ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, որ տեւական ժամանակ է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը, այդ նպատակին ծառայեցնում է նաեւ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հավանաբար տեսնելով, որ «Սիրուն չէ» հայտնի սերիալում «նկարահանումները», կառավարությունում, նախարարություններում եւ այլ պետական գերատեսչություններում խորհրդակցությունների ժամանակ զայրանալն այլեւս որեւէ էֆեկտ չի տալիս, ավելին, սեւ քարոզչության էֆեկտ է ունենում, նա որոշել է փոխել շեշտադրումներն ու խաղի մեջ մտցնել արտասահմանցիներին: Վերջին օրերին Ս.Սարգսյանը Երեւանում հերթով հանդիպումներ է ունենում օտարերկրյա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չորեքշաբթի օրը նրա հյուրն էր ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության՝ «Ռոսգրանիցա»-ի ղեկավար Դմիտրի Բեզդելովը: Հաջորդ օրը նա ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին: Նույն օրը ընդունել է նաեւ պաշտոնական այցով  Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությանը: Շատ ավելի ծանրաբեռնված է եղել նրա երեկվա օրը. նա ընդունել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, այնուհետեւ՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Ընդ որում, Սահակաշվիլու հետ քննարկել է բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին առնչվող հարցեր: Բացի այդ, երեկ Ս. Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովին, որտեղ ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Ճիշտ է, Բարոզոյի ու Ֆիլատի հետ երեկ նա առանձին հանդիպումներ չի ունեցել, բայց դա կանի հավանաբար այսօր:
Սերժ Սարգսյանի այս «բազմավեկտոր» ակտիվությունը պատահական չէ: Այսպես նա ընդամենը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը հավասարապես ընդունելի է ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Եվրոպայի համար, նստում-ելնում է աշխարհի մեծերի հետ: Ավելին, շնորհիվ իր «հավասարակշռված, բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության»՝ ոչ թե ինքն է մեկնում նրանց մոտ, այլ վերջիններիս կանչում Երեւան:

Երբ կան հավերժ շահեր
Եթե նման հանդիպումներ կազմակերպելով՝ Ս.Սարգսյանի մտադրությունները հայտնի են, ապա հետաքրքիր է՝ ինչու են օտարերկրացի պաշտոնյաներն այդպես հոժարակամ գալիս Հայաստան՝ մասնակցելու ՀՀԿ նախագահի քարոզարշավին: Այս հարցի պատասխանը դժվար չէ կռահել: Պարզապես իրենք էլ ունեն իրենց շահերը, որոնք փորձում են առաջ տանել Ս.Սարգսյանի հետ հանդիպումներում: Մասնավորապես շարունակում են օրակարգում մնալ ԼՂ հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ՝ առաջին փուլով ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահներ տեղակայելու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները: Հասկանալի է, որ այս բոլոր հարցերի լուծումը կախված է գերտերությունների միջեւ քննարկումներից ու պայմանավորվածությունների ձեռքբերումից, որից հետո ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան ընդամենը պաշտոնապես կվավերացնեն փաստաթղթերը:
Բացի այդ, վերջին շրջանում ավելի են շատացել ՌԴ-ի ու Եվրամիության կողմից ՀՀ-ի հանդեպ անուղղակի ճնշումները. ՌԴ-ն իր հերթին է ցանկանում, որպեսզի ՀՀ-ն անդամակցի միասնական մաքսային միությանը, այնուհետեւ՝ ԵվրԱզԷՍ-ին: Պատահական չէ, որ քանի դեռ ՀՀ-ի կողմից չի հնչել հստակ պատասխան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար հետաձգում է իր այցը Հայաստան: ԵՄ-ն էլ իր հերթին է փորձում Հայաստանին ետ պահել ԵվրԱզԷՍ-ին անդամակցելուց՝ ուժեղացնելով Արեւելյան գործընկերության ծրագիրը:
Այնպես որ, Սերժ Սարգսյանն իրոք հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Ավելի ճիշտ, նա քաղում է գերտերություններին տված իրարամերժ խոստումների պտուղները, քանի որ եկել է խոստումները կատարելու ժամանակը:
Հ. Գ. Երեկ Երեւանում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովի ավարտին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը գագաթաժողովի արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մամոլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը արդյունքների ամփոփման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ փակ սահմանին եւ նշել, որ սահմանը պետք է բացվի անմիջապես և առանց նախապայմանների:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս