ԴԱՀԿ-Ը ՃՆՇԵ՞Լ Է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 22-ի համարում հրապարակել էինք հոդված այն մասին, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժինը թերի է կատարում իր աշխատանքը:
Մեզ դիմած քաղաքացին` Ռուբիկ Աբաջյանը, որը բնակվում է Լենուղի համայնքի մի բազմաբնակարան շենքում, պատմել էր, որ իր հարեւանը փակել է անցումն ու այն իրենով արել: Ու թեեւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր (իսկ մյուս ատյանները վճիռը նույնն են թողել) պարտավորեցնել պարտապաններին` Կամո եւ Համիկ Վարդանյաններին, որպեսզի քանդեն Լենուղի գյուղի բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար հատկացված հողամասի վրա իրենց կողմից ինքնակամ կառուցված տնտեսական եւ բնակելի շինությունները` բնակելի կցակառույցը, պարիսպը եւ դարպասը, այնուամենայնիվ, ԴԱՀԿ ծառայությունը չի կատարում վճռի պահանջը:
Այս առիթով զրուցել էինք Աբաջյանի փաստաբան Արայիկ Ղազարյանի հետ, որն ասել էր, որ «ԴԱՀԿ-ը մեյմունություն է անում»: Ավելին, մեր ճշտող հարցմանը, թե «մեյմունություն» Արմավիրի մարզի ԴԱՀԿ-ի մասնաճյո՞ւղն է անում, նա պատասխանել էր. «Այո՛»:
Այս հրապարակումից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 26-ին, «Ժողովուրդ»-ը ստացել է «Տեղեկատվության հերքման եւ պատասխանի հրապարակման պահանջ» վերնագրով անհասկանալի մի փաստաթուղթ, որտեղ իրավաբանական կրթություն ստացած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ղեկավարած ծառայության մամուլի քարտուղարը պահանջում է՝  ինչ-որ բան հրապարակենք: Բայց այդպես էլ ամբողջ տեքստից հասկանալի չէ՝ նրանք հերքում են պահանջում, թե պատասխան (դրանք տարբեր բաներ են): Եւ կարծում ենք, որ մամուլի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պետք է տարբերակի հերքումը պատասխանից եւ ներկայացնի պատշաճ ձեւակերպված փաստաթուղթ:
ԴԱՀԿ ծառայությունն իր պաշտոնական նամակով մեզ տեղեկացրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ուղարկվել մի գրություն, որով փաստաբան Արայիկ Ղազարյանը մեզ տեղեկացրել է, թե իբր ինքը չի ասել, որ «ԴԱՀԿ-ը մեյմունություն է անում»: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը փաստաբանի կողմից որեւէ փաստաթուղթ մինչ օրս չի ստացել: Հետեւաբար, մենք տեղյակ չէինք, որ մեզանից պահանջել են ուղղում եւ համապատասխան հրապարակում: Իսկ թե որտեղից է ԴԱՀԿ ծառայությունը վերցրել, որ փաստաբանը «Ժողովուրդ»-ին գրություն է ուղարկել, դժվար չէ ենթադրել: Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ բարձրաստիճան չինովնիկները հաճախ մարդկանց իրավունքները ոտնահարելու գնով կարողանում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքների: Ու քանի որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին մշտապես ուղեկցել են ծեծուջարդերի ամոթալի պատմությունները, ուստի կարելի է կռահել, թե ինչու է փաստաբանը «Ժողովուրդ»-ին ուղղված գրությունն ուղարկել Միհրան Պողոսյանին:
Տեղեկացնենք, որ ԴԱՀԿ ծառայությունն իր «հերքման ու պատասխանի» տեքստի հետ կցել է փաստաբան Արայիկ Ղազարյանի ներկայացրած անվերնագիր գրության պատճենը, որով փաստաբանը «Ժողովուրդ» օրաթերթից իբր պահանջում է ուղղում կատարել:
Մենք այս փաստաթուղթը ստանալուց հետո զրուցեցինք նաեւ փաստաբան Արայիկ Ղազարյանի հետ, եւ նա մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ընդհանրապես չի էլ կարդացել մեր հրապարակումը եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Միայն ասաց, թե ինքը սխալվել է` ասելով, որ «ԴԱՀԿ-ը մեյմունություն է անում», քանի որ նկատի չի ունեցել ԴԱՀԿ ծառայությանը, այլ ցանկացել է պարտապաններին ուղղել իր խոսքը:
Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը` «Ժողովուրդ» օրաթերթը հրաժարվում է կատարել ԴԱՀԿ-ի ներկայացրած անհասկանալի պահանջը: Այն ենթակա է մերժման, որովհետեւ «վիրավորական, բացասական եւ անհարգալից վերաբերմունքը», որը հրապարակման միջոցով ուղղվել է ( ՞ ) ԴԱՀԿ ծառայությանը, հեղինակել է ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը, այլ փաստաբան Արայիկ Ղազարյանը, որի հետ խոսակցության ձայնագրությունն ամբողջությամբ պահվում է խմբագրությունում: Եւ անհրաժեշտության դեպքում այն կներկայացվի դատական մարմիններին, որտեղ «Ժողովուրդ»-ը կարող է հանդես գալ առավելագույնը երրորդ կողմի կարգավիճակով: Այնպես որ, մենք ուրիշի սխալների համար պատասխան չենք տալիս, առավել եւս պատասխանատու չենք այն մարդկանց արարքների համար, որոնք ընդունակ են հրաժարվել սեփական խոսքից:
«Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, կշարունակի հրապարակել բոլորի կարծիքը բոլորի եւ ամեն ինչի մասին: Իսկ եթե Միհրան Պողոսյանի նման տխրահռչակ չինովնիկը կարող է այնքան հանդգնություն ունենալ ու վախեցնել այս կամ այն քաղաքացուն, որպեսզի հրաժարվի իր խոսքերից, ապա դա արդեն ՀՀ գլխավոր դատախազության գործառույթն է: Այնպես որ, մենք կշարունակենք աշխատել նույն ոգով՝ պահպանելով լրագրողական էթիկայի բոլոր նորմերն ու «Մամուլի մասին» ՀՀ օրենքը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս