Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միության հետ համատեղ Մարսելում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով հունիսի 19-22-ը Մարսելում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հունիսի 19-ին նախարարը մասնակցեց Սարգիս Գրիգորյանի նկարների «Ծիրանի ծաղիկ» խորհրդանշական խորագրով ցուցահանդեսին, ուր ելույթի ընթացքում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է շարունակել և ողջ հայության ուժերը կենտրոնացնել Հայաստանի հզորացման վրա։ Ապա նախարարը ներկա գտնվեց «Կոմիտաս» քառյակի (ղեկավար` Ալեն Բաբուշյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի և այլ օտարերկրացիներ: Եկեղեցում, նախարարը շեշտեց հայ- ֆրանսիական դարավոր բարեկամության և մշակութային կապերի հետագա զարգացման մասին։
Հունիսի 20-ին Հ. Հակոբյանը մասնակցեց Հայ Երիտասարդաց միության (ԺԱՖ) երգի և պարի խմբերի տարեկան համերգին: Նախարարը բարձր գնահատեց (ԺԱՖ) երգի, պարի և հայոց լեզվի դպրոցի գործունեությունը, շնորհավորեց նրանց` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Մենք կանք և պիտի լինենք ու դեռ շատանանք» մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ։ Համերգի ավարտին՝ նախարարը ԺԱՖ-ի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Մարիոն Շամասյանին և երգչախումբի ղեկավար Միքայել Վեմյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Նույն օրը նախարարը մասնակցեց «Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան» տարեկան հավաք-ճաշկերույթին, որից գոյացած հասույթը տրամադրվում է կազմակերպության կողմից իրականացվող հայանպաստ ծրագրերին: Նախարարն իր ընդարձակ ելույթում ներկաներին ծանոթացրեց համահայկական առաջնահերթություններին։
Կիրակի՝ հունիսի 21-ին, նախարար Հ. Հակոբյանը այցելեց Մարսելի Հայ Ավետարանական եկեղեցի, այնուհետև, մասնակցեց Բոմոն թաղամասի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագի արարողությանը, նա ելույթ ունեցավ համայնքի ներկայացուցիչների առջև և խօսեց «Ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը» շարժման մասին։
Նախարարը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեպսակ զետեղելու արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Բուշ դյու Ռոնի մարզպետ Մարտին Վասալը, թաղապետեր, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և գործիչներ:
Նախարարը մասնակցեց Մարսելի Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ջիլբեր Լևոնյանին այլ քաղաքում հոգեւոր ծառայության ուղարկելու արարողությանը, որտեղ նա համայնքի առջև հանդես եկավ ընդարձակ ելույթով։
Մարսելում գտնվելու օրերին նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների, դրանք համակարգող մարմնի հետ, առավել քան երկու ժամ տևած համատեղ քննարկուների ընթացքում ճշգրտվեցին գործունեության կառուցակարգերը և համայնքի կառույցների մասնակցության ձևաչափերը՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին։
Այնուհետեւ նախարարը մասնակցեց ՀԲԸՄ-ի տարեկան հանդիսությանը, որտեղ ներկայացվեց Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում դրոշմաթղթերի և ծրարների շնորհանդեսին, ուր նույնպես նախարարը ելույթ ունեցավ և մասնակցեց հավաք-ճաշկերույթին:
Մարսելահայ համայնքի մի խումբ ակտիվ և նվիրյալ անձինք պարգևատրվեցին նախարարության մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
Մարսելյան միջոցառումների ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով բարեգործական համերգին, որին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը, Մարսելի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, 3000-ից ավելի մարսելահայ և ֆրանսիացի ունկնդիրներ:
Մարսելում գտնվելու ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ հանդիպեց Բուշ դյու Ռոնի մարզպետ տիկին Մարտին Վասալի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին մարզի հայության, հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման հետ կապված հարցեր: Տիկին Վասալը հպարտությամբ նշեց իր հայկական արմատների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տիկին մարզպետը կայցելի Հայաստան` գործարարնների հետ հստակ ծրագրերի մասին քննարկումներ ունենալու նպատակով։ Կարևորվեց Մարսել-Երևան չվերթի վերաբացման խնդիրը, նախարարը մարզպետի ուշադրությունը հրավիրեց հատկապես գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնելու վրա։
Նախարարը հանդիպեց նաև Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց ցեղասպանության ժխտողականության մասին օրենքի ընդունման, ինչպես նաև իսլամացած և ծպտյալ հայերի իրավիճակի հարցը։