Երեկ Արամ Սիմոնյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նշենք, որ ընտրությունը տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Արամ Սիմոնյանի օգտին են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամները:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել էր միայն Արամ Սիմոնյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է դեռեւս 2006 թվականի մայիսից եւ նրա ընդդիմախոսների գնահատմամբ` պարզապես մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
-Պարո՛ն Բլեյան, Արամ Սիմոնյանը վերընտրվեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում…
-Ես խորհրդի անդա՞մ եմ (ծիծաղում է):
-Իսկ եթե լինեիք, ապա ինչպե՞ս կվարվեիք:
-Յարոսլավ Հաշեկի հերոս, քաջարի զինվոր Շվեյկը մի առիթով պատասխանում է՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կանվանեի (ծիծաղում է): Ես ինձ շատ լավ եմ զգում, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Ուզում եմ ասել, որ իրականում ընտրության կարգը եւ համալսարանի կառավարման խորհրդի կազմը, կառուցվածքը դա արդեն կանխորոշում է: Ցավոք, մեր երկրի պետական կազմակերպություններում, անգամ հիմնադրամներում, այդ գործընթացը կանխորոշվում է, ընտրությունը դառնում է նշանակում: Այսօր գործող իշխանությունն է Արամ Սիմոնյանին նշանակել ռեկտոր: Նշանակում է, ի՞նչ կարող ես անել:
-Շատերը համոզված են, որ Արամ Սիմոնյանը մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:
-Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության վիճակի մասին լուրջ վերապահումներ ունեմ: Դա ընդհանուր արատ է: Եթե միայն ԵՊՀ-ն այդպես լիներ: Բուհերի, հատկապես Բոլոնիայի հռչակագրի որոշմամբ, ակադեմիական ինքնավարությունը պահանջում է, որ համալսարաններն ազատ տարածքներ լինեն՝ զերծ վարչական, տնտեսական, ֆինանսական միջամտությունից: Շատ կուզեի, որ այդպիսի Հայաստանում ապրեի, որտեղ ազատ համալսարանները թելադրեին, որոշեին, լքված հասարակության որպիսության համար պատասխանատու լինեին, բայց այդպես չէ: Դա միայն այսօրվա համալսարանների խնդիրը չէ, որովհետեւ բարձրագույն մասնագիտական կրթության հետ կապված հարցեր քննել առանց հասարակական, տնտեսական կյանքի, հնարավոր չէ: Այսօր Հայաստանին փոփոխություններ են պետք, այդ թվում նաեւ՝ կրթության ոլորտում:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին, բացի Սիմոնյանից, այլ թեկնածու չմասնակցեց:
-Այսօր մենք չունենք ազատ համալսարան՝ իր ազատ պրոֆեսուրայով, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, ազատ ինքնառաջադրվել, ունենալ աջակցություն իր պրոֆեսոր գործընկերների կողմից: Եվ երբ այդ ամեն ինչը բերված է վարչական կտրուկ, կոնկրետ, ուղղակի միջամտությամբ ընտրության, դա արդեն սովետն է:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ