«Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ՀՀ ֆինանսների նախարարության վեճը նոր փուլ է թեւակոխել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ֆինանսների նախարարությունը ցանկացել է հերթական անգամ վերստուգում իրականացնել պատգամավորին պատկանող գործարանում, սակայն ընկերության տնօրինությունը արգելել է, ինչն էլ դարձել է լեզվակռվի պատճառ:
Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են պետբյուջեի հանդեպ 731մլն. դրամի պարտավորություններ չկատարելու դեպքեր: Ըստ հայտարարության՝ բյուջետային պարտավորությունները չկատարելու հարցում առաջատար ընկերությունը «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ն էր, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Այս ամենի արդյունքում ֆինանսների նախարարությունը ընկերությանը տուգանել էր 653.6մլն դրամով:
Ու մինչ շատերը փորձում էին կատարվածում մեղադրել ԱԺ պատգամավորին` կարծիք հայտնելով, թե նա իրեն արտոնյալ է համարել ու չի կատարել բյուջեի հանդեպ իր պարտավորությունները, 5 օր անց հայտնի դարձավ, որ պատգամավորը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի անհիմն համարի ֆինանսների նախարարության որոշումը: Արդյունքում, վարչական դատարանը հօգուտ ԱԺ պատգամավորի ընկերության վճիռ էր կայացրել, սակայն նախարարությունը վարչական դատարանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: Սակայն այս դեպքում էլ արդյունքի չէր հասել, քանի որ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը թողել էր անփոփոխ: Եվ, ահա, ֆինանսների նախարարությունը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Արդյունքում, աղմկալի այս գործընթացից անցել է 9 ամիս, սակայն դեռ հայտնի չէ, թե ում օգտին որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը եւ, առհասարակ, վարույթ կընդունի, թե ոչ: Ու մինչ կողմերը սպասում են դատարանի վճռին, ՀՀ ֆինանսների նախարարության եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ընկերության միջեւ մի նոր «կռիվ» է հասունանում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի մարտի 11-ին «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թ մարտի 2-ի որոշումը:
Ի՞նչ որոշում է դա, եւ ինչի՞ համար է հերթական անգամ ընկերությունը դատի տվել ֆինանսների նախարարությանը: Այս հարցերի պատասխանները ստանալու ուղղությամբ մեր ջանքերի արդյունքում պարզեցինք, որ ֆինանսների նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերի 11-ին «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ին տուգանելուց հետո որոշել է հերթական անգամ ընկերությունում վերստուգում իրականացնել, ինչից էլ սկսվել է «կռիվ կինոյի երկրորդ մասը»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության եւ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները գնացել են ԱԺ պատգամավորի ընկերություն վերստուգում իրականացնելու, սակայն տնօրեն Աշոտ Բաղդասարյանը արգելել է հարկայինի աշխատողներին մուտք գործել գործարան: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ընկերության տնօրենի վարքագիծը խիստ զայրացրել է հարկայինի աշխատակիցներին, վերջիններս, մեղմ ասած, լեզվակռիվ են ունեցել, սակայն Աշոտ Բաղդասրայանը փակել է տվել գործարանի դռները եւ արգելել է աշխատակիցներին դուռը բացել ֆինանսների նախարարության ներկայացուցիչների առաջ:
Այս ամենից հետո Բաղդասարյանը գրություն է ուղարկել ֆինանսների նախարարին եւ հայտնել, որ հարկային տեսչության աշխատակիցները ցանկացել են գործարան մուտք գործել առանց համապատասխան փաստաթղթերով ամրագրված հիմնավորման, ինչի համար ինքն արգելել է նրանց մուտքը գործարան:
Նշենք, որ վերոնշյալ դեպքը միակը չի եղել, երբ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության եւ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները վերստուգման նպատակով գնացել են պատգամավորի ընկերություն, սակայն գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը կրկին արգելել է նրանց մուտքը:
2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանին հրավիրել է նախարարության իրավաբանական վարչություն, որտեղ նա բացատրություն է տվել այն մասին, թե ինչու է արգելել նախարարության աշխատակիցներին իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն, փաստորեն, նախարարությանը չի բավարարել Աշոտ Բաղդասարյանի բացատրությունը, եւ որոշվել է նրան ենթարկել վարչական պատասխանատվության 250.000 դրամի չափով:
Իր հերթին Աշոտ Բաղդասարյանն էլ նախարարության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան: Տեղեկացանք, որ վերջինս դատարանում հայտնել է, թե նախարարության աշխատակիցներն առանց հիմավորման են եկել վերստուգման, եւ դեռ ավելին՝ ստեղծված իրավիճակից հետո ինքը գրություն է գրել ֆինանսների նախարարին, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանել: Նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանը, լսելով թե՛ գործարանի տնօրեն Բաղդասարյանի, թե՛ ֆինանսների նախարարության աշխատակիցների հիմանվորումները, երկու ամիս տեւած դատաքննությունից հետո որոշել է բավարարել Աշոտ Բաղդասարյանի հայցը եւ անվավեր ճանաչել ֆինանսների նախարարության կայացրած որոշումը:
Այսպիսով` փաստորեն ֆինանսների նախարարությունն այս գործում պարտվեց դատարանում, իսկ թե ինչպիսին կլինի գործարանին 653.6մլն դրամով տուգանելու որոշման վիճարկման գործընթացի ավարտը, պարզ կդառնա առաջիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի կայացնելիք վճռից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԻՃԵԼ Է ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ
Ընդդեմ էլէներգիայի թանկացման Ազատության հրապարակում շարունակվող նստացույցի ընթացքում երեկ միջադեպ է տեղի ունեցել: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` նստացույց անող երիտասարդներին վրդովված մոտեցել են երկու երիտասարդ, ովքեր սպառնացել են ջարդել հրապարակում տեղադրված տեխնիկան, քանի որ երաժշտության ձայնը իրենց խանգարում է. «Արա՛, հոգեկանիս վրա ազդումա. ինձ չի հետաքրքում` թանկանում ա, թե չէ, արի՝ հացդ էլ տամ, ջուրդ էլ տամ, մենակ մի՛ արա»: Երիտասարդները գոռգոռացել են, թե սրճարանում նստած չեն կարողանում միմյանց լսել երաժշտության պատճառով: Նստացույցի մասնակիցներն էլ իրենց հերթին են նշել, որ իրենք օրենքը չեն խախտում:
Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ այդ երիտասարդներից մեկը Էջմիածնից է, եւ նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի խոսքով` գեներալների հետ առնչություն ունի: Գեւորգ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ հիշյալ երիտասարդին` Լեւոն Մարտիրոսյանին, ինքը շատ լավ է ճանաչում: «Նա գեներալների ավտոների «պակրիշկա» լպստող է: Միգուցե հիմա պաշտոնը բարձրացրել են, չգիտեմ: Բայց այն ժամանակ մի օր գեներալ Սեյրանի ավտոյի «բագաժնիկում» էր, մի օր՝ Մանվելի, մի օր՝ Բաղդասարովի: Հիմա էլ ուզում է իր տերերին ցույց տալ, որ ինչ-որ բան է անում: Իր տերերն էլ իրենց հերթին են ցույց տալիս, որ մեր թուլեքը ինչ-որ բան են անում: Ես իրեն շատ լավ եմ ճանաչում»,- մանրամասնել է Մանուկյանը:
Armlur.am-ը խոսել է նաեւ Լեւոն Մարտիրոսյանի հետ: Վերջինս կտրականապես հերքել է, որ որեւէ կապ ունի գեներալների հետ. «Ես սովորական քաղաքացի եմ, ոչ մի կապ չունեմ ոչ մի գեներալի հետ: Հա, էջմիածնից եմ, բայց կապ չունեմ»: Լեւոն Մարտիրոսյանը նաեւ վստահեցրել է. «Ես Ռուսաստանում բիզնես ունեմ, այնտեղ եմ ապրում: Այստեղ եկել եմ` հանգստանալու: Հարազատներիս հետ սրճարանում նստած էինք, երաժշտության ձայնը բարձրացնում էին, մի քանի անգամ զգուշացրեցի, հասկացան, բայց հետո նորից բարձրացրեցին»:
Երիտասարդը նեղսրտել է, որ իր հասցեին վիրավորական խոսքեր են գրում համացանցում. «Ես մտադրություն չունեի վիճելու նրանց հետ: Ես ինքս դեմ եմ հոսանքի թանկացմանը, ես ծնողներ ունեմ, ովքեր այստեղ են ապրում: Ես նույնիսկ նստացույցի առաջին օրը իրենց հետ եմ եղել»:
ՔԻՍՏԻՆԵ ԱՂԱԼԱՐՅԱՆ
ՇԱԲՈՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի հունիսի 22-ին Ծաղկաձորում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ «Մարաթուկ» ընկերությունը իբր մոլորեցնում է քաղաքացիներին՝ բուկլետներում ներառելով Կրետե կղզին, որը, ըստ Շաբոյանի, իրականությանը չի համապատասխանել:
«Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլիոն(Կրետե)-Երեւան չվերթն իրականացնող «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին հայտարարությունը հիմնավորում է ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում՝ երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:
Նախ՝ ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ լուրը Արտակ Շաբոյանը դարձրեց հույժ կարեւոր եւ հղեց բոլոր լրատվամիջոցներին այն դեպքում, երբ նույն օրը ՏՄՊՊՀ-ի կողմից հարուցվել էին բազմաքանակ վարույթներ, որոնցից եւ ոչ մեկի մասին հանրությանը չտեղեկացվեց: Մեկ օր շարունակ բոլոր լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որպեսզի հանգամանքը նպատակ ունենար սպառողների մոտ ձեւավորել թյուր կարծիք ընկերության գործելակերպի մասին:
Բնականաբար դա ունեցավ իր հետեւանքները սպառողների մոտ անվստահության մթնոլորտ ստեղծելու առումով, մասնավորապես հեռախոսազանգերով անձինք փորձում էին ճշտել ընկերությունից՝ չվերթները կատարվելու են ըստ ժամանակացույցի, թե ոչ: Ընկերությունը հավաստիացրեց իր գործընկերներին եւ սպառողներին, որ չվերթների ժամանակացույցից որեւէ շեղում չի լինելու, եւ «Մարաթուկ» ընկերությունը շարունակելու է իր որդեգրած օրինական քաղաքականությունը:
Բացի այդ, ընկերությունը որպես օրինապահ տնտեսվարող ՏՄՊՊՀ-ին ներկայացրեց պահանջվող բոլոր նյութերը՝ փաստարկելով իր նկատմամբ հարուցված վարույթի անհիմն լինելը:
Սակայն Արտակ Շաբոյանը, չսպասելով ընկերության նկատմամբ հարուցված վարույթի վերջնավարտին, շտապեց եւս մեկ անգամ հրապարակավ հիշատակել «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության մասին՝ հայտարարելով, թե իբր ընկերությունը մոլորեցնում է քաղաքացիներին: Պետական պաշտոնյայի նման իմպերատիվ հայտարարությունը, առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի, հավաստում է այն փաստը, որ Շաբոյանը ունի կոնկրետ անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ նպատակ ունենալով արատավորել ընկերության գործարար համբավը: «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն հետեւողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ ընդդեմ Արտակ Շաբոյանի հայց է ներկայացնելու դատարան:
«Մարաթուկ» ՍՊԸ