ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ նշված էր, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը», հունիսի 22-ին ԵԽԽՎ նիստում քվեարկության միջոցով վերափոխվեց. զեկույցից հանվեց հակահայկական ձեւակերպումը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է դա հաջողվել:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Ադրբեջանն այս օրերին ամեն ինչ անում էր, որպեսզի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում կիրառվի «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» ձեւակերպումը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչպե՞ս է ստացվել, որ ԵԽԽՎ պատգամավորները վերջին պահին դեմ են քվեարկել:
-Նախօրեին քննարկվում էր Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որի հեղինակներն էին Ադրբեջանի հայտնի լոբբիստներ Պեդրո Ագրամունտը եւ Թադեուշ Իվինսկին: Չնայած զեկույցը վերաբերում է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, ինչը նշանակում է, որ պետք է խոսք գնար բացառապես Ադրբեջանի մասին, զեկույցում մեզ համար շատ անընդունելի մի ձեւակերպում էին մտցրել, այն է. «ԵԽԽՎ-ն լիովին տեղյակ է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի 7 այլ տարածքների օկուպացիայից»: Մեր գերխնդիրն էր հասնել նրան, որ այդ ձեւակերպումը նշված զեկույցից հանվեր: Եթե նման ձեւակերպում մնար, կստացվեր, որ Եվրոպայի խորհուրդը ընդունում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի եւ 7 տարածքների օկուպացիան, եւ դա ուղղակի կնշանակեր ջախջախիչ պարտություն մեզ համար:
-Բայց կարծես թե ԵԽԽՎ պատգամավորները հակված էին, որ զեկույցում այդ ձեւակերպումը լիներ, ինչի համար իրեն հատուկ խավիարային մեթոդներով պայքարում էր նաեւ Ադրբեջանը: Ինչպե՞ս հաջողվեց մտքափոխել վեհաժողովի պատգամավորներին:
-Ադրբեջանը գործադրել էր բոլոր ջանքերը, տոմսեր էին գնվել պատգամավորների համար, որոնք ընդհանրապես Ստրասբուրգ չէին գալիս այս նստաշրջանին, բոլորին բերել էին լիագումար նիստին, որպեսզի բանաձեւը քվեարկվի արդեն նշված, մեզ համար ոչ ընդունելի պարբերությամբ: Սակայն մենք կարողացանք հասնել նրան, որ թե՛ մոնիթորինգի հանձնաժողովում, որտեղ մինչեւ լիագումար նիստը քվեարկվում է բանաձեւը, եւ թե՛ արդեն լիագումարում, որտեղ վերջնական քվեարկությունն է լինում, այդ ձեւակերպումը հանվեց: Իրենք երեկ շոկի մեջ էին, ավելին` իրենք հիստերիայի մեջ էին: Անգամ Թադեուշ Իվինսկին բացահայտ գործարք էր առաջարկում ԵԽԽՎ պատգամավորներին, ասում էր՝ ինչ ուզում եք, ավելացրեք Ադրբեջանի մասին զեկույցում, ուզում եք՝ գրեք, թե Ալիեւը Եվրոպայի վերջին բռնակալն է, ուզում եք՝ գրեք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալները բանտերում լցված են, ամեն ինչի համաձայն ենք, միայն թե այս մի կետը թողեք: Բացահայտ բազար էր գնում եվրոպացի պատգամավորների հետ: Բայց պետք է ասեմ, որ առաջին անգամ ԵԽԽՎ-ում, ըստ էության, աննախադեպ բան տեղի ունեցավ. մենք կարողացանք հասնել նրան, որ նույնիսկ այն պատգամավորները, ովքեր հայտնի էին իրենց ադրբեջանամետ հայացքներով եւ ակնհայտորեն Ադրբեջանի շահերն էին պաշտպանում, այդ մարդիկ ուղղակիորեն հրաժարվեցին կատարել Ադրբեջանի պատվերը: Եւ եվրոպացի պատգամավորների քվեարկությամբ զեկույցն ընդունվեց առանց այդ ձեւակերպման:
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ` ինչո՞ւ այս անգամ եվրոպացի պատգամավորները «լսեցին» հայկական պատվիրակության «ձայնը», ի վերջո, մենք շատ դառը փորձեր ունենք, երբ արհամարհվել է ՀՀ-ի տեսակետը:
-Ի շնորհիվ եվրոպական երկրներում աշխատող մեր որոշ դեսպանների, որոնք բավականին ակտիվ կարողացան այս ընթացքում աշխատել ԵԽԽՎ պատգամավորների հետ, նաեւ սփյուռքը եւ մենք, այս եռամիասնությունը ճիշտ աշխատեց, որի շնորհիվ հասանք նրան, որ ԵԽԽՎ-ում նման բանաձեւ չընդունվեց: Պատգամավորները հասկացան, որ զեկույցը Ադրբեջանի ժողովրդավարությանն է վերաբերում, որի հետ որեւէ կապ չունի Հայաստանը կամ ԼՂՀ-ն: ԵԽԽՎ-ում հասկացան, որ եթե իրենք շարունակեն լինել Ադրբեջանի պատանդը, Եվրոպայի խորհուրդը գնալու է կործանման, իրենք վերջնականապես կապացուցեին, որ իրենք Ալիեւի կաբլուկի տակ են: Ի վերջո, իրենց մեջ զարթնեց արժանապատվությունը, հասկացան, որ իրենց ստիպում են խաղալ Ալիեւի խաղի կանոններով, ինչը իրենց մեջ առաջացրեց բնական ընդվզում, ընդ որում, առաջին անգամ նույնիսկ այն պատգամավորների մոտ, ովքեր վճարվում են Ալիեւի կողմից: Ես տեսնում էի, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մոտենում այն պատգամավորներին, որոնց վրա ազդեցություն ունեն, ու նրանք հրաժարվում էին քվեարկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ուղղորդմամբ: Իսկ երբ քվեարկությամբ դա մերժվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ընկավ բացարձակ հիստերիկայի մեջ՝ գոռալով եվրոպացի պատգամավորների վրա:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված իրենց որոշումը կայացրել են, այն հրապարակել են ու ավելացնելու ոչինչ չունեն:
-Պարո՛ն Նազարյան, արդեն մի քանի օր է` Բաղրամյան պողոտայում քաղաքացիները նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնել Ձեր ղեկավարած հանձնաժողովի` հունիսի 17-ի որոշումը սակագինը 6.93 դրամով թանկացնելու վերաբերյալ: Չե՞ք պատրաստվում վերանայել Ձեր որոշումը:
-Ես իմ հրապարակային բոլոր ելույթներում հստակ ասել եմ ու նորից կրկնում եմ՝ մեր մասնագիտական խորը վերլուծությունների արդյունքում մեր տեսակետը հայտնել ենք ու ասել ենք, որ սա այն մինիմումն է, որով հնարավոր կլինի ամբողջ էներգահամակարգի հուսալի եւ անվտանգ գործունեությունը ապահովել: Հիմա ուրիշ ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ:
-Այսինքն՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացառո՞ւմ է թանկացման որոշման չեղարկումը:
-Նրանց պահանջը կատարելու համար պետք է աղբյուրը ցույց տաք, թե ինչի հաշվին մենք կարող ենք նվազեցնել, կա՛մ դա պետք է լինի սպառողի հաշվին, կա՛մ պետք է լինի արտոնյալ երկարաժամկետ վարկի հաշվին, կա՛մ էլ պետք է լինի բյուջեի սուբսիդավորման հաշվին, ուրիշ տարբերակ չկա: Մենք մեր գործառույթի շրջանակում մեր աշխատանքը կատարել ենք, հրապարակել ենք, որից առաջ բազմաթիվ լսումներ ենք իրականացրել եւ ներկայացրել ենք մեր մասնագիտական դիրքորոշումը, մնացածի մասով ես իրավասու չեմ պատասխանել:
-Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը որոշել է Ձեզ հանձնարարել կասեցնել թանկացման որոշումը, նման բան կա՞:
-Նման հանձնարարական չի կարող լինել, քանի դեռ ես պաշտոնական գրություն չունեմ, որ աղբյուրը ցույց կտա, թե ինչի շնորհիվ պետք է սակագինը նվազեցվի, առանց դրա համակարգը կհայտնվի ծայրագույն վիճակի մեջ:
-Պարո՛ն Նազարյան, նշվում է, որ ՀԷՑ-ի տնօրենը Ձեզ կրկին նամակ է ուղարկել, այս անգամ սակագինը 22 դրամով թանկացնելու պահանջով: Նման նամակ ստացե՞լ եք:
-Չկա նման բան, 6 ամսից շուտ ինքը չի կարող մեզ կրկին հայտ ներկայացնել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԵՎՍ 60 ՏԱՐՈՎ
Դալմայի այգիներում գտնվող 256 հա մակերես ունեցող անտառային հողերը զբաղեցնող քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան` պահանջով երկարաձգել հողի վարձակալության իրենց պայմանագրերը: Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարության դեռեւս 2004 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմամբ՝ Դալմայի այգիներում գտնվող 256 հա մակերես ունեցող անտառային հողերից, առանց մրցույթի, վարձակալության պայմանագրեր էին կնքվել բոլոր այն անձանց հետո, որոնք Երեւանի Շահումյանի նախկին շրջգործկոմի եւ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հետ մինչեւ այդ կնքած պայմանագրերով զբաղեցրել են համապատասխան հողամասերը: Այս տարի վարձակալության այդ պայմանագրերի ժամկետներն ավարտվում են: Դրանք երկարաձգելու խնդրանքով տվյալ հողամասերը զբաղեցնող քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան: ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է լիազորել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հողերի վարձակալության անհատույց պայմանագրեր կնքել նշված 256 հա տարածքը զբաղեցնող քաղաքացիների հետ: Պայմանագրերը կկնքվեն մինչեւ 60 տարի ժամկետով:
ԿԱԶԱՏՎԵՆ
Բարի լուր հին եւ չշահագործվող ավտոմեքենա ունեցողների համար: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում մի նախագիծ է ընդգրկված, որով առաջարկվում է փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող եւ չօգտագործվող տրանսպորտային միջոցների սեփականատերերին ազատել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գույքահարկ վճարելու պարտավորությունից: Բանն այն է, որ մինչ այս, քաղաքացիները գոյություն չունեցող կամ չօգտագործվող ավտոմեքենաների ԱՊՊԱ չունենալու եւ գույքահարկ չվճարելու համար վարչական պատասխանատվության էին ենթարկվում: Խոսքը խորհրդային տարիներին արտադրված մոտ 31 հազար ավտոմեքենաների մասին է:
«ԳՈՐԾԱՐԱՐ» ՍԴ ԱՆԴԱՄԸ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, նախորդ տարվա սկզբին կազմել են 90 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 3 հազար 500 դոլար, եւ 500 հազար դրամ, որը դարձել է 46 մլն դրամ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ ՍԴ անդամը, ամենայն հավանականությամբ, նախորդ տարվա վերջին` դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրանալուց հետո, փոխարժեքի առքուվաճառքի գործարք է կնքել եւ ավելացրել իր դրամական միջոցները: Ի դեպ, Արեւիկ Պետրոսյանը դեռեւս 2007 թվականին ԱԺ պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ 2010-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՍԴ անդամ: