ԴՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում, պատասխանելով աբխազական երկաթուղու վերաբացման հարցին ասել է, թե երկաթուղու վերաբացումը շատ կարեւոր է Հայաստանի համար. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար, որի սահմանի մեծ մասը  շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ցանկացած նոր տրանսպորտային տարանցիկ միջանցք լրացուցիչ պայմաններ է ստեղծում արտադրության, առեւտրի, զբոսաշրջության զարգացման եւ ընդլայնման համար: Այդ պատճառով էլ այդ հարցում ոչ մի կասկած չի կարող լինել»: Իրոք, այդ հարցում ոչ մի կասկած լինել չի կարող, հետեւաբար  Վրաստանի նորանշանակ կառավարության  վերաինտեգրացիայի հարցերով  պետնախարար Պաատա Զաքարեաշվիլու մոտ մեկ ամիս առաջ արած հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները պարտավոր էին  ձեռնամուխ լինել երկաթուղու վերաբացման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրմանը: Մինչդեռ մինչ օրս հայրենի իշխանությունները մատը մատին չեն խփել, եւ դա նույնիսկ վարչապետը չի թաքցնում: Նույն գործակալության հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը միջնորդական կամ լոբբիստական մասնակցություն ունենալ տվյալ հարցում, Տիգրան Սարգսյանն ասել է. «Այսօրվա դրությամբ մեր օրակարգում միջնորդական կամ լոբբիստական միջոցառումներ չկան»:  Դե իհարկե, մեր իշխանությունների օրակարգում այսօր շատ ավելի կարեւոր հարցեր են` նախընտրական ինտրիգներն ու ՀՀԿ-ԲՀԿ «բազառը»: Իսկ այնպիսի  մանր-մունր հարցեր, ինչպես աբխազական երկաթուղու վերագործարկումն է, կսպասեն, մինչեւ լուծվեն  այդ  կարեւոր հարցերը: Ի վերջո, ի՞նչ իմանաս, թե մի քանի ամսից ինչ կգա ներկայիս իշխանության գլխին, ուրեմն ինչո՞ւ «զուր ջանքեր» գործադրել հաջորդ հնարավոր իշխանության գործը հեշտացնելու ուղղությամբ:  Իսկ մինչ մեր իշխանությունների  օրակարգը խիստ ծանրաբեռնված է ներիշխանական «ռազբորկաներով», հարեւան երկիրը ջանք ու եռանդ չի խնայում վիժեցնելու համար Հայաստանի ապաշրջափակման հարցում այս կարեւորագույն ծրագրի իրականացումը: Ադրբեջանի կառավարության անդամներն ու Վրաստանի վառելիքի շուկան տնօրինող Ադրբեջանի նավթային  ընկերության` Socar-ի ղեկավարն արդեն հասցրել է մի քանի անգամ հանդիպել Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ` հենց այս խնդիրը քննարկելու նպատակով: Դե իսկ մեր կառավարության ղեկավարն այս հարցի հետ կապված առաջարկում է «նստել թախտին, սպասել բախտին». «Ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները: Այստեղ պետք է աշխատել մի՛ վնասիր սկզբունքով»: Ահա այսպիսի «խիստ  նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն:




Լրահոս