ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին մեկօրյա այցով մեկնել էր Թուրքիա` մասնակցելու «Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» երրորդ նիստին: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ քննարկվել էր տնտեսական եւ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, սակայն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Սիրիայում տիրող վիճակը, որի շուրջ տարաձայնությունները երկկողմ հարաբերություններում լարվածության տեղիք էին տվել: Ըստ որոշ տեղեկությունների` Սիրիա թուրքական հնարավոր ներխուժման պատճառով Պուտինը հետաձգել էր սեպտեմբերի 15-ին նախատեսված այցը Թուրքիա: Այժմ էլ երկկողմ հարաբերություններում լարվածության նշաններ կան: Դեկտեմբերի 3-ի այցի ընթացքում, Պուտինն Էրդողանին համառորեն փորձել է համոզել ձեռնպահ մնալ Սիրիայի հետ սահմանին «Patriot» տեսակի հրթիռներ տեղակայելուց, որոնք պետք է տրամադրի ՆԱՏՕ-ն:
ՀԱՐՑ. Անկարան կարծես անդրդվելի է, եւ դա կարող է երկու երկրների միջեւ նոր լարվածության առիթ ստեղծել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կունենա երկու երկրների միջեւ հասունացող լարվածությունը Հայաստանի վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուսաստանի նախագահը շատ բաներ է հայտարարել Անկարայում, իսկ մնացած մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ ՆԱՏՕ-ի հրահանգն է, եւ Թուրքիան հանդես գալիս է որպես կատարող, որին միտումնավոր են առաջ քաշում: ՆԱՏՕ-ն միանշանակ պատերազմ է հրահրում: Եւ Պուտինն իր պարտքը համարեց զգուշացնել Թուրքիայի առաջնորդներին, որ Ռուսաստանը չի ների, եւ կլինեն այլ պատասխաններ: Թուրքիան, այսպես ասած, հայտնվել է քաղաքական ցայտնոտում եւ կորցրել է տարածաշրջանում իր դերը: Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ ցանկացած երեւույթ, ցանկացած մանրուք կարող է մեզ հավասարակշռությունից հանել:
քաղաքագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ սիրիական գործոնը, իհարկե, տարածաշրջանում մեծ նշանակություն ունի, բայց այդ ամենը ես դիտարկում եմ առաջին հերթին մեր սիրիահայության խնդիրների հետ կապված, քանի որ մենք Սիրիայի հետ ընդհանուր մի խնդիր ունենք՝ մեր սիրիահայության անվտանգության եւ բարեկեցության խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է Էրդողան եւ Պուտին հարաբերություններին, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ կկատարվի, եւ ինչ գործընթացների ականատես կլինենք, եւ այս առումով դեռ զերծ կմնան որեւէ մեկնաբանությունից: Որպես քաղաքական գործիչ եւ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ կարծում եմ, որ դեռ պատերազմական գործողություններ չեն լինի: Ինչո՞ւ, որովհետեւ կարծում եմ՝ Սիրիայի ներսում կլինեն փոփոխություններ, եւ պատերազմական գործողություններ չեն լինի: Կանխատեսումներ անելը եւս համարում եմ անշնորհակալ գործ:
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ