Արդեն հայտնի է, որ ՀՀ Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության` հունիսի 18-ի նիստում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ:
Նշենք, որ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը նախատեսվում է Աբովյան պուրակի հարակից տարածքում: «Ժողովուրդ»-ը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրողի որդի Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվել է` երբ են մեկնարկելու թանգարանի շինարարության աշխատանքները, արդյոք Կառավարության տրամադրած գումարը բավարար է, կան բարերարներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում, թե ոչ: Նրա խոսքով` այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հետ զրույցում նշել է, որ թանգարանը կկառուցվի երկու տարվա ընթացքում: «Մեր զրույցից ենթադրվում էր, որ շինարարությունը կսկսվի մարտ-ապրիլ ամիսներին, բայց, ինչպես տեսնում եք, արդեն հուլիսն է, սակայն այն դեռ չի մեկնարկել:
Բացի այդ` վարչապետը նշել էր, որ այս տարի թանգարանի շինարարության մեկնարկի համար Կառավարությունը կփոխանցի 120 միլիոն դրամ, բայց, ինչպես հայտնի է, կփոխանցվի 50 միլիոն: Թերեւս այս հանգամանքը կբացատրվի բյուջեի սղությամբ: Այս վերջին որոշման տրամաբանությամբ շինարարական աշխատանքները կսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ոչ շուտ»,- մեզ հետ զրույցում նկատեց Դ. Մաթեւոսյանը:
Նրա խոսքով` իրենք վարչապետի հետ պայմանավորվել են, որ Կառավարությունը մաս առ մաս է հատկացնելու թանգարանի շինարարության համար անհրաժեշտ գումարը` 2-3 տարվա ընթացքում:
Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի խոսքին, ըստ որի՝ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ, Դ. Մաթեւոսյանը նշեց, որ նախարարի ներկայացրած գումարը կազմում է թանգարանի շենքի ճարտարապետի ներկայացրած նախագծի նախահաշվային արժեքի ընդամենը 1/3 մասը (մոտավոր հաշվարկներով): «Չգիտեմ` ինչ հաշվարկներ են արել, որ ինքնարժեքն այդքան իջել է, այս կարգի տնտեսումները, իմ համոզմամբ, կարող են վտանգավոր լինել: Բացի այդ` եթե շինարարության համար անհրաժեշտ գումարը մաս-մաս է հատկացվում, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են որոշակի դադարներով, ներկայացված ինքնարժեքը կարող է բարձրանալ, տարվող աշխատանքների արդյունավետությունը` իջնել»,-մտավախություն հայտնեց նա:
Ինչ վերաբերում է բարերարների ներդրումներին, Դ. Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ մի անանուն բարերար խոստացել է որոշակի գումար ներդնել շինարարական աշխատանքների մեջ, այն, սակայն, պահանջվող ընդհանուր բյուջեի համեմատ փոքր գումար է. «Այն կարող է պետք գալ նախնական աշխատանքները սկսելու համար միայն»,-ասաց գրողի որդին:
Խոսելով ապագա թանգարանի ստեղծման հետ կապված ծրագրերից` նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե տուն-թանգարանի, այլ մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման մասին է: «Եթե մենք զուտ տուն-թանգարան կառուցելու խնդիր ունենայինք, Մաթեւոսյանի բնակարանը կվերածեինք թանգարանի, սակայն, մեր դիտարկումներով, եթե տվյալ գործիչը ռեալ ժառանգություն, տալիք ունի մշակութային միջավայրին եւ հասարակությանը, միայն թանգարանն այդ աշխատանքներն իրականացնել չի կարող:
Մեզ հարկավոր է կենտրոն, որտեղ կքննարկվեն ծրագրեր, կարվեն հետազոտություններ, կանցկացվեն բացօթյա դասեր, կլինի ցուցահանդեսների կազմակերպման հնարավորություն»,-մեկնաբանեց Դ. Մաթեւոսյանը` հավելելով, որ թանգարանում, անշուշտ, փորձելու են մոդելավորել Մաթեւոսյանի աշխատանքային միջավայրը, որտեղ նա գրում եւ մտածում էր: Թանգարանում տեղ կգտնեն անձնական իրեր, ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ ու այլ նմուշներ:
Գրողի որդին տեղեկացրեց նաեւ, որ կենտրոնը նախատեսվում է կառուցել կանաչ գոտու հարեւանությամբ. «Անտառակի նման մի բան ենք ուզում ստանալ` Լոռվա բնությունը հիշեցնող: Այդ միջավայրում մտադիր ենք բաց ընթերցումներ անցկացնել, մտավորականության հետ հանդիպումներ կազմակերպել…»,-ասաց նա:
Դ. Մաթեւոսյանը նաեւ հավելեց, որ Հրանտ Մաթեւոսյանի բուն տուն-տանգարանը նախատեսում են ստեղծել գրողի հայրական տանը` Ահնիձոր գյուղում. «Այն հիմա բավական բարձիթողի վիճակում է եւ վերակառուցման կարիք ունի: Կարծում եմ` մեր հաջորդ քայլը դա պետք է լինի, թերեւս հաջորդ տարվանից սկսած»,- եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան