Վերջին մի քանի օրերին ԲՀԿ-ի շնորհիվ Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ կոնսուլտացիաներ են սկսվել՝ կապված պետական կառավարման եղանակի փոփոխության հարցի հետ. պնդում են, թե մեզ նախագահ պետք չէ: Փորձենք համաշխարհային պատմության փորձն ուսումնասիրել՝ հասկանալու այս կամ այն երկրի կառավարման համակարգերի ուժեղ եւ թույլ կողմերը:
Այսօր աշխարհում գոյություն ունեն ավելի քան 90 նախագահական (նաեւ՝ կիսանախագահական) եւ ավելի քան 50 խորհրդարանական կառավարմամբ պետություններ: Նկատենք, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրների շարքում են Մեծ Բրիտանիան, Իսպանիան (հռչակված խորհրդարանական միապետություններ-Ն. Հ.), Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսրայելը եւ այլն: Խորհրդարանական համակարգի հաստատման կողմնակիցներն իրենց փաստարկներում պնդում են, որ այս դեպքում նվազեցվում կամ հիմնականում զրոյական է դառնում իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու եւ նրա սեփական շահերին ծառայեցնելու արատավոր երեւույթը: Թվում է՝ անխոցելի տեսակետ է, բայց հարկ է դիմել պատմության օգնությանը: 1933թ. մարտի 5-ի ընտրություններով Գերմանիայում իշխանությունն անցավ ֆաշիստական խմբավորմանը, եւ նախագահ Հինդենբուրգը երկար պայքարից հետո համաձայնեց Ադոլֆ Հիտլերին նշանակել կառավարության ղեկավար: Գերմանիայում հաստատված էր խորհրդարանական կառավարում, իսկ նախագահի գործառույթները գրեթե ձեւական էին: Ի դեպ, նույնիսկ այս դեպքում 1934թ. օգոստոսին՝ Հինդենբուրգի մահից հետո, Հիտլերը հնարամտորեն վերացրեց նախագահի պաշտոնը եւ իշխանությունը ենթարկեց բացառապես իրեն: Իտալիայում էլ գրեթե նույնը տեղի ունեցավ, այս անգամ Բ. Մուսոլինիի գլխավորությամբ: Արդ, հարց է առաջանում՝ արդյոք կառավարման խորհրդարանական համակարգը կատարեց իր «գործառույթները» եւ զսպեց իշխանության գերկենտրոնացումը: Փաստացի ոչ, ուստի կարելի է միանշանակորեն պնդել, որ կառավարման համակարգը մեծամասամբ կապ չունի իշխանության՝ մեկ մարդու ձեռքում կենտրոնանալու վտանգի հետ:
Նախագահական կառավարման համակարգի հավանաբար լավագույն օրինակն ԱՄՆ-ն է: Թվում է՝ այն բացարձակ նախագահական պետություն է, բայց ԱՄՆ Սահմանադրությանն ու նախագահի լիազորություններին տեղյակ մասնագետը կարող է փաստել, որ «ուժեղ ու բացարձակ իշխանություն ունեցող» նախագահը բավականաչափ կախված է Ներկայացուցիչների պալատից (մեր պատկերացրած ԱԺ-ից): Հենց միայն այն, որ որեւէ նախագահ ԱՄՆ-ում ոչ մի դեպքում չի կարող իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Ոչ մի նախագահ Սահմանադրությամբ վերապահված երկու ժամկետից ավելի չի կառավարել (Ռուզվելտի պարագան լրիվ ուրիշ է), իսկ ֆորս-մաժորների դեպքում ենթարկվել է հասարակական ճնշմանը (օր.՝ 1974թ. Նիքսոնի հրաժարականը): Ֆրանսիայի կառավարման համակարգը եւս նախագահականն է, որտեղ նախագահն ունի հսկայական լիազորություններ եւ լծակներ, բայց համակարգի կենսունակությամբ պայմանավորված՝ չի կարող իշխանությունը ծառայեցնել իր անձնական շահերին: Դրա լավագույն օրինակը Ֆրանսիայում կայացած վերջին նախագահական ընտրություններն են, երբ գործող նախագահ Ն. Սարկոզին պարտվեց: Ինչ խոսք, նախագահական կառավարման պարագայում էլ խնդիրները քիչ չեն, իսկ իշխանության՝ մեկ անձի ձեռքում գերկենտրոնացումը հնարավոր զարգացումների շարքից է: Սակայն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի օրինակները ցույց են տալիս, որ խնդիրը հերթական անգամ դուրս է կառավարման համակարգի տիրույթից:
Այսպիսով, եթե կառավարման եղանակի փոփոխումով երկրում առկա խնդիրները չեն կարգավորվելու, ապա որտե՞ղ է պետք փնտրել հարցի լուծումը: Ազատ եւ ժողովրդավարական հիմունքներով անցկացված ընտրությունները միակ ու անփոխարինելի այն բանալին են, որով կարող են լուծվել պետության համար կենսական խնդիրները: Անկախ նախագահական ու խորհրդարանական կառավարումից՝ միայն դեմոկրատական եւ լեգիտիմ իշխանության հաստատումը կարող է շեշտակիորեն փոխել երկրում տիրող այս գորշ մթնոլորտը: ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1938թ. իր ռադիոուղերձում տվել է այս հարցի պարզաբանումը. «Մի շարք խոշոր երկրներում ժողովրդավարությունն անհետացել է այն պատճառով, որ մարդիկ հոգնել են գործազրկությունից եւ անապահովությունից, հոգնել են իրենց երեխաներին քաղցած տեսնելուց: Հուսահատությունից դրդված՝ նրանք նախընտրել են ազատությունը զոհաբերել՝ հույս ունենալով որեւէ բան ձեռք բերել ուտելու համար: Ամերիկայում մարդիկ գիտեն, որ ժողովրդական հաստատությունները պահպանելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ ժողովրդական կառավարության գործնական վարքագիծը հավասարազոր է մարդկանց ապահովության պաշտպանության խնդրին: Մեզ մոտ մարդիկ համաձայն են ցանկացած գնով պաշտպանել իրենց ազատությունը, եւ պաշտպանության առաջին գիծն անցնում է տնտեսական ապահովության միջոցով»:
Մի խոսքով, Հայաստանին եւս ոչ թե կառավարման ձեւի փոփոխություն է հարկավոր, այլ որակի:
ԽՆԴԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ