100 երգ փրկվել է մոռացությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն առաջին անգամ հնչեցրեց Շիրակի մարզի 20 համայնքում հավաքագրված և մոռացությունից փրկված երգերը։ Այս համերգով ամփոփվեց «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան» ծրագիրը, որն իրականացրել էր «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում կազմավորված արշավախումբը մարզի տարբեր համայնքներում հավաքել, նոտագրել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից Ցեղասպանության հետևանքով մազապուրծ եղած և Շիրակի մարզում հաստատվածների ժառանգների հուշերում պահպանված երգերը, երգեր, որոնք մեր կորուսյալ հայրենիքի մասունքն են։ Հավաքագրվել է 100 երգ՝ ողբերգեր, պանդխտության, օրորոցային, ծիսական, աշուղական պարերգեր։ Դրանցից 10-ը, որոնք բացառապես անհայտ նմուշներ էին, ընդգրկվել են առանձին ժողովածուի մեջ։ Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում փրկված երգերը կատարեցին ոչ միայն  նվագախմբի երգիչները, այլև Քարաբերդ և Լանջիկ գյուղերի բանասաց տատիկները։

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ երգերի գործիքավորումը կատարել է ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ փորձելու են ապահովել ծրագրի շարունակականությունը, նախ նոր երգեր գրի առնելու առումով, բացի այդ, ընդլայնելով իրենց գործունեության աշխարհագրությունը։ ՀԿ ներկայացուցիչները ծրագրել են հավաքչություն իրականացնել նաև Ջավախքում, Լոռիում, որտեղ մշակութային մեծ ժառանգություն կա։ Նախատեսվում է նաև կազմակերպել հավաքագրված երգերի ուսուցումներ։ Ղարիբ Հարությունյանը նկատում է, որ այս ոլորտում մեծ աշխատանք կա անելու, քանի որ մոռացության մատնված երգերը բավականին շատ են։ Դրանք առայժմ հիշում, երգում և պահպանում են Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգները։ Սակայն հետևողական չլինելու, թղթին չհանձնելու դեպքում շատ հնարավոր է՝ կորցնենք։

Հետևյալ հղմամբ կարող եք ունկնդրել բանասաց Ջեմա Կարապետյանի ներկայացրած հարսանեկան երգը։ Ջեմա Կարապետյանը Լուսակերտ գյուղից է: Նախնիները գաղթել են Մուշից և Սասունից 1915թ.:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս