Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ծավալած տնտեսական գործունեության մասին մի տեսակ ընդունված չէ խոսել: Մեզ միշտ թվում է, թե գրելով նրանց՝ օրավուր անարգել դարձող ապօրինի բիզնեսների մասին, որոնց արդյունքում չճանաչված պետությունը սպառնում է վերածվել մի քանի «բդեշխների» սեփականության, մենք ջուր կլցնենք մեր թշնամու ջրաղացին եւ կփոշիացնենք ժողովրդավարական «կղզյակի» մասին ձեւավորված պատկերացումները…
Երեւի այս ամենից թեւավորված էլ՝ արցախյան որոշ պաշտոնյաներ անցել են բոլոր սահմաններն ու անընդհատ չթուլացող ընչաքաղցությամբ սեփականաշնորհում են ամեն ինչ: Երբ Ստեփանակերտի փողոցներով անցնում են իշխանական լծակներ ունեցողների շքեղ մեքենաները, ստեփանակերտցիներից շատերն ատելությամբ են նայում, անգամ անիծում: Ախր այդ շքեղությունները ձեռք են բերվում Հայաստանի բյուջեից ԼՂՀ-ին հատկացվող միջոցներով եւ ապօրինի բիզնեսի եկամուտներով:
ԼՂ ամենախոշոր օլիգարխների ցուցակը գլխավորում է Արա Հարությունյանը: Եթե Ղարաբաղում հարցնես, թե ում են պատկանում Ստեփանակերտի կենտրոնում գտնվող բազմաթիվ խանութներ ու այլ կառույցներ, բոլորը միաբերան կասեն՝ վարչապետ Արա Հարությունյանին: Ճիշտ եւ ճիշտ Չախ-չախ թագավորի պես… Ընդամենը 39 տարեկան այս մարդը հասցրել է կարճ ժամանակամիջոցում ոչ միայն պաշտոնական թռիչքներ կատարել՝ 34 տարեկանում դառնալով վարչապետ, այլեւ արձանագրել այնպիսի ֆինանսական հաջողություններ, որոնց կնախանձեր ամենաճարպիկ գործարարն անգամ: Ստեփանակերտում ծնված Արայիկ-Արա Հարությունյանը 1990թ. ընդունվել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: Սակայն 1994թ. տեղափոխվել եւ 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Չբավարարվելով բուհական կրթությամբ՝ որոշել է իրեն նվիրել գիտությանը, ուստի 1996թ. ընդունվել եւ 1998թ. ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան` տնտեսագիտություն մասնագիտությամբ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ իր կենսագրության մեջ նա նշել է, թե 1992թ. անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին եւ ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին: Ուրեմն դասերը Երեւանում թողել ու պաշտպանել է հայրենի Արցախը: Եթե այս փաստը քննարկման առարկա չէ, ապա պետք է միայն ողջունել նրան:
Ինչեւէ: 1995-1997թթ. Արա Հարությունյանն աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում որպես նախարարի օգնական: Չենք զարմանում: Սա առանձնակի պաշտոն չի համարվում, մանավանդ ԼՂՀ-ում, ուր նախարարություններն այնպիսի գործառույթներ ունեն, որոնք անգամ ցածր են մեր մարզպետարանների վարչությունների պետերի գործառույթներից: Ուստի նախարարի օգնական լինելը մի մեծ բան չէ: Բայց շուտով Ա. Հարությունյանը որոշել է տեղափոխվել ֆինանսական դաշտ. 1997-1999թթ. աշխատել է «Հայագրոբանկ»-ի Ասկերանի մասնաճյուղում որպես կառավարիչ: Քսանչորս տարեկանում՝ արդեն բանկի մասնաճյուղի կառավարիչ: Պետք է ենթադրել, որ ունեցել է հզոր հովանավորներ, այլապես հազիվ թե այս տարիքում, թեկուզեւ Ղարաբաղում, նա կարողանար նման պաշտոն զբաղեցնել: Քսանվեց տարեկանում էլ նշանակվել է «Հայագրոբանկ»-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում: Սակայն եթե հիշենք, թե ով էր «Հայագրոբանկ»-ի նախագահը, գուցե չզարմանանք, որ Ա. Հարությունյանը նշանակվել էր կառավարչի պաշտոնում («Հայագրոբանկ»-ի նախագահը Հակոբ Հակոբյանն էր՝ Ճոյտը): Ավելին, այս բանկն ընդամենը պայմանական-խորհրդանշական միավոր էր Ղարաբաղում, որովհետեւ չկային խոշոր ավանդատուներ, եւ մեծ չէին շրջանառու ֆինանսական միջոցները:
Հենց այս ժամանակ էլ Ա. Հարությունյանը սկսել է զբաղվել բիզնեսով՝ սեփականաշնորհելով գյուղատնտեսական հողեր: Դե, եթե մարդը բանկի կառավարիչ էր, հողերի սեփականատեր, մնում էր, որ պատգամավոր դառնար: Ու դարձավ: 2005թ. ընտրվեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահեց խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում` միաժամանակ ղեկավարելով «Հայրենիք» խմբակցությունը: 2005-2007թթ. «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահն էր, ապա՝ նախագահը: Ուշադրություն դարձնենք կենսագրական թվարկումներին: Ուրեմն, Ա. Հարությունյանը գլխավորում էր բանկը, զբաղվում սեփական բիզնեսով, մշտական հանձնաժողովի նախագահ էր, ինչը պետական պաշտոն է, ապա հանդես է գալիս որպես խմբակցության ղեկավար, կուսակցապետ… Եւ ինչպե՞ս է հասցրել այս ամենը, ինչպե՞ս է կարողացել կատարել բոլոր պարտականությունները՝ խախտելով նաեւ սահմանադրական մի շարք նորմեր: Բայց հավանաբար նա եղել է արտոնյալների շարքում, ուստի ամեն ինչ եղել է թույլատրելի: 2007թ. սեպտեմբերի 14-ին էլ նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
Թե ինչպիսի վարչապետ է Ա. Հարությունյանը եւ ինչպես է կատարում իր պարտականությունները, ավելի լավ է լսենք արցախցիներին, որոնք, ոչ մի լավ բան չկարողանալով հիշել նրա գործունեությունից, միայն ասում են, որ Ղարաբաղի կեսն իրենն է, որ թողած պաշտոնական պարտականությունները՝ օրնիբուն զբաղված է անձնական բիզնեսի հարցերով: Եւ չի էլ թաքցնում, որ բիզնեսմեն է, անգամ դժգոհում է, որ վերջին շրջանում հողատարածքների մի մասը չի մշակվում: Թե ինչ միջոցներով է ձեռք բերել այդ հողատարածքները, կարծես գաղտնի է պահվում, բայց հազիվ թե հնարավոր լինի մարդկանց աչքերից թաքցնել նրա կենցաղը, եւ այդ ամենը չհամադրել այն թշվառությանը, որը տիրում է Արցախում, հատկապես մտավորականության շրջանում: Այս պաշտոնյան չի մասնակցում պետության համար կարեւոր շատ մշակութային միջոցառումների, չի կարողանում լուծել մշակութային օջախների շինարարության կամ հիմնանորոգման հարցերը: Բերենք մի օրինակ. օրերս իր 80-ամյակը նշած Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի շենքը գրեթե ավերակ է, մարդիկ վախենում են այնտեղ մտնել: Կառավարության որոշմամբ՝ թատրոնը դուրս է բերվել շենքից եւ տեղավորվել մի շինությունում, որտեղ անհնար է ներկայացումներ խաղալ: Կառավարությունը իբր թե հիմնանորոգման ծրագիր է կազմել՝ այդպես էլ չլուծելով ֆինանսավորման հարցերը: Մինչդեռ Արցախ եկած գումարներով կարելի էր թատրոնի մի քանի նոր շենք կառուցել: Բայց դրա համար ժամանակ չկար. ԼՂՀ վարչապետը պիտի խանութներ ու հյուրանոցներ, ռեստորաններ կառուցեր…
ԱՐՑԱԽԻ ՕԼԻԳԱՐԽ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ