ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂԻ ՄԵՋ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզական մեկնաբան ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԸ կարծում է, որ սպորտային հաղորդումն անչափ կարեւոր է յուրաքանչյուր հեռուստաընկերության համար:
-Սպորտը մեր կյանքի բաղկացուցիչ մասերից է, առանց դրա չկա հասարակություն: Վերջիվերջո, սպորտի միջոցով հարցեր են լուծվում, ազգը հայտնի է դառնում, հաղթանակներն իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդկանց վրա: Հիշենք մեր վերջին հաղթանակները, ինչպես էր ազգը տոնում ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները, Նազիկ Ավդալյանի, Տիգրան Մարտիրոսյանի, մեր շախմատիստների հաղթանակները: Ավելի վառ հաղթանակներ չենք էլ ունեցել, ինչպե՞ս կարող է հեռուստաընկերությունն առանց սպորտի յոլա գնալ:
-Ինքներդ զբաղվո՞ւմ եք սպորտով:
-Միշտ եմ զբաղվել, հիմա էլ շարունակում եմ, բոլորին էլ խորհուրդ եմ տալիս: Զբաղվել եմ տեկվանդոյով, ազատ ըմբշամարտով, վոլեյբոլով, լողով: Հիմա էլ անընդհատ շարժման մեջ եմ, եթե չշարժվես, կփայտանաս ու կճահճանաս: Առողջ մարմնում առողջ հոգի: Հիվանդ մարդը ոչ մի բանի ընդունակ չէ:
-Ո՞ր սպորտաձեւերն եք նախընտրում մեկնաբանել:
-Մենապայքարային` ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, ձիասպորտ, վոլեյբոլ, բասկետբոլ:
-Լսել եմ, որ դրսում ապրող մարզիկներից շատերը, երբ ցանկանում են, որ իրենց մարտը մեկնաբանվի կամ լուսաբանվի Հայաստանում, հենց Հայաստանից  հրավիրում են մեր մեկնաբաններին: Ձե՞զ էլ են նման հրավերներ անում:
-Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր մարզիկների հաջողությունները ստվերում չմնան, բայց կոնկրետ ինձ հատուկ հրավերներ չեն անում: Դրսից շատ բաներ եմ մեկնաբանել, բայց ոչ թե մարզիկների հրավերով, այլ Օլիմպիական կոմիտեի կամ մարզաձեւերի ֆեդերացիաների, հեռուստատեսության եւ նմանատիպ օղակների հետ բանակցելուց հետո: Իմիջիայլոց, Հայաստանում ամենից շատ Օլիմպիական խաղեր ես եմ մեկնաբանել:
-Սպորտային մեկնաբանի քանի՞ տարվա ստաժ ունեք:
-17:
-Այս տարիների ընթացքում ցանկություն չի՞ առաջացել փոխել մասնագիտությունը:
-Անկեղծ եմ ասում, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սպորտն ինձ համար միշտ էլ կարեւոր ասպարեզ է եղել: Ես ապրում եմ այդ հաջողություններով, հաղթանակներով: Բոլոր մարզիկներին էլ անձամբ գիտեմ, նրանց բնավորության գծերը, սիրած ուտելիքները, քաշ գցելու միջոցները… Երբեք ստիպված չեմ կատարել այս աշխատանքը, որ ցանկություն ունենամ փոխել: Թեպետ շատ գործարար ընկերներ ունեմ, որոնք մի անգամ չէ, որ առաջարկել են թողնել, գնալ, մեծ փողեր աշխատել: Բայց ես այն մարդկանց թվին եմ դասվում, որոնք կարծում են, որ երջանկությունը փողի մեջ չէ:
-Ասում են՝ սպորտային հաղթանակներ ունենալու համար պետք է շատ գումար ներդնես:
-Բա առանց փողի ո՞նց կլինի հաղթանակ, բացառություններ երբեմն լինում են, բայց դա միայն մի տոկոսն է կազմում: Մնացածն իրենց հաջողություններին հասնում են ամենօրյա քրտնաջան մարզումների միջոցով, դրա համար էլ անհրաժեշտ են պայմաններ, միջոցներ, մարզիչ, գույք, վիտամիններ ու շատ այլ բաներ: Գումարը սպորտում շատ անհրաժեշտ է: Ադրբեջանը հենց էնպես չէ միլիարդներ ծախսում սպորտի վրա, ու նկատում ենք, որ որոշակի հաջողություններ ունենում են: Ես կարող եմ նույնիսկ փոքրիկ գաղտնիքներ ասել իրենց խոհանոցից, որ չի հրապարակվում: Ցանկացած առաջնության ժամանակ, երբ ադրբեջանցի մարզիկը հանդիպում է հայ մարզիկին ու հաղթում, միանգամից 3000 դոլարից սկսած պարգեւավճար է ստանում: Էլ չեմ ասում, թե ինչպես են մրցավարների, ֆեդերացիաների ու նույնիսկ վիճակահանությունների հետ հարցեր լուծում:
-Կմտաբերե՞ք՝ վերջին տարիների ընթացքում ամենահիշարժան ու դիտարժան պահերը որոնք են եղել, երբ մեկնաբանության ընթացքում  չեք կարողացել Ձեր էմոցիաները թաքցնել:
-Ամենից շատ Նազիկ Ավդալյանի ու Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակներից եմ տպավորված, երբ նրանք դարձան աշխարհի չեմպիոն: Հիշարժան են այն բոլոր պահերը, երբ մերոնք չեմպիոն են դարձել:
-Հնարավո՞ր է, միայն սպորտային մեկնաբան լինելով, տուն պահել: Գիտեմ, որ վարձատրությունն այնքան էլ բարձր չէ:
-Փառք Աստծո, ես շատ լավ մանկության ընկերներ ունեմ, եւ իմ ընկերները գտնում են, որ իմ առաքելությունը մարզական մեկնաբան լինելն է, իրենց առաքելությունն էլ գումար աշխատելն  ու երբեմն էլ իրենց ընկերոջ հարցերը հոգալն է` նվերների տեսքով: Նրանք էնպես են անում, որ ես ինձ չզգամ լքված, միայնակ, առանց փողի: Այսօր ես փողի խնդիր չունեմ:
-Լսել էի, որ Ձեր մեքենան Ձեր ընկերներն են նվիրել:
-Ոչ միայն մեքենաս:
-Է՞լ ինչը:
-Բնակարանիս գումարի մեծ մասը: Ա՛յ, իսկական ընկերներն էդպիսին են լինում: Բայց, իհարկե, ամեն ինչ փոխադարձ է, ես էլ նրանց կողքին եմ օրվա ու գիշերվա ցանկացած պահի:
-Իսկ ընկերները չե՞ն առաջարկում համատեղ բիզնես սկսել:
-Դե սկսել ենք, էդպիսի բան էլ ենք անելու: Նրանք արդեն հիմնել են այդ բիզնեսը, շուտով կսկսենք այն աշխատեցնել իմ ղեկավարությամբ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս