ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԵՂԲՈՐ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց պատմության բուհական դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին մեծ աղմուկ հանած հատվածի հեղինակը, ինչպես հայտնի է, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է: Իսկ նրա եղբայրն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, որը ժամանակին անդամակցում էր ԱԺ-ում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին: Արծվիկ Մինասյանն այսօր ասում է, որ դասագիրքը միշտ էլ վերանայման հնարավորություն ունի, եւ ժամանակին խորհրդային դասագրքերում տեղ գտած շատ բաներ սկզբում այլ կերպ էին ներկայացված, վերանայումից հետո՝ բոլորովին այլ կերպ: Այս թեմայով էլ զրուցեցինք ՀՅԴ-ական պատգամավորի հետ:
-Ես կարծում եմ, որ գրվածին օբյեկտիվորեն նայելու դեպքում զայրույթ չի կարող առաջանալ: Պարզապես երբ կտրտված հրապարակումներ են լինում՝ առանց ամբողջությամբ ներկայացնելու, դա բերում է զայրույթի առաջացման: Լինելով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ՝ վստահաբար կարող եմ ասել, որ շարադրված նյութի մեծ մասը հիմնվում է հանձնաժողովի եզրակացության վրա: Այս պահի դրությամբ այլ հասարակական-պաշտոնական տեղեկատվություն, քան ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որ ի գիտություն է ընդունվել ԱԺ-ի կողմից, չկա: Դուք կարող եք ասել, որ միգուցե պահանջվում են նաեւ աղբյուրագիտական այլ հետազոտություններ: Այո՛: Համաձայն եմ: Սակայն ժամանակը որեւէ սահմանափակում չի դնում: Եւ բոլոր դասագրքերը վերաշարադրման հնարավորություն միշտ էլ ունեն՝ նոր ի հայտ եկած փաստերի, հաստատված հանգամանքների հիման վրա: Ուզում եմ շեշտել՝ անթույլատրելի եմ համարում հայհոյախառն արտահայտություններով հարցը քննարկման առարկա դարձնելը, եւ ողջախոհ մարդկանց կոչ կանեմ հարցը դիտարկել բացառապես մասնագիտական հարթության մեջ, թիրախ չդարձնել անձին, առավել եւս, երբ եղբայրս՝ Էդիկ Մինասյանը, գրքի հեղինակը չէ: Դասագիրքն ունի խմբագրական խորհուրդ, համապատասխան ամբիոնների գրախոսություններ: Եւ այդ համատեքստում ճիշտ է՝ մասնագիտական քննարկումներ ընթանան:
-Բովանդակային առումով ունե՞ք վերապահումներ: Ի վերջո, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ Դուք վերապահումներ եք ներկայացրել ու չեք ստորագրել:
-Քանի որ ծավալը փոքր է, դասագրքում բոլոր մանրամասները չէին կարող տեղ գտնել: Եզրակացության միջից վերցված են ընդհանրացումները, որոնք որոշակի վերլուծությունների հիման վրա են գրված: Իհարկե, ցանկալի կլիներ՝ ավելի մանրամասն ներկայացվեին այդ իրադարձությունները, բայց դա կպահանջեր նույն հաստափորությամբ գիրք: Բայց պետք չէ վերագրել արտահայտություններ, որոնք չկան դասագրքում: Մարտի 1-ին սպանվածներին որեւէ մեղադրանք գրքում չկա:
-Զոհերի ծնողները պատրաստվում են դիմել դատարան:
-Ես ողջունում եմ այդ քայլը: Դա քաղաքացիական իրավունքների դաշտում գործող ու նախընտրելի տարբերակ է: Սա, վստահաբար կարող եմ ասել, ավելի լավ տարբերակ է, քաղաքացիական հասարակությանը բնորոշ տարբերակ, քան այն, ինչ փորձում են անել որոշ նախկին «քաղաքական գործիչներ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս