ԱՆՑՆԵՆՔ ՀՅԴ-Ի ԽԱՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր թեկնածուի մասին համառորեն չի հայտնում նաեւ ՀՅԴ-ն, այլ ընդամենը ակնարկում է՝ մնացածը ԲՀԿ-ական ոճով թողնելով հաջորդ դասին: Հրանտ Մարգարյան+Արմեն Ռուստամյան–Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՅԴ-ի գործելաոճը դառնում է էլ ավելի անհասկանալի, իսկ բացատրություններն ուշանում են, եւ անորոշությունից բխող լարվածությունն ավելի է սրվում: Թե ինչ է ՀՅԴ-ի մտքին, փորձեցինք պարզել…
Հայաստանում առհասարակ խաղալ սիրում են բոլորը՝ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Խաղերը եւ խաղասրահները բազմաբնույթ են՝ օտարերկրացի զբոսաշրջիկների աչքը ծակող խաղատներից մինչեւ ինտելեկտուալ շախմատը, որում, ի դեպ, հայերը մեծ հաջողությունների են հասել: Իսկ եթե վերցնենք քաղաքական առումով, կարելի է ասել՝ ողջ քաղաքական դաշտը եւ երկիրը վերածվել են շախմատային խաղատախտակի, բայց, ի տարբերություն շախմատ մարզաձեւի, քաղաքական շախմատում գրոյսմաստերներ չեն, այլ հիմնականում դելիտանտներ: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի տված «խաղերն» արդեն այնքան են քննարկվել եւ ծամծմվել, որ այլեւս ակտուալ չեն: Սկզբնական շրջանում գոնե թեթեւ ծիծաղ էին առաջացնում, հիմա արդեն սովորական առօրյայի մասնիկ են:
Սակայն երկիրը միայն այդ երկու ուժերով չի սահմանափակվում, ունենք այլ՝ խոշոր եւ մանր քաղաքական ուժեր եւ մանր-մունր գործիչներ, որոնք նույնպես «խաղեր» տալու հակումներ ունեն՝ իրենց հնարավորությունների սահմաններում: Օրինակ՝ ՀՅԴ-ն այդ առումով ԲՀԿ-ից գրեթե չի տարբերվում, ընտրություններին մասնակցության ձեւի վերաբերյալ կրկին էական ոչինչ չի ասվել, ձեւակերպումների մեջ նույն «լղոզելու» ավանդական տեխնոլոգիան է: «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախատեսում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ: Այդ քննարկումների արդյունքում «Դաշնակցություն»-ը կհստակեցնի իր մասնակցության ձեւն ու տարողությունը նախագահական ընտրություններին»,-ասված է կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ, իսկ ավելի շուտ՝ էական ոչինչ էլ ասված չէ: Քննարկումներ, իհարկե, տեսնում ենք՝ «ընդդիմություն-ընդդիմություն» են խաղում (ավանդական հայկական խաղի տեսակ), ՀՀԿ-ին քննադատում, ԲՀԿ-ին տնտղում, հետո Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը Սերժ Սարգսյանի հետ են հանդիպում, 7 կետերից 2-ն էլ մերժվում են: Ի դեպ, մերժված կետերից մեկը՝ հայ-թուրքական արձանագրությունից ստորագրություն հետ կանչելու վերաբերյալ, ՀՅԴ-ի համար խիստ սկզբունքային է: Բայց, այդքանով հանդերձ, քննարկումները Ս. Սարգսյանի եւ այլոց հետ կարող են շարունակվել:
Հարց ՀՅԴ-ին. եթե դուք (ինչպես հայտարարել էիք) կսատարեք միայն առաջարկած 7 կետերն ընդունողին եւ, հետեւաբար, տրամաբանորեն ոչ մի կերպ չեք կարող սատարել Ս. Սարգսյանին, ավելին, Հ. Մարգարյանն էլ ասել է, որ ՀՅԴ-ն նախագահի թեկնածու ունի, պարզապես չի հայտարարում այդ մասին, այդ դեպքում քննարկումների ի՞նչ շարունակության մասին է խոսքը: Թե՞ միգուցե ձեր խոսքն էլ գործ չէ: Հարցի պատասխանը, իհարկե, ցանկալի կլիներ ստանալ ՀՅԴ ներկայացուցիչներից, սակայն վերջիններս պարզապես հրաժարվեցին «Ժողովուրդ»-ի հետ զրուցելուց. Արծվիկ Մինասյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը կա՛մ անհասանելի էին, կա՛մ էլ չէին պատասխանում զանգերին, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ զբաղված է եւ չի կարող խոսել, Աղվան Վարդանյանը պատասխանեց ավանդական ձեւով. «Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում, տղա՛ ջան»: «Ժողովուրդ»-ին հաջողվեց կարճատեւ զրույց ունենալ միայն ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ՝ չնայած այդ զրույցն առանձնապես մեծ բան չտվեց: Վերջինս պարզապես ասաց, որ ամեն ինչ արդեն ասված է, ավելացնելու ոչինչ չունի:
Եւս մեկ խաղի տեսակ՝ դաշտում հայտնվում են մանր-մունր «թեկնածուներ», որոնք հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով, որոնցից բխում է այն, որ «մանրերը» ոչ թե սեփական, այլ «խոշորների» խաղն են խաղում՝ լինելով այդ խաղի մեջ ամենափոքր ֆիգուրը՝ «պեշկան», որը նախատեսված է զոհաբերելու համար: Միաժամանակ նման թեկնածուները նաեւ ուրախ տրամադրություն են ապահովում: Օրինակ՝ նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանը, որն «Առավոտ»-ին տված հարցազրույցում հանդես է եկել որպես նախագահի «թեկնածու», նույն հարցազրույցում նշել է, որ եթե ՀՅԴ-ն հանդես գա սեփական թեկնածուով, ապա ինքը կհանի իր թեկնածությունը, որպեսզի չխանգարի ՀՅԴ-ին: Այս մասին, անշուշտ, նույնպես փորձեցինք իմանալ ՀՅԴ ներկայացուցիչների կարծիքը, եւ մեր միակ զրուցակից Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման «մանկական երազանքներին» մեկնաբանություն տալ չի ցանկանում:
Շատ խճճվեցին խաղերը, այնքան, որ արդեն չի հասկացվում՝ ով ում բարեկամն է, ով ում տակն է փորում, ով  ում համար է աշխատում: ՀՅԴ-ի նավն էլ նավարկում է պղտոր ջրերում՝ իշխանության եւ ընդդիմության տիրույթների միջեւ, բայց ի տարբերություն ԲՀԿ-ի նավի՝ ՀՅԴ-ի նավն այդքան էլ մոլորված չէ եւ գիտի, թե ինչպես մանեւրել եւ ճիշտ ժամանակին որտեղ հայտնվել: Փորձն է այդպես ցույց տալիս: Այստեղ գրոյսմաստերներ չեն, բայց սկսնակներ էլ չեն, գոնե վարպետության թեկնածուներ: Վերջիվերջո, հին գելեր են…
Բայց վերջում խոստովանենք, որ այս խաղերի մեջ պակասում է քաջության սկզբունքը, ամեն ինչ արվում է տակից: Եւ ակամայից սկսում ենք սարսափով մտածել՝ մի՞թե Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր իր հայտնի արտահայտությունում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս