ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ցույցի մասնակցիները, որոնք անցած ուրբաթ օրվանից Ազատության հրապարակում նստացույց էին սկսել, իրենց խոստմանը համաձայն՝ երեկ երեկոյան երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջել էին չեղարկել էլէներգիայի սակագինը թանկացնելու մասին որոշումը եւ դրա համար իշխանություններին ժամանակ էին տվել մինչեւ հունիսի 22-ի ժամը 19.00-ն:
Ոստիկանությունը երթի մասնակիցներին թույլ տվեց առաջանալ մինչեւ Բաղրամյան փողոցի սկզբնամասը` Հայաստանի գրողների միության շենքի դիմաց, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմացի հատվածում արդեն ոստիկանական պատնեշը փակել էր ճանապարհը: ՀՀ ոստիկանությունը՝ սկզբում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, իսկ այնուհետեւ մայրաքաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի շուրթերով, ցուցարարներին առաջարկեց 3-4 հոգանոց պատվիրակություն ուղարկել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար: Սակայն ցույցի մասնակիցները մերժեցին այդ առաջարկը` հայտարարելով, որ իրենք չեն ցանկանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել, եւ որ իրենց նպատակն է՝ էլէներգիայի սակագինը թանկացնելու մասին որոշումը չեղարկվի: Այնուհետեւ ցուցարարները հենց տեղում նստեցին գետնին` հայտարարելով, որ կսպասեն այնքան, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Ոստիկանության եւ ցուցարարների՝ մինչեւ ուշ գիշեր տեւած բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին. ոչ ոք չցանկացավ հեռանալ, եւ ժամը 2-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում էր:
Հ.Գ. Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի երեկվա ցույցը երկու առանձնահատկություն ուներ. մեկ, որ նստացույցի մասնակիցներին երկրի նախագահը ընդունելու պատրաստակամություն հայտնեց, եւ երկրորդ՝ Բաղրամյան փողոցում էին գտնվում մի խումբ հոգեւորականներ, որոնք փորձում էին հնարավորն անել բանակցությունների միջոցով, որպեսզի ոստիկաններն ուժով չցրեն հավաքը:

 

 

 

 

Անցած շաբաթ օրը` հունիսի 20-ին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչները ներկա են գտնվել ՀՀ ԿԱ նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարսանիքը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Գոլդեն փելս» («Golden palace») հյուրանոցային համալիրում: Ի դեպ, այս հյուրանոցը կապվում է Արմեն Ավետիսյանի անվան հետ: Նկատենք, որ հարսանեկան արարողությունը շատ շքեղ է եղել. երգիչ-երգչուհիների մի մասն էլ արտերկրից է հրավիրված եղել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ մասնակցել է հարսանիքին եւ «տեղը տեղին» քեֆ է արել: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հարսանիքին մասնակցել է նաեւ նրա փեսան` Միքայել Մինասյանը: Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանը ՄԿ-ի պետ է նշանակվել կառույցի կոմիտե դառնալու պահից՝ 2001-ից, եւ պաշտոնավարել է մինչեւ 2008-ի ապրիլը, որից հետո ՄԿ-ն միացվեց հարկային ծառայության հետ եւ ստեղծվեց Պետական եկամուտների կոմիտեն:

 

 

 

 

Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ ԱԺ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, ինչպես երեւում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու:

 

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները կատարել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «հրահանգը»: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում նա հայտարարել էր, որ չի կիսում տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումները եւ համոզմունք էր հայտնել, որ 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Մեկ հանգամանք, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ եթե տնտեսական աճ է արձանագրվել, ապա ինչպես է ստացվում, որ առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել (8,6 տոկոսով): Ինչպես է ստացվում, որ տնտեսական աճի պայմաններում սպառողը շարունակում է աղքատանալ: Պաշտոնական վիճակագիրները այս հարցի պատասխանը չեն տալիս:

 

 

 

 
ԵՎՍ ՎԵՑ ԱՄԻՍ

Եվրոպական միության արտգործնախարարները երեկ որոշել են մինչեւ 2016թ. հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսների եւ ռազմական ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, նաեւ մեկ տարով ուժի մեջ թողնել Ղրիմում ներդրումներ անելու արգելքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԵՄ պաշտոնյաները` Ռուսաստանի նկատմամբ այդ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն բացառապես այն բանից հետո, երբ այդ երկիրը կկատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ուշագրավ է, որ երեկվա որոշումն ընդունվել է ԵՄ բոլոր 28 ԱԳ նախարարների կողմից միաձայն:
Բնականաբար իրեն սպասեցնել չի տվել ռուսական կողմի արձագանքը. հենց երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Եվրամիության դեմ նոր պատժամիջոցների փաթեթ պատրաստել՝ ի պատասխան վերջինիս կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման: Անցած օգոստոսից, երբ սկսվեց Ռուսաստան-Արեւմուտք փոխադարձ «պատժամիջոցային պատերազմը», ռուսական տնտեսությունը զգալի ցնցումների ենթարկվեց, ինչն իր ուղղակի անդրադարձն ունեցավ նաեւ Հայաստանի տնտեսության վրա:
Ու թեեւ Վլադիմիր Պուտինը օրերս Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումում հայտարարում էր, թե Ռուսաստանը, ի հակառակ Արեւմուտքի սպասելիքների, չհայտնվեց տնտեսական խորը ճգնաժամի մեջ` կայունացնելով իր փոխարժեքը, ակնհայտ է, որ պատժամիջոցների երկարաձգումը վերաթարմացնելու է այդ վտանգը, եւ Ռուսաստանից լրացուցիչ ռեսուրսներ են պահանջվելու` իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով: Հատկապես որ գոնե այս պահին չկան քաղաքական նախադրյալներ` ենթադրելու համար, որ հունվարին չի լինի պատժամիջոցների հերթական երկարաձգումը:
Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունում անցած սեպտեմբերից սկսված բացասական գործընթացները շարունակելու են խորանալ. արտահանման տեմպերն էլ ավելի են նվազելու` ռուսական շուկայում տիրող անկայուն վիճակի երկարաձգման արդյունքում, ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալն էլ ավելի է կրճատվելու` գերազանցելով ներկայիս 50 տոկոսը: Եվ եթե այս ամենին էլ գումարում ենք Հայաստանում գործող ռուսական ընկերությունների կողմից ակնկալվող ներդրումների եւ նոր ծրագրերի կասեցումը, ապա պատկերն ամբողջանում է:
Այս բոլոր զարգացումներին, սակայն, ՀՀ իշխանությունները չունեն հակազդելու որեւէ գործիք: Նրանց միակ գերխնդիրը հիմա օրվա հրատապ, «վառվող» հարցերը լուծելն է եւ մի կերպ երկրի «գոյատեւումը» մինչեւ հաջորդ հունվար ապահովելը՝ այդ ընթացքում աղոթելով, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ի վերջո, լեզու գտնեն:




Լրահոս