ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ԹԻՄԵՐԻ» ԵՆ ԲԱԺԱՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պառակտվել է տարբեր թիմերի:

-Տիկի՛ն Վարդանյան, Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից հունիսի 23-ին կիրառված բռնությւնների արդյունքում ոտնահարվեցին ինչպես ցուցարարների, այնպես էլ լրագրողների իրավունքները: Սակայն Դուք՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, օպերատիվ չարձագանքեցիք տեղի ունեցածին: Ի դեպ, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւս որեւէ կերպ «չխառնվեց»: Ինչո՞ւ նման անտարբերություն դրսեւորեցիք:
-Գիտեք՝ այնտեղ գտնվելու խնդիրը կայանում էր նրանում, որ միգուցե որեւէ մեկը չէր սպասում, որ նման կոպիտ խախտում կլինի ոստիկանության կողմից, որովհետեւ իմ գնահատմամբ ջրցան մեքենաներով չէր, որ պետք էր իրականում արձագանքել, այստեղ մարդու իրավունքների տեսանկյունից իսկապես լրջագույն խնդիր կա: Բայց ես պետք է անկեղծանամ ու նշեմ, որ թե՛ ակցիայի ընթացքում, թե՛ ակցիայի սկզբում ես կապի մեջ եմ եղել ՄԻՊ գրասենյակի հետ: Եթե առանձին դրվագների բաժանենք ոստիկանության գործողությունները, որոշ դրվագներում իրավաչափությունը չի պահպանվել, ու ոստիկանությունը խորհելու բան ունի: Որովհետեւ բարեփոխված եւ նոր ոստիկաններին հարիր վարքագիծ չէր դա: Այս պահին մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովները համատեղ հարցումներ են ուղարկել ոստիկանությանը, ՄԻՊ գրասենյակին եւ ՀՀ փաստաբանների պալատին՝ իրենց գնահատականները տալու համար: Ինչպես նաեւ խնդրել եք ոստիկանությունից պարզաբանումներ ներկայացնել, թե այդ ինչով են ղեկավարվել՝ ջրցան մեքենայով խաղաղ հավաքը ցրելու համար:
-Այնուամենայնիվ, ոստիկանությունն իր գործողություններն իրականացրել է, եւ Ձեր արձագանքը, մեղմ ասած, ուշացած է: Ի՞նչ է փոխվելու այն հայտարարությունից, որը Ձեր ղեկավարած հանձնաժողովն անելու է, ինչո՞ւ բուն իրադարձությունների ժամանակ քաղաքացու կողքին չեք լինում:
-Մարդու իրավունքների պաշտպանը, բնականաբար, իր գործառույթներն իրականացնում է սահմանված լիազորությունների շրջանակներում: Նշված օրը ես անմիջական կապի մեջ էի ՄԻՊ գրասենյակի հետ, ու արագ արձագանքման խումբը ինչպես այդ օրը, այնպես էլ հաջորդ օրը ամբողջ ոստիկանական բաժանմունքներում զբաղվում էր բերման ենթարկվածների ազատման խնդիրներով, ես շրջել եմ ոստիկանական բազմաթիվ բաժիններով, այնտեղ հանդիպել եմ նաեւ նրանց հետ ու ինֆորմացիայով փոխանակվել: Միգուցե առանձին դեպքերում պասիվ էր, բայց այն, որ օրենքի գործառույթների շրջանակներում աշխատում ենք, փաստը մնում է փաստ: Բացի այդ՝ արդեն նշեցի, որ մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել ու ակնկալում ենք, որ կստանանք պատասխանները, թե ինչու խաղաղ հավաքի նկատմամբ կիրառվեց նման ուժ: Իսկ մեր աշխատանքի գնահատականը պետք է տա քաղաքացին, ես իրադարձությունների ժամանակ անմիջական կապի մեջ եմ եղել ոստիկանության հետ, հաջորդ օրն էլ իմ իրավասությունների շրջանակներում զբաղվել եմ բերման ենթարկվածներով: Ինձ պետք չէր շոու սարքել: Բնականաբար, ինձ կենդանի պատի մեջ չեք տեսել, բայց ցուցարարները կարող էին վստահ լինել, որ ես իրենց կողքին եմ, դա միանշանակ է:
-Տիկի՛ն Վարդանյան, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում լարված մթնոլորտ է տիրում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, քանի որ պատգամավորները բաժանվել են տարբեր թիմերի: Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է «ղեկավարում» ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների, որոնց թվում եք նաեւ Դուք:
-Ես պետք է Ձեզ հարց ուղղեմ, թե որտեղից Ձեզ նման ինֆորմացիա, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխանում, ու ավելին` մինչ քվեարկությունները, տարբեր տեսակետ ունենալու դեպքում մենք այդ մասին հայտնում ենք եւ վերջում՝ քվեարկությունների ժամանակ, առավել ժողովրդավարական սկզբունքներով ենք առաջնորդվում: Ու եթե լինում են տարբերվող կարծիքներ, քվեարկում են այնպես, ինչպես իրենց համոզմամբ ճիշտ է:
-Այնուամենայնիվ, նշվում է, որ այդ տարակարծությունը գալիս է նրանից, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Դուք արտահայտում եք Ռ. Քոչարյանի տեսակետը: Արդյո՞ք Քոչարյանի հետ համաձայնեցվում են Ձեր քվեարկությունները:
-Ես արդեն նշեցի, որ դա իրականության հետ որեւէ կապ չունի:

 

 

 

 
ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ ԿՎԵՐՑՆԵՆ. ՄԵԿՆ ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ

Երեկ ՀՀ Կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց ՌԴ-ի կողմից ՀՀ-ին 200 միլիոն դոլարի ռազմական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Այդ վարկով նախատեսվում է ձեռք բերել ռուսական արտադրության ժամանակակից զինտեխնիկա: Վարկը 13 տարի մարման ժամկետով է՝ տարեկան 3 տոկոս դրույքով: Երեկ ԱԺ նիստին ներկա 97 պատգամավորներից միայն մեկը դեմ քվեարկեց այս համաձայնագրին, եւ այդ մեկը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի կողմից համաձայնագրի ներկայացումից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց փոխնախարարին. «Նշեցիք, որ մեր ռազմավարական դաշնակիցն է տրամադրում այս վարկը, եւ հավասարակշռությունը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է այս զինատեսակը: Մինչդեռ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա էլ մեզ վարկ է տրամադրում. մեր արտաքին պարտքն է ավելացնում: Հիմա սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերային հարաբերություններ են, որ մեր հակառակորդին անընդհատ զինում է, հետո էլ մեզ ստիպում է, որ իրենից պարտք վերցնենք եւ հավասարակշռությունը պահենք: Դուք գնացել եք, հիմա վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ: Ընդհակառակը, սա խոսում է այն մասին, որ դուք գնացել եք, նորից ձեզ ստորացրել եք եւ հիմա եկել եք, մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որը ստորացուցիչ պայմաններում ՀՀ-ին դնում է ահավոր վատ վիճակի մեջ»:
Նազարյանը վիրավորվեց Փոստանջյանի այս հայտարարությունից` արձագանքելով. «Դուք վիրավորում եք, հետո ուզում եք` ինչ-որ հարցի պատասխանեմ»:
Նկատենք, որ նույն` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հակառակ տեսակետը ներկայացրեց ու հավելեց, որ իրենց խմբակցությունն այդ հարցի վերաբերյալ տարբեր տեսակետ ունի: Փոստանջյանին դուր չեկավ Հակոբյանի հայտարարությունը եւ նա տեղից հակադարձեց` Հակոբյանին հորդորելով հանդես գալ իր եւ ոչ թե խմբակցության անունից: Ի պատասխան՝ Հակոբյանը միայն ժպտաց եւ շարունակեց իր խոսքը: «Շատ վարկեր են եղել, երբ Հայաստանը վասալային կերպարով է ներկայացել, եւ դրա համար իներցիոն ուժը տանում է, ասում է՝ երեւի սա էլ վասալային ինչ-որ բան է: Բայց սա իսկապես ռազմավարական է, երբ խորությամբ ուսումնասիրում ենք»,- փորձեց իր դիրքորոշումը հիմնավորել Հակոբյանը:
Ի վերջո, «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ ստորագրված ՀՀ Կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագրին դեմ քվեարկեց միայն Զ. Փոստանջյանը, իսկ մնացած 96 պատգամավորները կողմ քվեարկեցին համաձայնագրին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.9 տոկոսով: Նվազել է նաեւ կոնյակի արտադրության ծավալները՝ 21.2 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ հանքային ջրերի ոլորտում. այստեղ արտադրության ծավալները նվազել են 24.9 տոկոսով: Փոխարենը օղու արտադրության ծավալները հունվար-մայիս ամիսներին աճել են 3.9 տոկոսով: Ըստ էության, տեղական օղու արտադրության ծավալների աճը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Հայտնի է, որ տեղական արտադրության օղին, ի տարբերություն ռուսական կամ ուկրաինական օղիների, բավական էժան է, եւ մարդիկ սովորաբար լավը գնելու հնարավորություն չունենալով՝ տեղական օղի են գնում: Իսկ ինչ վերաբերում է գարեջրի, կոնյակի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների անկմանը, ապա այս դեպքում պատճառն այն է, որ տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանք գրեթե չի արտահանվում: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ եւ հանքային ջուր, վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջրի արտահանումը:

 

ՏՆՕՐԵՆԸ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի՝ մայիսի 6-ին ստորագրած հրամանով «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Կարապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Պատճառն այն է, որ տնօրենը խախտել է աշխատանքային կարգապահությունը եւ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ է կատարել: Արդյունքում մարզպետը նրա նկատմամբ կիրառել է խիստ նկատողութուն կարգապահական տույժը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Կարապետյանից, սակայն նա հրաժարվեց խոսել: Մեր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. «Ես չեմ ցանկանում այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ»:

 

ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանը սողանքավտանգ երկիր է, եւ հանրապետությունում գոյություն ունի մոտ 2540 սողանքային գոտի: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության՝ սողանքների թիրախում են հայտնվել թվով 230-ից ավել բնակավայր, գյուղատնտեսական հողատարածքներ, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ (երկաթուղի եւ ավտոմոբիլային ճանապարհներ), ինչն ուղղակի ազդում է աղքատության եւ արտագաղթի վրա: Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ Կառավարության հաստատմանը ներկայացրեց «Սողանքային տեղամասերի գույքագրման եւ մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցը»: Ըստ այդմ, համապատասխան կառույցներն այլեւս կիմանան, թե ինչպես է պետք գույքագրել սողանքները:




Լրահոս