Ե՞ՐԲ ԵՆ ՎԵՐԱՆԱԼՈՒ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ մեկ ամիս ժամանակ է տրվում ստորեւ ներկայացվող ցուցակում ընդգրկված ընկերություններին, որպեսզի նրանք ավարտին հասցնեն սկսված շինաշխատանքները, եւ վերջապես մայրաքաղաքից վերանան հավերժական շինհրապարակները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արված գլխավոր ճարտարապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց շինհրապարակները շարունակում են մնալ նույն ձեւով: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե ինչ է արվել  այս ուղղությամբ:
Բայց նախ ներկայացնենք նշված ցուցակը.
1. “Ռեգիոն ինվեստ” ՍՊԸ` ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս) 9951.64քմ
2. “Ավանգարդ մոթորս” ՍՊԸ՝ նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, 3.0 հա
3. Գաֆեսճյան կենտրոն՝ Կասկադի հետ միասին 9.8 հա
4. “Մուլտի գրուպ կոնցեռն” ՍՊԸ` Աբովյան հ. 5/5 հասցեում 1857 քմ
5. “Սասնա երկիր” ՍՊԸ` “Հաղթանակ” կամրջի մոտ գտնվող հողամասեր 9000 քմ
6. “Վալենսիա” ՀՁ ՍՊԸ՝ Մարշալ Բաղրամյան պող. հ.37 եւ հ.39 2750 քմ
7. “Դվին” հյուրանոց՝ Պարոնյան 40, 1.5 հա
8. “ԱլՀամռա ռիել հսթեյթ դիվելոփմենթ ԼԼՍ” ընկերություն` Ավան, Աճառյան փողոցի մոտ
9. “Բիլդ” ՍՊԸ` Կայարանամերձ հրապարակի մոտ 12487 քմ
10. “Կարուսել իսթաբլիշմենթ” ընկերություն` նախկին “Սեւան” հյուրանոցի տարածք 4000 քմ    
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է գտնվում Երեւանը հավերժական շինհրապարակներից ազատելու հարցը: Այս առիթով նախ զրուցեցինք ցուցակում ներկայացված ընկերությունների մի մասի ներկայացուցիչների հետ:  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում փոխանցեց. “Դեռ քննարկումների, բանակցությունների մեջ ենք: Ինչ-որ կոնկրետ կետի չեն հասել տնօրենները, որպեսզի այս մասին հրապարակենք: Քննարկումներն ընթանում են գլխավոր ճարտարապետի եւ տնօրենների միջեւ: Իսկ շինաշխատանքները դեռ չեն էլ վերսկսվել”: 
Նրա խոսքով՝ շինաշխատանքների երկրորդ փուլը պետք է սկսվի Կասկադում տեղադրված 50-ամյակի հուշարձանի մոտ գտնվող տարածքում. “Այնտեղ մեծ փոս կա, որտեղ շինաշխատանքների երկրորդ փուլը պետք է սկսվեր: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի շարունակությունը պետք է լիներ, այսինքն` այնտեղ եւս թանգարան է լինելո”:
Մեր հարցին, թե տեղյակ է արդյոք՝ երբ են ավարտվելու քննարկումները, թանգարանի լրատվության պատասխանատուն նշեց. “Քաղաքում այնքան տգեղ փոսեր կան, որ փոսի մի հատ ավել կամ քիչ լինելով` Երեւանին գեղեցկություն կամ տգեղություն չի ավելանում: Սպասում ենք, շինաշխատանքների սկսվելուն պես շատ կուրախանանք”: 
“Վալենսիա” ՀՁ ՍՊԸ-ի ինչպես միշտ անտեղյակ աշխատակիցները ,Ժողովուրդե-ին փոխանցեցին. “Մենք ոչ մի տեսակի ինֆորմացիա չունենք: Ու չենք կարող ձեր հարցերին պատասխանել”: “Ավանգարդ մոթորս” ՍՊԸ-ի աշխատակիցները նույնպես որեւէ բանից տեղյակ չէին:
Դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին: Սակայն, ինչպես միշտ, երբ գալիս է գործն իրականացնելու ժամանակը, քաղաքապետարանը գերադասում է ,խոսքը կտուրը գցելե: Քաղաքապետարանից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այս առիթով ասուլիս է հրավիրելու:
Մեր կողմից արված փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեցինք, որ նշված կազմակերպությունների վերաբերյալ գլխավոր ճարտարապետի խոսքերն առ ոչինչ են:  ՀՀ պետռեգիստրում թեթեւ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերեցինք, որ “Բիլդ” ՍՊԸ-ն այս պահի դրությամբ գրանցված չէ այնտեղ: “Վալենսիա” ՀՁ ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցված է որպես “”Վալենսիա” ՀՁ “Կարմեն եւ Մոտոդոր” դուստր” ՍՊԸ, որի համահիմնադիրներն են “Վալենսիա” ՀՁ-ն եւ Աշխեն Մաթեւոսյանը: Ընդ որում, այդ ընկերության գործունեությունը դադարեցված է: Տեղեկացնենք, որ “Սասնա երկիր” ՍՊԸ-ի եւ “Վալենսիա” ՀՁ-ի հիմնադիրն է Խաչիկ Խաչատրյանը: Այսպիսով՝ Խ. Խաչատրյանին բաժին է ընկել 11750 քմ տարածք: Այսինքն` Երեւանի հավերժական շինհրապարակի մեծ մասի պատասխանատուն հենց նա է: 
Ամփոփելով` նշենք, որ այս հարցում բազմաթիվ հարցականներ կան, եւ գլխավոր ճարտարապետի ասուլիսը խիստ արդիական է, որպեսզի պարզենք, թե ինչու է Երեւանը շարունակում մնալ հավերժական շինհրապարակների եւ փոշու մեջ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս