ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, երբ տղաս 11 տարեկան էր: Այժմ նա զինապարտ է, եւ մենք ուզում ենք վերադառնալ Հայաստան, սակայն տղայիս նկատմամբ հարուցվել է հետապնդում: Ես վախենում եմ, որ օդանավակայանում նրան կձերբակալեն: Ինչպե՞ս վարվել, ո՞ւմ դիմել, որպեսզի տղաս հասնի Երեւան եւ սահմանված կարգով գնա ծառայության:

Արիտա Ավագյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմնին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը  կայացնում է  քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով դադարեցվում է  քրեական հետապնդումը,  եւ  քաղաքացին զորակոչվում է բանակ՝ առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր) կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ՝ ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը: Նա կհաշվառվի ՀՀ զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, վերոշարադրյալը վստահություն է ներշնչում: Սակայն իրականում հաճախ լրիվ հակառակ պատկերի ականատեսն ենք լինում: Քրեական հետապնդման մեջ գտնվող զորակոչային տարիքի երիտասարդը, դեռ ոտքը հարազատ հողին չդրած, ձերբակալվում է, այն էլ մարտական կինո հիշեցնող մեթոդներով: Էլ ուր մնաց` զինակոչիկն այցելի տեղամաս կամ դիմի ծառայության անցնելու համար:




Լրահոս