ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ ՊԵԿ-ի շնորհիվ: Ըստ պատգամավորի՝ նրանք են նպաստել այդ գործընթացին:
-Պարո՛ն Աղաբաբյան, արդեն երկու օր է՝ Դուք Բաղրամյան պողոտա եք գնում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների հետ զրուցելու համար: Ինչո՞ւ որոշեցիք միանալ նրանց, ինչպե՞ս եք տեսնում հարցի հանգուցալուծումը:
-Ես ընդամենը դիտորդ եմ այնտեղ, մասնակից չեմ: Իմ կարծիքով պահանջը շատ բնական է եւ ճիշտ, ոչ թե 7 դրամի մասին է խոսքը, այլ դա կանգնացնել է պետք, ախորժակը փակել է պետք, որպեսզի ամեն տարի ինչ-որ մի մասնավոր ֆիրմա ՀՀ-ում նման բան չանի: Բնականաբար, այդ ակցիան համարում եմ ճիշտ, բայց ակցիան պետք է ունենա իրագործելու ճիշտ ձեւերն ու մեթոդները, պետք չի այդ ակցիային խառնել որեւիցէ մի բան, պետք չի քաղաքականացնել: Խնդիրը սոցիալական է ու մեր բոլորի արդարացի պահանջն է, որպեսզի, ի վերջո… հասկացանք՝ ռուսական ֆիրմա եք, ինչ եք, ձեր համար եք, մի՛ էկեք էստեղ… դա էներգետիկ համակարգ է, դա կոմունիկացիա է ու դա չի կարող վնասով աշխատել, պետք է միշտ եկամուտ ունենա: Ինչպես կարելի է ամեն տարի ժողովրդի հաշվին եկամուտ ավելացնել, տենց չի լինում: Իսկ հարեւան երկրներին էժան էներգիա են վաճառում: Դրա համար մեր երկրի նախագահը որոշում է կայացրել աուդիտ անել ու պարզաբանել, թե այդ չարաշահումները որտեղից են գալիս: Ժողովուրդն էլ պետք է նախագահին լսի ու հավատա: Պետք չի այն քաղաքականցնել, ամերիկա-ուկրաինական Մայդան դարձնել եւ այլն: Սա շատ սովորական պահանջ է, որը ես կհամարեի, որ մեր առողջ երիտասարդները, որոնք Մովսես Գյորգիսյանի ասած՝ մեր վաղվա Հայաստանն են… այդ մարդիկ շատ ինտելեկտուալ, շատ կազմակերպված, սիրուն ակցիա են իրականացնում: Շատ հազվադեպ է պատահում այսքան դաստիարակված, այսքան անսահման մեծ սեր ու հարգանք վայելող երիտասարդություն, ինչիպիսին մերն է:
-ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս Բաղրամյան պողոտա էր եկել՝ ակտիվիստների հետ զրուցելու համար, սակայն նրան դիմավորեցին ու ճանապարհեցին հայհոյանքներով՝ նշելով, թե իշխանության ներկայացուցիչների հետ իրենք որեւէ բան չունեն խոսելու: Դուք եւս իշխանական կուսակցության ներկայացուցիչ եք, ինչպե՞ս է ստացվում, որ նույն դիմադրությանը չեք արժանանում:
-Ես հասկանում եմ, թե իրենք ինչի համար են կանգնել, Աշոտյանն էլ է երեւի փորձել այդ նույն բանն ասել, ուղղակի չեն ընդունել: Չգիտեմ, միգուցե դա անձի հետ է կապված, կամ չգիտեմ՝ ինչի հետ է կապված, նա էլ է նույն բանն ուզեցել ասի, որ մենք էլ ենք կողմ, որովհետեւ նման խնդիրներ ու նման հարցեր կան: Եթե Աշոտյանին չսիրողներ կան ու հարձակվեցին այդ խեղճ տղայի վրա, ես ինչ ասեմ:
-Տեսակետ կա, որ Դուք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր կեցվածք եք ընդունել, քանի որ իշխանությունները Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր տուգանքների են ենթարկում: Արդյո՞ք դա կապ ունի Ձեր` Բաղրամյան պողոտա այցելելու հետ:
-Ես ընդդիմադիր կեցվածք երբեք չեմ ընդունել ու իշխանություններն իմ հետեւից ընկած չեն: Ուղղակի հասարակ ստուգումներ են, որոնց արդյունքում տուգանքներ են նշանակվել, մենք էլ կարող ենք սխալվել, հարկայինն էլ, ինչ է եղել, այդ ամենն էլ կպարզաբանվի: Այնպես որ դա որեւէ կապ չունի, ես միշտ էլ արդարության կողմնակից եմ եղել ու միշտ էլ անկեղծ եմ վերաբերվել այդ հարցերին, ես խնդիր կամ պրոբլեմ չունեմ, որ ընդդիմություն լինեմ: Երկրորդն էլ՝ եթե կուսակցության մեջ կա չարն ու բարին, լավն ու վատը, այդ ամեն ինչը կարելի է պարզաբանել, որը ոչ մի բանի չի խանգարելու:
-Դուք այս ժամանակահատվածում պարտքեր եք կուտակել, ըստ մեր տեղեկությունների՝ 180 հազար դրամ եք պարտք նաեւ «Պրեսս Ատտաշե» կազմակերպությանը: Ի՞նչ պարտքեր եք կուտակել ու ինչո՞ւ դրանք չեք վճարում:
-«Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: Առավել եւս Ծառուկյան Գագիկի հայտարարությունը, թե ես ձեզ ձրի տեղ կտամ, մարդկանց խաբեց, տարավ իրա մոտ, մենք ընկանք մեծ ճգնաժամի մեջ, ու մեր հաշիվների վրա կալանք դրվեց, որովհետեւ մենք չկարողացանք մեր ֆինանսական պարտավորությունները կատարել: Բնականաբար, մենք 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, եւ մեր աշխատակիցները բողոքել են դատարան, մենք ընկել ենք ցայտնոտի մեջ… ոչ թե վտանգավոր, այլ նորմալ իրավիճակի մեջ էինք… մենք էլ դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի: Մենք սնանկ ենք ճանաչվել ինչի համար, որովհետեւ երբ հաշիվների վրա կալանք դրվեց, մենք շատ պարտատերեր ունենք, որոնք վճարները չեն տվել: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որպեսզի կարողանանք մեր հաշիվները կալանքից դուրս հանել եւ մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել, որովհետեւ տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, տոնավաճառն էլ` կեսը Ծառուկյան Գագոն տարավ, մյուս կեսն էլ հարկայինը տարավ, «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին:
ԶՐՈՒՑԵՑ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԼՌՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՈՒԼ ՏԱԼԻՍ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ»
ՀՀ Լոռու մարզի Ապավեն գյուղի բնակիչները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. այստեղ հունիսի 17-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով նրանք մեծ վնասներ են կրել: Նրանց հեկտարներով խոտհարքներն ամբողջովին վնասվել են, իսկ դրանով նրանք իրենց անասուններին են կերակրում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ապավենի գյուղապետ Հովհաննես Խաչատուրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատուրյան, օրեր առաջ Ձեր գյուղում ուժգին կարկուտ է տեղացել: Որքա՞ն են կազմում բնակիչների կրած վնասները:
-Երեք օրվա մեջ երկու անգամ գյուղը կարկտահարվեց, 100 տոկոսով վնաս ենք կրել: Հիմա բնակիչներն այդ խնդրով են տարված: Վնասվել են ոչ միայն տնամերձ այգիները, այլեւ խոտհարքը: Իսկ դա էլ իրենց միակ հիմնական միջոցն է անասուններին կերակրելու: Թե չէ անասնակերը շատ թանկ է: Խոտը բավականին աճել էր ու բարձրացել, տեղացած կարկուտի պատճառով հիմա լրիվ գետնին հավասար է դարձել. նեխել է, բորբոսնել: Բացի այս, մոտ 15 տան տանիք է կոտրվել: Մարզպետարանում տեղյակ են, վնասներն արդեն հաշվարկվել են: Մենք էլ սպասում ենք:
-Իսկ Էլէներգիայի սակագնի թանկացումն ինչպե՞ս են ընդունում գյուղաբնակները:
-Կարկուտը մի կողմից, էլէներգիայի թանկացումը՝ մյուս կողմից: Առանց այն էլ ծանր վիճակն էլ ավելի ծանրացրեց:
-Այսինքն՝ արդեն հաշտվե՞լ են էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 7 դրամ թանկացման հետ:
-Համաձայն չեն, դժգոհում են, որովհետեւ այսպես թե այնպես մարդիկ լավ չեն ապրում: Եւ մի փոքր թանկացումն էլ ազդում է իրենց գրպանի վրա: Պարզ ճշմարտություն է, որ այսօր բոլորս էլ առանց էլէներգիայի չենք կարող ապրել: Կոնկրետ մեր գյուղը գազաֆիկացված չէ, եւ մենք սպառում ենք միայն էլէներգիա:
-Ի՞նչ են պատրաստվում անել ապավենցիները:
-Ոչ մի բան, ի՞նչ կարող են անել: Երեւանում կարգերն այլ են, գյուղերում՝ այլ: Մենք լուռ համակերպվում ենք էլէներգիայի թանկացման հետ: Եւ, ընդհանրապես, մենք լռությամբ ենք կուլ տալիս թանկացումները: Տեսնենք, թե այսպես մինչեւ ուր կհասնեն: Եթե հնարավորություն ունենային, հաստատ կմիանային Երեւանում պայքարող քաղաքացիներին: Այստեղ մարդիկ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, օրեցօր մի բան թանկանում է, մի խնդրին հետեւում է մեկ այլ խնդիր եւ այդպես շարունակ: Մարդիկ արդեն խելագարվում են խնդիրների մեջ: Հիմա էլ գյուղացիները սկսել են մտածել ձմռան ամիսների համար փայտ հավաքելու մասին:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՍՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ ԿԵՍՕՐ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղը նախկինում հռչակված էր հայ-վրացական սահմանային շուկայով: Այդ շուկան հազարավոր աշխատատեղեր էր ապահովում Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան գյուղերի, Նոյեմբերյանի եւ Ալավերդու տարածաշրջանների բնակիչների համար: 2006թ. Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ սահմանամերձ շուկան փակվեց: Դրանից հետո Բագրատաշենի բնակչությունը նվազեց` հասնելով 3000-ի: Նշենք, որ մինչ շուկայի փակվելը, Նոյեմբերյան քաղաքից օրվա տարբեր ժամերին 4-6 ուղերթ էր կատարվում դեպի Բագրատաշեն եւ հակառակ ուղղությամբ: Մինչդեռ այժմ Բագրատաշենից մինչեւ Նոյեմբերյան օրական երկու միկրոավտոբուսային ուղերթ է գործում: Առավոտյան ժամը 8-ին միկրոավտոբուսը Նոյեմբերյանից մեկնում է Բագրատաշեն, կես ժամ անց վերադառնում: Նույն միկրոավտոբուսը երկրորդ անգամ Բագրատաշեն է մեկնում ժամը 11:30-ին: Բացի այդ՝ գործում է Իջեւան-Բագրատաշեն ուղերթը, այդ ուղեգծի միկրոավտոբուսը Նոյեմբերյան է հասնում ժամը 12-ին: Բագրատաշենցիները «Ժողովուրդ»-ին դժգոհեցին, որ իրենք պետք է հասցնեն գործերը Նոյեմբերյանում ավարտել ամենաուշը մինչեւ կեսօր, որպեսզի կարողանան միկրոավտոբուսով ետ վերադառնալ: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բուժվող բարեկամներին կեսօրից հետո տեսության գնացող կամ տարբեր հիմնարկներում գործեր ունեցող բագրատաշենցիները չեն կարողանում միկրոավտոբուսներով տուն վերադառնալ եւ ստիպված են օգտվել տաքսիներից: Իսկ տաքսիների վարորդներն էլ, ովքեր նախկինում Նոյեմբերյանից Բագրատաշեն էին հասցնում 3000 դրամով, այս տարվա սկզբից պահանջում են արդեն 4000 դրամ:
ԼՔԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ
Սահմանամերձ Ոսկեպար գյուղի 2 բնակիչ գյուղի միջնակարգ դպրոցից վերցրել են իրենց 4 երեխաների փաստաթղթերը: Այդ երեխաները նոր ուսումնական տարին կսկսեն Ռուսաստանի Դաշնությունում: Աշնանը սպասվում է եւս 2 երեխայի տեղափոխություն Ռուսաստան: Նրանց ծնողները բնակվում, աշխատում են ՌԴ-ում եւ այժմ երեխաներին տատիկ-պապիկների մոտից տեղափոխում են իրենց մոտ: 1970-ական թվականների վերջերին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, մինչդեռ այս տարվա սեպտեմբերին աշակերտների թիվը կարող է լինել 60-65:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ