Բացառապես քաղաքացիական ակտիվիստների որոշելիք խնդիրն էր` երեկ հավաքվեին Ազատության հրապարակում, թե Բաղրամյան պողոտայում: Մենք մնում ենք այն կարծիքին, որ սոցիալական շարժումը չպետք է քաղաքականացվի: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով վերադառնալով Ստրասբուրգից, երեկ այցելել էր Բաղրամյան պողոտա:
«Քաղաքական գործիչների, կուսակցությունների խնդիրը մեկը պետք է լինի` լինել հնարավոր բոլոր այն վայրերում, որտեղ կա բախման, սադրանքի հնարավորություն: Սադրանքի, բախման հնարավորությունն ակնհայտորեն մեծ էր Բաղրամյան պողոտայում, ուստի և´ ես, և´ իմ գործընկերները երեկ այնտեղ էին` մինչև այն պահը, երբ որ պարզ դարձավ, որ բռնության հնարավորությունը երեկ արդեն բացառվում էր», – նշեց պատգամավորը:
Ն. Զոհրաբյանի խոսքով, միայն քաղաքացիական ակտիվիստների խնդիրն է, թե ինչպես կձևակերպեն իրենց պայքարը, բայց նա ընդգծեց, թե մեկ բան հստակ է` բռնությունը պետք է բացառվի, և ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության ճանապարհով:
«Այլ ճանապարհ, քան երկխոսությունը` որևէ խնդիր հանգուցալուծելու համար, հայտնագործված չէ: Եթե որևէ մեկը կասի, որ բռնությամբ, սադրանքներով, էսկալացիայի տանելով` հնարավոր է որևէ խնդիր հանգուցալուծել, ես ուղղակիորեն իմ անհամաձայնությունը կհայտնեմ նման տեսակետ ունեցողի հետ: Բռնությունը որևէ լավ բանի չի բերելու, սադրանքը որևէ լավ բանի չի բելերու: Մենք այսօր էլ լինելու ենք Բաղրամյան պողոտայում, որովհետևս այնտեղ է հնարավոր սադրանքների, բռնության, էսկալացիայի հնարավորությունը և մենք փորձելու ենք մեր հորդորներով, մեր միջամտությամբ կանխել ցանկացած սադրանք, ցանկացած բռնություն և պրովակացիա», – հավելեց նա` մեկ անգամ ևս կրկնելով, որ ցանկացած հարց լուծվում է միայն երկխոսությամբ:
Մեր այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն արդյո՞ք արդեն հաղթանակ է, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե դա քաղաքացիական ուժերի շարժում է և հենց իրենք պետք է իրենց գնահատականը տան:
«Նրանց մի մասը, ովքեր դա համարեցին հաղթանակ, ովքեր դա համարեցին որոշակի տեղաշարժ` շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Առավել կատեգորիկ կոչերով հանդես եկողների պահանջները տարբեր էին: Ես ժամեր շարունակ եղել եմ Բաղրամյան պողոտայում և տարբեր խմբավորումներ կային, որոնց պահանջները, մոտեցումները տարբեր են: Ինձ համար հասկանալի չէ` իրենց միասնական որոշումը որն է: Մի խմբի համար ընդունելի էր, նրանք ընդունեցին նախագահի ելույթը և շարժվեցին Ազատության հրապարակ, իսկ առավել կատեգորիկ մոտեցումներ ներկայացնողները մնացին Բաղրամյան պողոտայում: Խնդիրը հիմա Բաղրամյան պողոտայում է, այստեղ է, որ պետք է անել առավելագույնը` բախումներ թույլ չտալու համար», – եզրափակեց նա: