Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան մեծանում է հերթական հիասթափությունների վտանգը: Իշխանություններից եւ նրանց գործելաոճից, թերեւս, էլ ոչ ոք չի հիասթափվի, դա արդեն անցած էտապ է, բոլորին էլ պարզ է, թե ինչ են անելու եւ ինչպես: Իսկ ա՛յ այսօրվա ընդդիմադիր ուժերից հասարակության եւս մեկ հատվածի հիասթափությունն առավել քան հավանական է, եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի:
Ինչ-որ տարօրինակ պահմտոցի են խաղում, գաղտնիքներ պահում, փորձում խորհրդավորություն ստեղծել՝ առաջնորդվելով «шеф появится в последний момент» սկզբունքով եւ դրանով իսկ միմիայն ավելացնելով ՀՀԿ-ի ընտրազանգվածի թիվը, քանի որ մինչեւ գա այդ վերջին պահը, մարդկանց մի զանգված՝ արդեն հիասթափված, կա՛մ նախապատվությունը կտա գործող իշխանություններին՝ ասելով, թե միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի, թող սրանք էլ մնան, կա՛մ էլ կտրվի անտարբերությանը:
Այստեղ հատկապես նախանձելի չէ ԲՀԿ-ի՝ 400 հազարից ավելի ընտրազանգվածի վիճակը, որոնց զգալի մասը երկրում փոփոխությունների հետ կապված մեծ հույսեր ուներ եւ միգուցե դեռ ունի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ՝ դիտարկելով նրան որպես այլընտրանքային ուժ: Այնինչ ԲՀԿ առաջնորդի տարօրինակ եւ անհանգստացնող լռությունը եւ իշխանությունների ու ընդդիմության միջեւ տված «խաղերն» արդեն իսկ վստահություն չեն ներշնչում եւ տարաբնույթ ենթադրությունների տեղիք են տալիս: Օսկանյանը, որ կարող էր լինել նախագահի հավանական թեկնածու եւ ուներ անհրաժեշտ պոտենցիալը, կարելի է ասել, «արանքից դուրս եկավ», եւ դա կանխելու համար Գագիկ Ծառուկյանն առանձնապես ջանքեր չգործադրեց: Դրան հաջորդած իրադարձությունները եւ ԲՀԿ-ի կողմից շարունակ անցկացվող փակ խորհրդակցություններն ու փակ գործելաոճը առավել խորացրին կասկածները եւ անվստահությունը, եւ այսօր Ծառուկյանից ավելի քան սպասում են, որ, ի վերջո (հավանաբար չստանալով Ռուսաստանի «դաբրոն»), նա կրկին կհայտնվի իշխանական ճամբարում՝ հօդս ցնդեցնելով 400 հազար ընտրողների հույսերը: Բիզնեսը մնում է բիզնես եւ թելադրում է իր կանոնները: Ամեն դեպքում, Ծառուկյանի, հետեւաբար եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը եւ քայլերը, ի վերջո (իհարկե՝ ուշացումով), պարզ կլինեն:
Բայց սա թողնենք մի կողմ: Իսկ ի՞նչ են մտածում մյուս՝ ոչ իշխանամետ քաղաքական ուժերը, որոնք նույնպես հրապուրվել են այս խորհրդավոր խաղերով եւ սպասում են ԲՀԿ-ի որոշմանը՝ նաեւ որպես միասնական թեկնածու դիտարկելով Գագիկ Ծառուկյանին: Մի՞թե նրանց միջի փորձառու եւ հմուտ գործիչները չեն գիտակցում, որ եթե նույնիսկ Ծառուկյանը հանդես գա որպես նախագահի թեկնածու, նա չունի նախագահ լինելու համար անհրաժեշտ պոտենցիալը: Լավ գործարար լինելը դեռ չի նշանակում լինել լավ նախագահ, եւ Ծառուկյանը կարող է տանուլ տալ առաջին իսկ բանավեճը:
Եթե ընդդիմությունն իշխանության նման նույնպես մտնում է խաղերի մեջ, ապա, կարծում ենք, պետք է գոնե խելացի խաղա՝ շախմատային սկզբունքով հաշվարկելով հետագա գոնե մի քանի քայլերը: Բայց առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները հակառակն են ցույց տալիս, եւ նման պարագայում որեւէ փոփոխություն ակնկալելն անիմաստ կլինի:
Ընտրությունները մոտենում են, իսկ ընդդիմությանը սթափվելու եւ ճիշտ ռազմավարություն մշակելու համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում: Բացի այդ էլ, ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին ինչո՞ւ է անտեսվում այդ նույն ժողովուրդը, եւ ինչո՞ւ են նրանից համառորեն գաղտնիքներ պահվում: Հոգնել ենք պահմտոցիներից ու անորոշությունից:
ԲՈԼՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ