ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է անցած տարվա համեմատ լուրջ անկում արձանագրել: ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է տրանսֆերտների այս տարվա մայիսի տվյալները, որտեղից տեղեկանում ենք, որ ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան է փոխանցվել 131 մլն 905 հազար դոլար, իսկ Հայաստանից դուրս է եկել 58 միլիոն 951 հազար դոլար: Այսինքն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կամ ավելի պարզ`եկած եւ Հայաստանում մնացած գումարը կազմել է 72 միլիոն 953 հազար դոլար:

Անցած տարվա մայիսին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 111 միլիոն 912 հազար դոլար: Ի դեպ, այս տարի տրանսֆերտների զուտ ներհոսքից Ռուսաստանին բաժին է հասել 64 միլիոն 846 հազար դոլար, անցած տարվա 108 միլիոն 315 հազար դոլարի դիմաց: ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 8 միլիոն 628 հազար դոլար, անցած տարվա բացասական արդյունքի դիմաց: Բանն այն է, որ անցած տարվա տվյալներով՝ ԱՄՆ-ից եկած տրանսֆերտները 1 միլիոն 512 հազար դոլարով պակաս էին եղել Հայաստանից այդ երկիր փոխանցված գումարներից:
Այս տարվա հինգ ամիսներին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 235 միլիոն 402 հազար դոլար: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 424 միլիոն 791 հազար դոլար: Այսինքն՝ հինգ ամիսների կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է 189 միլիոն 389 հազար դոլար, կամ նույնն է, թե 44,6 տոկոս: Այսպիսով, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ այն կանխատեսումները, թե այս տարի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող տրանսֆերտները անցած տարվա համեմատ առնվազն կիսով չափ պակաս են լինելու, իրականանում են: Վերջին երեք ամիսներին միջազգային շուկայում նավթի գները որոշակիորեն կայունացան, ինչը հանգեցրեց նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի կայունացման: Թվում էր, թե նման պայմաններում այդ երկրից դեպի Հայաստան եկող տրանսֆերտները կվերականգնվեն եւ կվերադառնան նախկին մակարդակին: Սակայն Ռուսաստանից եկող տրանսֆերտների աճը նշանակալի չեղավ, եւ գումարները չվերադարձան նախկին մակարդակին:
Ինչպես հայտնի է՝ միայն վերջին մեկ ամսում ՀՀ ԱԺ-ն մի քանի վարկային համաձայնագրեր է վավերացրել: Մասնավորապես, վերջին արտահերթ նիստում վավերացվեց մի համաձայնագիր, որը կնքվել է Գերմանիայի Կառավարության հետ եւ, ըստ այդմ, Հայաստանը ստանալու է 205 մլն եվրոյի վարկ: Մեկ այլ համաձայնագրով էլ էներգետիկայի ոլորտի համար 58 մլն դոլարի վարկ տրամադրվեց: Իսկ արդեն հունիսի 2-ին խորհրդարանը կվավերացնի Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 200 մլն դոլարի ռազմական վարկը: Չնայած վարկային գումարների ընդհանուր հանրագումարը բավական նշանակալի թիվ է կազմում, սակայն գործնականում դրանք տրամադրվելու են կոնկրետ ծրագրերի շրջանակներում եւ մաս-մաս: Ուստի ստացվում է, որ ՀՀ Կառավարության այս տարի վերցրած վարկերի մասնաբաժինները կբավարարեն միայն Հայաստանի տնտեսության` տրանսֆերտների նվազման արդյունքում առաջացած «պակասուրդը» վերականգնելու համար: Իսկ տնտեսական աճ եւ զարգացում ապահովելու համար այդ գումարները, մեղմ ասած, բավարար չեն: Ավելին՝ Հայաստանի տնտեսությունն առանց նոր ներդրումների չի կարող զարգանալ: Վարկերով, լավագույն դեպքում, հնարավոր կլինի առժամանակ պահպանել ներկա վիճակը եւ տնտեսությունում թույլ չտալ կտրուկ ու քաոսային անցուդարձ առաջացնող անկումներ:
Բայց դա չի նշանակում, որ ՀՀ Կառավարությունը համեստություն կդրսեւորի եւ իր պաշտոնական վիճակագիրներին չի հրահանգի, որ նրանք իրականությունը վարդագույն երանգներով ներկայացնեն` անկախ այն հանգամանքից, որ դրանից մարդկանց կյանքը չի լավանում: Մարդկանց եկամուտները շարունակում են նվազել, իսկ գներն էլ շարունակում են անդադար աճել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՆ ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում ծիրանի բերքահավաքը սկսվել է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ծիրանի արտահանման տվյալներն օր օրի ավելանում են: Սրան զուգահեռ շատերը պնդում են, որ այս ընթացքում արտահանվում է որակյալ եւ համեմատաբար թանկ արժեք ունեցող ծիրանը, իսկ ներքին շուկան ողողված է ավելի շատ խալավոր ու անորակ, ճխլված ծիրանով:

Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ այս տարվա ընթացքում Հայաստանից արդեն արտահանվել է 34 հազար 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 հազար 963 տոննայի դիմաց: Իսկ, ահա, նախօրեին Հայաստանից արտահանվել է 9 հազար 656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Նշենք, որ հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Նորվեգիա, Ավստրիա եւ Շվեյցարիա: Ի դեպ, հունիսի 26-ից սկսել են ծիրան մթերել նաեւ պահածոների գործարանները՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն:
Ծիրանի բերքահավաքի թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արարատի մարզի Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է գյուղում: Պարզվեց, որ գյուղի բնակիչներն իրենք իրենց ուժերով են ծիրանն իրացնում ու արտահանում: Վերջինս ասաց. «Ծիրանը համարյա մթերել, վերջացրել ենք: Գյուղի բնակչության 90 տոկոսն արդեն վաճառել է: Մի քանի հարեւան հավաքվել են, մի ֆուռ են պատվիրել եւ իրենց ապրանքը արտահանել են դեպի Ռուսաստանի Դաշնություն: Իրենք իրենց միջոցներով են դա կազմակերպել»:
Իսկ, ահա, Արմավիրի մարզի Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշեց, որ իրենց գյուղում դեռ ծիրան կա, եւ մարդիկ շարունակում են այն հավաքել: «Գյուղացիները ե՛ւ ֆուռերով են արտահանում, ե՛ւ ներքին շուկայում են իրացնում: Բացի այս՝ Վրաստանից են գալիս ու տանում: Գյուղացիները հիմա մտածում են, թե ինչպես ծիրանը փող սարքեն ու իրենց խնդիրները լուծեն»,- լրացրեց գյուղապետ Մարգարյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ինքնաթիռով ծիրան ուղարկելու դեպքում գյուղացիները մեկ կիլոգրամը վաճառում են 700 դրամով, ֆուռերով տեղափոխողներին՝ 200-400 դրամով: Իսկ, ահա, պահածոների գործարանները օրեր առաջ ծիրանի 1 կիլոգրամն ընդունում էին 250 դրամով, իսկ հիմա՝ 150 դրամ է, որն էլ, իհարկե, մի երկու օրից նորից կէժանանա ու կդառնա 50 դրամ:
Իհարկե, կասկած չունենք, որ ծիրանի առատ բերքը պաշտոնական վիճակագիրներն օգտագործելու են, որպեսզի ապագայում գյուղմթերքի երկնիշանի մեծ աճ արձանագրեն, իսկ դափնիները կշնորհեն գյուղատնտեսության նախարարությանն ու Կառավարությանը, կարծես թե իրենք են բնության բարեհաճությունն ապահովել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾ` ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԴԵՄ
Հունիսի 24-ին Իջեւանի երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում երաժշտական դպրոցի շվիի դասատու, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանը, վիճաբանության մեջ մտնելով, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երաժշական դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հասցեին: Այդ կապակցությամբ երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի 9 անդամներ դիմել են ոստիկանության Իջեւանի բաժին, այնտեղից էլ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ ներկայումս ընթացքի մեջ է Էդգար Ամիրյանի նկատմամբ հարուցված մեկ այլ գործ: Վերջերս Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն էր առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը, դատարանի որոշումը ձեռքին, փորձել էր Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք, այդ թվում Էդգար Ամիրյանը, նրան խոչընդոտել էին:
Այդ առնչությամբ Է. Ամիրյանի նկատմամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածով 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»): Հավելենք, որ Է. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա կեղծ վկայականով, որպես շվիի կատարող, 2004թ. աշխատանքի է ընդունվել Իջեւանի երաժշտական դպրոցում:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Է. Ամիրյանը 2013թ. հուլիսի 29-ին աշխատանքից ազատվելու վերաբերյալ 2013թ. հունիսի 26-ի իր հրամանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկելու ընթացքում որպես ապացույց է ներկայացրել վերահիշյալ կեղծ վկայականը, որի հիման վրա վերականգնվել է նախկին աշխատանքում: Դրա համար Է. Ամիրյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: 2016թ. ապրիլի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Է. Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Է. Ամիրյանը բողոքարկել է սույն դատավճիռը, պահանջելով առաջադրված մեղադրանքում իրեն արդարացնել: Ներկայումս այդ գործի քննությունն ընթանում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս