ՀԱՐՑ. Տղաս սովորում է 2-րդ դասարանում, որտեղ կա 26 աշակերտ, սակայն երբեմն դասարանը կիսվում է երկու խմբի: Ուզում եմ իմանալ՝ ընդհանրապես կա նման կրթական մեխանիզմ, եւ եթե այո, ապա ինչո՞վ է այն պայմանավորված:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններում, եթե աշակերտների թիվը 30 եւ ավելի է, ռուսաց լեզու, օտար լեզու առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի:
Միջին դպրոցի 7-9-րդ դասարաններում հայոց լեզու, ռուսաց լեզու, 5-9-րդ դասարաններում օտար լեզու, 6-9-րդ դասարաններում՝ համակարգչային դասարանի առկայության դեպքում ինֆորմատիկա առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում աշակերտների թիվը 30 եւ ավելի է: Տեխնոլոգիա առարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի՝ տղաների եւ աղջիկների՝ անկախ աշակերտների թվից, ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով:
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում ընդհանուր հոսքում հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, ինֆորմատիկա (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների եւ ավագ դպրոցի արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե տվյալ դասարանի աշակերտների թիվը 25 եւ ավելի է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե որքանով է նպատակահարմար դասարանները բաժանել երկու խմբի, կարող են ասել թերեւս միայն մանկավարժները: Բայց որ մեր հանրապետությունում կրթական մակարդակը ցածր է միջինից թե՛ հանրակրթական դպրոցում, թե՛ բուհերում, ակնհայտ է: Այս ոլորտում հեշտորեն կիսվում են ոչ միայն դասարանները, այլեւ կաշառքը՝ տնօրենների եւ ուսուցիչ-դասախոսների միջեւ: