմակերպած բողոքի ակցիային: Նրանք ՀՀ քրեական օրենսգիրքը որպես նվեր հանձնեցին նախարարության ընդհանուր բաժնի պետին: Ակցիայի մասնակիցներն իրենց ելույթներում նախարար Զախարյանից պահանջեցին անպատասխանատու հայտարարություւններ չանել եւ լրջանալ: Նրանք գողության մասին նախարարի հայտարարության հետ կապված դատախազ Գեւորգ Կոստանյանից պահանջեցին համապատասխան ընթացք տալ: Երիտասարդական թեւի անդամ Նարեկ Ալոյանն իր ելույթում գլխավոր դատախազից պահանջեց ոչ թե ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից ապացույցներ պահանջել համապատասխան ընթացակարգ սկսելու համար, այլ հենց նախարարի հայտարարությունը հիմք ընդունել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում դատախազության հաշվետվության ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գեւորգ Կոստանյանին հորդորեց համապատասխան ընթացակարգ սկսել ՀԷՑ-ում գողության վերաբերյալ նախարար Զախարյանի հայտարարության հիման վրա: Դրան ի պատասխան` Կոստանյանը Ուրիխանյանից պահանջեց ապացույցներ ներկայացնել, որ ՀԷՑ-ում գողություն է կատարվել, որից հետո ինքը իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա:

 

ՀՐԱՎԵՐ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլէներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով եւ համաժողովրդական ընդվզումից ընկրկած՝ սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, որ մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն եւ կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավել, եւ վերանայել ներկա սակագինը իջեցման նպատակով: Ու նորից ենք հիշեցնում՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սարգսյան Սերժի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք, օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների: ՀՀ մարզերի հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում մինչեւ հունիսի 19-ը գալ Երեւան, որպեսզի հունիսի 19-ին միասնական ուժով հասնենք մեր իրավունքի իրացմանը: Բոլորիդ սպասում ենք Ազատության հրապարակում»:




Լրահոս