Հայաստանը գնալով ավելի է աղքատանում. թվերը ուռճացնելը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության մեջ կան մի քանի տվյալներ, որոնց արժանահավատությունը քիչ կասկածի տեղիք է տալիս, քանի որ այդ թվերը միայն ՀՀ գերատեսչություններում չեն արձանագրվում: Ոսւտի դրանք խեղաթյուրելը կամ ուռճացնելը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ: Այդպիսի տվյալներից են արտաքին առեւտրի ցուցանիշները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 488 միլիոն 682 հազար 100 դոլար՝ անցած տարվա 576 միլիոն 267 հազար դոլարի դիմաց, անկումը կազմել է 87 միլիոն 584 հազար 900 դոլար, կամ նույնն է, թե 15,2 տոկոս: Նշենք, որ արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ կրճատմամբ: Մասնավորապես, եթե անցած տարի Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 106 միլիոն 869 հազար 800 դոլարի ապրանք, ապա այս տարի այդ թիվը կազմում է 3 միլիոն 593 հազար 900 միլիոն:

Ընդհանուր ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումն այս տարվա հինգ ամիսներին կազմել է 15 միլիոն 693 հազար 300 դոլար՝ անցած տարվա 123 միլիոն 695 հազար 600 դոլարի դիմաց, անկումը կազմել է 87,3 տոկոս: Դեպի Եվրոպական միության երկրներ արտահանումը եւս այս տարի նվազել է, բայց ոչ այդքան նշանակալի: ԵՄ երկրներ արտահանումն այս տարի կազմել է 182 միլիոն 464 հազար 800 դոլար` անցած տարվա 194 միլիոն 300 հազար 700 դոլարի համեմատ: Այստեղ անկումը կազմում է 6,1 տոկոս:
Նշենք, որ ներմուծումը եւս նվազել է 38 տոկոսով: Անցած տարվա հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 725 միլիոն 292 հազար 500 դոլարի ապրանք, իսկ այս տարի` 1 միլիարդ 70 միլիոն 180 հազար 700 դոլարի: Ներմուծման ծավալների անկման շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդն անցած տարվա համեմատ կիսով չափ նվազել է: Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի բնակչության գնողունակության կտրուկ անկման մասին:

Այն փաստը, որ ներմուծման անկումը անհամեմատ ավելի մեծ է, քան արտահանման եւ տրանսֆերտների արդյունքում Հայաստան եկող գումարների ընդհանուր չափը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտերկրից եկող գումարների մի մասն էլ սովորաբար գալիս է կանխիկի տեսքով, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները գումարներն իրենց հետ են բերում կամ հարազատներից մեկի հետ ուղարկում: Այս գումարները սովորաբար պաշտոնական վիճակագրությունում չեն արձանագրվում: Բայց կասկածից վեր է, որ դրանք եւս կտրուկ նվազել են, ինչի արդյունքում էլ ներմուծման ցուցանիշներն անկում են գրանցում:

Մեկ ուշագրավ տվյալ եւս. ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին հինգ ամսիներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 4,5 տոկոսով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ եթե 5 տոկոսանոց գնաճը հանում ենք, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալների աճից բան չի մնում: Առավել ուշագրավ է այն փաստը, որ այդ ցուցանիշը հնարավոր է եղել ստանալ միայն հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքի ծավալների 32 տոկոս աճի պայմաններում: Իսկ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղերից է:

Մեր երկրի մշակող արդյունաբերության ճյուղում արտադրանքի ծավալները նվազել են 1,3 տոկոսով, կամ նույնն է, թե շուրջ 4 միլիարդ դրամով: Այս տարվա առաջին հինգ ամիսներին ընդհանուր առեւտրի շրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով, որից մանրածախ առեւտուրը նվազել է 6,9 տոկոսով, մեծածախ առեւտուրը` 11,3 տոկոսով, իսկ ավտոմեքենաների առեւտուրը՝ 10,7 տոկոսով:

Որպես վերը բերված թվերի ամփոփում՝ նշենք, որ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով արձանագրել են 2,7 տոկոս տնտեսական աճ: Կարծում ենք՝ անիմաստ է փորձել հասկանալ, թե ինչպես են նրանք այդ ցուցանիշը ստացել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս