Խորհրդարանում երեկ քննարկվեց ՀՀ տնտեսական ոլորտում մենաշնորհների վերաբերյալ կառավարությանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը: Իսկ այսօր ԱԺ-ում քվեարկության կդրվի հարցապնդման արդյունքում ՀԱԿ-ի ներկայացրած «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագիծը. երեկ ԱԺ դահլիճում չկային բավարար թվով պատգամավորներ: ԱԺ 6 խմբակցություններից 4-ը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը հայտարարել են նախագծին կողմ քվեարկելու մասին:
Հարցապնդումը երեկ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Մեջբերելով կոնկրետ թվեր՝ նա ասաց, թե մենաշնորհներ առկա են շաքարավազի, հացահատիկի, բենզինի, դիզվառելիքի, հրուշակեղենի, փայտանյութի, դեղորայքի, կենդանական ու բուսական յուղի եւ այլ ոլորտներում եւ խաթարում են ազատ տնտեսական մրցակցությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, բնականաբար, վստահեցրեց, որ մենաշնորհ ՀՀ-ում չկա, փոխարենը, ըստ նրա, կան ընկերություններ, որոնք գերիշխող դիրք ունեն, եւ եթե նրանք խախտում են մրցակցությունը, ենթարկվում են պատասխանատվության, եւ ընդհանրապես, կառավարությունն այդ հարցը պահում է իր ուշադրության կենտրոնում:
Լ. Զուրաբյանը հակադարձեց, որ իրենց հարցապնդմանը կառավարությունը 18 էջանոց պատասխան է ուղարկել, որից 13 էջը քաղվածքներ են ՏՄՊՊՀ ծրագրից: «Ո՞ւմ հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող մաքսային ծառայության ղեկավարը, այսինքն՝ ՊԵԿ նախագահը ինքը մի օլիգարխ է, որն իր համար սահմանել է, օրինակ, մենաշնորհային դիրք օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, քանի որ ցանկանում է ապահովել իր ունեցած U-com ֆիրմայի մենաշնորհը տվյալների կաբելային հաղորդման շուկայում՝ խոչընդոտելով, մասնավորապես, GNS Alfa ընկերության մուտքը նույն շուկա: Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն մերձավորի անունը, որը տիրապետում է բենզինի եւ դիզվառելիքի շուկայի մենաշնորհին եւ միաժամանակ զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով: Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, որը ավիակերոսինի ներկրման մենաշնորհը զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ՝ հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով՝ անորակ սպասարկմամբ եւ տիեզերական գներով խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին: Ո՞ւմ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ՝ իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահմանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ»,- թվարկեց նա: Ի դեպ, Լ. Զուրաբյան-Տ. Դավթյան բանավեճը շարունակվեց ԱԺ միջանցքում, որտեղ նախարարը փորձում էր համոզել, թե ՀՀ-ում, միեւնույն է, չկան մենաշնորհներ, այլ կան գերիշխող դիրք ունեցողներ: Միայն թե, նախարարը ակամայից, այնուամենայնիվ, համաձայնեց Զուրաբյանի հետ, որ գերիշխող դիրք ունեցողները հենց մենաշնորհներն են:
ՀԱԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ