Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչ Ռուբիկ Աբաջյանը` բողոքելով, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժինը թերի է անում իր աշխատանքը:
Ռ. Աբաջյանը բնակվում է Լենուղի համայնքի մի բազմաբնակարան շենքում: Նրա խնդիրը կապված է իր հարեւանի` հայր եւ որդի Վարդանյանների հետ:
«Բազմաբնակարան շենքում ենք ապրում, իսկ մեր հարեւանը փակել է անցումն ու իրենով արել: Անասուններին տան միջով ենք տանում բերում: Մենք մարդավայել ձեւով կանչեցինք նրանց ու ասացինք, որ էսպես չի լինի… իրենք էլ թե` տվե՛ք օրենքին, ձեր ճամփեն ա` օրենքո՛վ պահանջեք»,-ներկայացրեց քաղաքացին:
Այս ամենից հետո Աբաջյանը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանն էլ որոշել է վերացնել հայցվոր Ռ. Աբաջյանի՝ որպես սեփականատեր չհանդիսացող տիրապետողի իրավունքի խախտումը` պարտավորեցնելով պարտապաններին` Կամո եւ Համիկ Վարդանյաններին, քանդել Լենուղի գյուղի բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար հատկացված հողամասի վրա իրենց կողմից ինքնակամ կառուցված տնտեսական եւ բնակելի շինությունները` բնակելի կցակառույցը, պարիսպը եւ դարպասը: Դատարանի որոշումը բողոքարկվել է վերադաս ատյաններ եւ մնացել անփոփոխ: Վճռաբեկ դատարանի որոշմամբ դատական ակտի պահանջները պետք է կատարվեին պարտապանների հաշվին:
«Էս երեք տարի է՝ դատական վճիռը մեր ձեռքին է, բայց հարկադիրը չի կատարում: Ամեն անգամ մի պատճառաբանություն է գտնում: Հարկադիրը հինգ անգամ ժամկետ է տվել նրանց, բայց ոչ մի փոփոխություն, փոխարենը խելոք նստել է իր տեղը: Մի հարկադիր կատարող` Սաշիկ անունով, երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ ու խնդալով ասաց, թե չեմ քանդի: Ու մարդը մինչեւ հիմա չի քանդում»,-վրդովված նկատեց մեզ դիմած քաղաքացին:
Աբաջյանի փաստաբան Արայիկ Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դատական բոլոր ատյանները քննել են այս գործը եւ բավարարել Աբաջյանի պահանջը: Այս ամենից հետո ուղարկել ենք ԴԱՀԿ, բայց արի՛ ու տես, որ աշխատելու փոխարեն ԴԱՀԿ-ը մեյմունություն է անում: Այն պետական մարմին է պարտավոր է կատարել քաղաքացու պահանջները: Դրա հիման վրա հարուցված է քրգործ եւ հիմա գտնվում է դատաքննության փուլում»:
Այնուհետեւ հարկադիր կատարողի կողմից հայց է ներկայացվել դատարան` պարտապաններին դատական ակտը չկատարելու համար տուգանելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու մասին: ՀՀ վարչական դատարանը վճարման կարգադրություն է արձակել եւ պարտապաններին տուգանել 100 հազար դրամով: Դրանից հետո հարկադիր կատարողի կողմից անհիմն կերպով հարուցված թվով 4 կատարողական վարույթները ավարտվել են:
Աբաջյանն այս հարցով դիմել է Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն ոչ մի պատասխան: Տեսնելով, որ ոչ մի պետական կառույց իրեն չի օգնում, դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: ՄԻՊ իրավապաշտպան Տաթեւիկ Թոխյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Պաշտպանի միջամտության արդյունքում վերադասության կարգով հարկադիր կատարողի տվյալ որոշումները ճանաչվել են անհիմն եւ վերացվել են: Այնուհետեւ կատարողական գործողությունները վերսկսվել են, կազմվել է նախահաշիվ, համաձայն որի՝ վերոնշյալ կառույցների քանդման աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլն 451 հազ. 182 դրամ»:
Նա մեզ պարզաբանեց, որ պարտապաններին տրվել է 20-օրյա ժամկետ դատական ակտի պահանջները կատարելու համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս չեն կատարել որոշման պահանջները, միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի դատախազություն` պարտապանների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով` դատական ակտ չկատարելը:
«Իրենք այդ բոլոր գործողությունները պետք է կատարեն պարտապանի հաշվին, բայց, փաստորեն, իրենք պահանջատիրոջից են պահանջել, թե դու գումարը տո՛ւր, անենք: Հետո դիմեցինք ՀՀ ԱՆ-ին, որտեղից պատասխանեցին, թե այդ հարցն ուսումնասիրվում է: Այդ ուսումնասիրությունները ձգվեցին ամիսներ: Հիմա էլ ասում են, որ տուգանել են 100 հազար դրամով: Կասկածեցինք, որովհետեւ դիմումատուներն ասում են, որ եթե պարտապանի գրպանին կպնեին, ապա ինքնակամ կառույցն անպայման կքանդեին: Այստեղ երկու զանցակազմ կա` վարչական իրավախախտումներով, այդ պատճառով փորձում ենք այս հարցն էլ բարձրացնել, թե ինչու 200 հազար դրամ վարչական տուգանք չի կիրառվել պարտապանի նկատմամբ»,-բացատրեց Տ. Թոխյանը:
«ԴԱՀԿ-Ը ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ