Ինչպես հայտնի է՝ «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-19-ը: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է Հայաստանի եւ արտերկրի հայ ռեժիսորների 18 ֆիլմ, որոնք ընտրվել են 90 ֆիլմերից: «Ժողովուրդ»-ը «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանից հետաքրքրվեց` այս տարի ծրագրում ներկայացված ֆիլմերն իրենց որակով զիջում, թե գերազանցում են նախորդ տարիների ֆիլմերին, դեռեւս ինչ բացեր ունեն հայ ռեժիսորների ներկայացրած ֆիլմերը, հիմնականում որ որակներից են դրանք «կաղում» եւ արդյոք կարելի է «Ոսկե ծիրան»-ից «դուրս հանել» Հայոց ցեղասպանության թեմայով նախադեպը չունեցող ֆիլմ:
Ր. Մովսիսյանի խոսքով` այս տարի ընտրվել են տեւողությամբ կարճ, սակայն գեղարվեստական արժեքով բարձր ֆիլմեր. «Պետք է անկեղծ լինեմ եւ նկատեմ, որ հայկական ծրագրի ֆիլմերն այս տարի բավական զիջում էին նախորդ տարիներին ներկայացված ֆիլմերին: Ուստի մենք փորձել ենք որեւէ կոմպրոմիսի չգնալ եւ ընտրել նախորդ տարիներին ներկայացված գործերին իրենց գեղարվեստական արժեքով չզիջող ֆիլմեր: Մեզ համար կարեւորը ոչ թե ժամ, այլ որակ ապահովելն է»,-ասաց նա:
Կինոքննադատի համոզմամբ` հայ ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի հիմնական խնդիրները շարունակում են մնալ ռեժիսուրայի, սցենարի, դերասանական խաղի թերությունները: Իսկ, ահա, օպերատորական աշխատանքի առումով մեր ֆիլմերը բավականին կայացած են:
Եթե համեմատելու լինենք Հայաստանի եւ արտերկրի հայ ռեժիսորների աշխատանքները, Ր. Մովսիսյանի կարծիքով, թեմատիկ առումով մեզ մոտ նկարահանված ֆիլմերն ավելի հետաքրքիր են, սոցիալական բնույթ ունեն, իրական են, կյանքին մոտ, իսկ, ահա, զուտ արտադրական, տեխնիկական առումով դրսում նկարահանված ֆիլմերն ավելի բարձրորակ են:
Ինչ վերաբերում է ցեղասպանության թեմային հայ ռեժիսորների անդրադարձերին, կինոքննադատը նշեց, որ դրանք մեծ թիվ են կազմում, ընդ որում, թե՛ այստեղի, թե՛ դրսի հայ ռեժիսորների ֆիլմերում: Հարցին, թե հատկապես որ ֆիլմի հետ է հույսեր կապում, Ր. Մովսիսյանը պատասխանեց. «Փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն»-ը (Ֆրանսիա, 2015): Այն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների ծրագրում: Այդ ֆիլմի հաջողության հետ կապված մեծ հույսեր ունեմ, ունենք նաեւ ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր»,-եզրափակեց կինոքննադատը:
Աննա Բաբաջանյան