Երեկ խորհրդարանը շարունակեց Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Առաջին ընթերցմամբ քննարկվեցին մի քանի օրենքների նախագծեր, որոնց քվեարկությունը կկայանա այսօր:
Նախ` արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը: Նա նշեց, թե վեճը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը: Միաժամանակ փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռեւս առկա է թե՛ որակյալ արբիտր մասնագետների եւ թե՛ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման փորձի պակաս: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն գործում են 2 արբիտրաժային դատարաններ՝ Առեւտրաարդյունաբերական պալատին եւ Բանկերի միությանը կից:
Այս նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նախ դրական գնահատեց, որ փաթեթը միտված է դատական համակարգի գերբեռնվածությունը թեթեւացնելուն, սակայն միեւնույն ժամանակ նշեց, որ հայ հանրությունը տեռորի տակ է, քանի որ համակարգում լրջագույն խնդիրներ կան:
Հարցի քննարկումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի դրույթները: Ըստ նրա՝ այդ նախագիծը վերաբաշխում է լիազորությունները ոլորտը կարգավորղ մարմինների միջեւ: Նախարարի ներկայացմամբ` այս կերպ արդիականացվում են նաեւ առեւտրային օդային հաղորդագրությունների բնագավառը, մասնակիցներին թույլտվությունների տրամադրման կարգը եւ միջազգային նորմերին համապատասխանությունը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարձրացրին ավիատոմսերի ոչ մատչելի լինելու հարցը: Նրանք նշեցին, թե ՀՀ քաղաքացիները հաճախ գերադասում են թռչել Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերի գներն առավել մատչելի են: Կ. Ճշմարիտյանն էլ հակադարձեց, թե Թբիլիսիում անորակ ծառայություններ են մատուցում, եւ հայտարարեց, թե Հայաստանում սակագները 2015թ. ապրիլին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, նվազել են 15%-ով: Նախարարը չհամաձայնեց նաեւ Նաիրա Զոհրաբյանի այն պնդման հետ, թե «բաց երկնքի» քաղաքականությունն անարդյունավետ է: Ճշմարիտյանը հայտնեց, որ Գյումրիի օդանավակայանի հետ կապված բանակցություններ են ընթանում, որոնք մինչեւ տարվա վերջ կավարտվեն:
Անդրադառնալով ազգային ավիափոխադրող ունենալու հարցին` Կ. ճշմարիտյանը հավաստիացրեց, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնող ընկերության: Նա անդրադարձավ նաեւ «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը, որը դադարեցրել է Հայաստանում իր գործունեությունը: Ճշմարիտյանի տեղեկացմամբ` ընկերության ներկայացուցիչները հունիսի 22-ին կժամանեն Երեւան՝ բանակցելու չվերթները վերականգնելու հարցի շուրջ: Նա շեշտեց, որ ընկերությունը դեպի ՀՀ թռիչքները դադարեցրել է սեփականատիրոջ փոփոխության պատճառով: Նախարարի խոսքով՝ Պրահա կատարած վերջին այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը սեփականատիրոջ հետ հանդիպում է ունեցել, հայկական կողմն ունի շատ լուրջ փաստարկներ, որոնք շահավետ կդարձնեն չվերթները:
Այնուհետեւ խորհրդարանում քննարկվեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Այս նախագծի ընդունման դեպքում նոր հարկատեսակներ կսահմանվեն ոսկու շուկայի առեւտրականների համար: Նախարարը հայտարարեց, որ մինչ նախագծի մշակումը վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է ոսկու շուկայում եւ հարցրել մարդկանց տեսակետը: Ըստ Ճշմարիտյանի` իրենք ուսումնասիրությունների արդյունքում են եկել այն եզրակացության, որ արտոնագրային վճարը ճիշտ տարբերակ է: Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ ոսկու շուկայի աշխատակցիները ամսական 35 հազար դրամ արտոնագրային վճար պետք է վճարեն. «Ամսական 35 հազար դրամ վճարելով՝ կստացվի, որ ոսկու շուկաների աշխատակիցները տարեկան 420 հազար դրամ հարկ են վճարում, ինչը մեծ թիվ չէ», – հայտնեց նա: Պատգամավորների այն դիտարկմանը, որ ոսկու շուկաների աշխատակիցներն արդեն սկսել են բողոքել այս օրինագծի դեմ, էկոնոմիկայի նախարարը հակադարձեց. «Կարող է՝ երեք հազար դրամ դնեինք հարկը, էլի բողոքողներ լինեին»:
Պատգամավորները նաեւ քննարկեցին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով Հայաստանում շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները: «Մինչեւ 2017 թվականը ներկայումս մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղ, ստեղծվի բազա, չգիտենք՝ դրա անունը ինչ կլինի, որից հետո կհրաժարվենք գրքույկներից»,- նշեց Հակոբ Հակոբյանը: Իսկ մինչեւ 2017 թվականը աշխատողներն իրենց աշխատանքային գրքույկներով պետք է գնան եւ հաշվառվեն համապատասխան բազայում, որը դեռեւս չի ձեւավորվել:
Բոլոր քննարկված նախագծերի քվեարկությունները կկայանան այսօր:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՐԳ ՉԻ ԵՂԵԼ, ՄՐԳՕՂԻ ՈՐՏԵՂԻ՞Ց
Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներում վաճառում են տնայնագործական եղանակով պատրաստված օղի: Վաճառողներն ասում են, որ այդ օղին իրենք կամ իրենց ծանոթներն են պատրաստել՝ սեփական այգիներից ստացված բերքից: Երբ գնորդները հարցնում են, թե ի՞նչ մրգերից է պատրաստված օղին, վաճառողները հավաստիացնում են, թե այն տարբեր մրգերից է թորվել: Եթե ասեին՝ խնձորի կամ տանձի օղի է, ապա խմիչքից պետք է այդ մրգերի հոտը բուրեր: Նշենք, որ տնայնագործական այդ օղին թնդությամբ ավելի բարձր է խանութներում վաճառվող գործարանային արտադրանքի օղիներից: Նաեւ ավելի էժան է. տնայնագործական եղանակով պատրաստված օղու լիտրը վաճառվում է 1500 դրամով: Այդ պատճառով էլ գնորդներից շատերը չեն հավատում, որ իրենց գնածը մրգի օղի է: Անցյալ տարի Տավուշի մարզում, այդ թվում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, մրգերի բերքը սակավ է եղել: Եղածից թորված օղին էլ գյուղացիներն առաջին հերթին իրենց կարիքների համար են օգտագործում, ոչ թե վաճառքի հանում: Մրգի սակավության դեպքում մրգօղու գինը պետք է բարձրանար, ինչը չի եղել: Իրազեկ անձանց վկայությամբ՝ տնական մրգօղու անվան տակ վաճառվում է սպիրտ, որին ջուր է ավելացվում: Ճարպիկ վաճառողները սպիրտից պատրաստված օղու մեջ տարբեր մրգերի կորիզներ են գցում, որպեսզի մրգի համուհոտ լինի: Մեր տեղեկություններով՝ հումք սպիրտը վաճառվում է Իջեւան քաղաքում: Տավուշում տնայնագործական օղի վաճառում են ամենուր՝ տներում, խանութներում, շուկաներում եւ այլն: Դրանց ծագումը, բաղադրությունը, վնասակար նյութերի առկայությունը չի ստուգվում, եւ այդպիսով վտանգվում է հազարավոր մարդկանց առողջությունը:
ՄԵԿ ԽՈՂՈՎԱԿԻ ՀԱՄԱՐ
Իջեւանի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 29-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի Թավրիզյան 57 հասցեում գտնվող տան պահեստարան, այնտեղից հափշտակել է մեկ հատ պոլիէթիլենային խողովակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով սպառնում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հունիսի 16-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Այսպիսով՝ ընդամենը մեկ խողովակի համար Բերդի բնակիչ Հարությունյանը կարող է հայտնվել բերդում՝ այս դեպքում խոսքը քրեակատարողական հիմնարկի մասին է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՆՉՈՒ ԷՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԳՆԱՑԵԼ ՔԿՀ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը հունիսի 15-ին գնացել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ համայնքի ղեկավարը մտել է տեսակցության սրահ եւ բավականին երկար ժամանակ մնացել այնտեղ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կամո Ղալթախչյանը հաստատեց, որ գնացել է քկհ. «Որդիս եւ ընկերներն են այնտեղ, անմեղ տեղը հիմարների պատճառով հայտնվել են կալանավայրում»:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 17-ին Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին եւ երկու այլ անձ առեւանգել էին համայնքի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին: Նրանք Մեխակին տեղափոխել էին Տավուշի մարզում գտնվող Ջողազ կոչվող վայր, ծեծի ենթարկել եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Տաթեւ Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք էր առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԾԵԾ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 16-րդ շենքի 2 մուտքի 4-րդ հարկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` շենքի բնակիչներ Ռիման, Ժաննան եւ եւս մի քանի հարեւաններ ծեծել են միմյանց: Շենքի մյուս մուտքի հարեւանները փորձել են հանդարտեցնել հարեւաններին, սակայն չկարողանալով արդյունքի հասնել՝ ահազանգել են ոստիկանություն: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին հարեւանները՝ ծեծի մասնակից կանայք եղել են մոտ 74 տարեկան, իսկ թե ինչն է եղել կռվի պատճառը, նշեցին, թե չեն ցանկանում խառնվել վեճին: Ասել է թե՝ հարեւանները վախեցան կամ իսկապես չցանկացան բարձրաձայնել տարեց հարեւանների վեճի բուն պատճառը:
ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ ԾԵԾԵԼ Է
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ աղջիկ գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել Մասիսի կենտրոնական հիվանդանոց: Երբ բժիշկները հետաքրքրվել են, թե ով է հարվածել աղջկա գլխին, վերջինս հայտարարել է, որ իր նախկին ամուսինը` Անդրանիկն է բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել իր գլխին: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցի բժիշկները կատարվածի մասին տեղյակ են պահել իրավապահներին եւ աղջկան շտապ օգնություն են ցուցաբերել: