Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Մոտենում է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին այս տարիների ընթացքում տված խոստումներն ի կատար ածելու ժամանակը: Ու հիմա Ս. Սարգսյանը խճճվել է այս իրավիճակում՝ այլեւս չկարողանալով նախկինի նման մանեւրել արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:
Այս գործընթացներն առաջին հայացքից միանգամից չեն երեւում, ավելին, իշխանությունները փորձում են ցույց տալ, թե խորհրդարանում ունենալով կոճակային մեծամասնություն՝ իրենց դեմ «խաղ չկա», երբ ցանկանան, կարող են մատի մի շարժումով վավերացնել ցանկացած օրենք կամ բոյկոտելով տապալել ցանկացած նախաձեռնություն: Միայն թե նրանց «ամենազորությունն» ընդամենը թվացյալ է: Իրականում ռեժիմը կանգնած է բարդ եւ իրենց համար անլուծելի խնդիրների առաջ: Ս. Սարգսյանին կարծես թե չի օգնում ո՛չ արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը:
Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը եղել է Մոսկվայում: Ճիշտ է, այդ այցի վերաբերյալ չեղավ որեւէ պաշտոնական տեղեկատվություն: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ ՌԴ մայրաքաղաք այցի նպատակը եղել է ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր ճշտելը: Սակայն Ս. Սարգսյանը Մոսկվայից վերադարձել է ձեռնունայն, իսկ Պուտինի հետ հանդիպումը չի կայացել: Ս. Սարգսյանին ընդամենը փոխանցվել է, որ ռուսական կողմն իր խոսքն ասել է դեռ օգոստոսին, չունի ավելացնելու որեւէ բան ու սպասում է որոշումների կատարմանը: Թե ինչ որոշումների մասին է խոսքը, կարելի է ընդամենը կռահել, օրինակ՝ համաձայնություն տալ ԵվրԱզԷս-ին, միասնական մաքսային համակարգին անդամակցելուն, պայմանավորվածություններ ԼՂ խնդրում եւ այլն: Իզուր չէ, որ այդ ընթացքում էլ ԵՄ-ի ու ԵՄ անդամ տարբեր երկրների ներկայացուցիչներ պարբերաբար խոսել են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության մասին՝ բաց տեքստով ասելով, որ Եվրազեսը դեռ գոյություն չունեցող կառույց է, մինչդեռ ԵՄ-ն արդեն 60 տարեկան է դառնում՝ իր ավանդույթներով:
Ինչեւէ, ռուսական կողմի հետ առկա խնդիրների մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ պարբերաբար հետաձգվում է նաեւ Պուտինի այցը Հայաստան. նրան սպասում էին սեպտեմբերին, հետո՝ հոկտեմբեր-նոյեմբերին, հիմա՝ դեկտեմբերին ու այսպես շարունակ: Իսկ այսօր քաղաքական խնդիրներին գումարվում են նաեւ տնտեսական հարցերը:
Վարչապետի «աչքալուսանքը». Գազը թանկանալու է
ՌԴ-ի հետ քաղաքական խնդիրներին զուգահեռ, խնդիրներ են սկսվել նաեւ տնտեսական համակարգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ակնարկել է առաջիկայում ՀՀ մատակարարվող գազի սակագնի թանկացման մասին: «Բնական է, որ դրանք չեն կարող հավերժ ֆիքսվել։ Համաշխարհային իրադրությունը փոխվում է, գները բարձրանում կամ իջնում են եւ, իհարկե, բանակցող կողմերը պետք է համաձայնության գան գնագոյացման մեթոդիկայի շուրջ։ Հետագայում արդեն փոփոխություններն ավելի հեշտ կընկալվեն»,-ասել է նա: Հասկանալի է՝ գազի սակագինը կբարձրանա ՀՀ սահմանի մոտ, ինչպես արդեն եղել է այս ամիսների ընթացքում. այժմ ՀՀ սահմանին գազի հազար խմ-ն 180 դոլարի փոխարեն վաճառվում է 240 դոլարով: Ժամանակավորապես իշխանություններն այս ընթացքում կանեն ամեն ինչ, որպեսզի մինչեւ նախագահական ընտրություններ հասարակությունն իր մաշկի վրա չզգա գազի սակագնի բարձրացումը՝ այդպես սոցիալական ընդվզումն ու ժողովրդի դժգոհությունը կանխելու նպատակով: Եւ միայն ընտրություններն իրենց ցանկալի սցենարով առաջ մղելու դեպքում, երբ ամրապնդեն իրենց իշխանությունը, «կհասցվի հարվածը». ընտրություններից հետո տեղի կունենա հերթական թանկացումը:
Այս համատեքստում, շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկայում մի քանի ուշագրավ այցելություն է սպասվում. առաջիկա օրերին Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (ի դեպ, հիշեցնենք, որ Թուրքմենստանից եւս գազ է մատակարարվում ՀՀ, որը ՀՀ-ն կրկին գնում է ռուսական կողմից): Այնուհետեւ՝ հավանաբար դեկտեմբերի առաջին կեսերին, սպասվում է ռուսական մեծ պատվիրակության այց: Այս պատվիրակությունն էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկի «Հայռուսգազարդ» ընկերության կապիտալն ամբողջովին՝ 100 տոկոսով ՌԴ-ին փոխանցելու հարցը: Ասել է թե՝ ՀՀ-ն գազի գինը կփորձի ընտրություններից առաջ ժամանակավորապես մեղմել՝ դրա դիմաց վճարելով «Հայռուսգազարդ»-ի իր մասնաբաժինը ռուսներին վաճառելով:
Բացի այդ, ռուսական պատվիրակությունը քննարկելու է նաեւ «Նաիրիտ» ընկերության խնդիրը՝ այն ամբողջովին «Իտեռա»-ին փոխանցելու հարցը: Ի դեպ, այդ նպատակով այս օրերին ՀՀ-ում է «Իտեռա»-ի ներկայացուցիչ Գագիկ Մարտիրոսյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկում է այդ հարցը (հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի գործարքի կնքահայրն էլ Տ. Սարգսյանն է): Պատահական չէ նաեւ այն, որ հենց այս ընթացքում են «Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքում 11 ամիս աշխատավարձ չստանալու համար. երեկ նրանք բողոքի ցույց են արել Ս. Սարգսյանի նստավայրի դիմաց: Առայժմ խոստացել են վճարել երեք ամսվա աշխատավարձը: