Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների երեսնամյա դատավոր Դավիթ Հրաչյայի Հարությունյանը կարող է կրկնել իր շեֆի՝ Սամվել Ուզունյանի ֆենոմենն ու դառնալ Հայաստանի ամենաճանաչված դատավորներից մեկը: Սամվել Ուզունյանը, ինչպես հիշում ենք, հոկտեմբերի 27-ի գործով դատավորն էր, որը կարողացավ ամեն ինչ վարպետորեն «ջրել» եւ խոշորագույն հանցագործությունը վերածել «ուչաստկովիի» մակարդակի հանցագործության…
Երեւի տեսակներին մի տեղ միավորելու խնդիրն է հետաքրքրել մեր դատական ատյաններին, որ «Հարսնաքար»-ի գործն էլ տրամադրել են Դավիթ Հարությունյանին՝ դատական համակարգում գրեթե փորձ չունեցող մեկին, որը, սակայն, իր երիտասարդ հասակում հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ դատավորներից մեկը: Ամենայն հավանականությամբ, այս երիտասարդն այնպիսի զորեղ թիկունք է ունեցել, որ 2003-ին՝ ուսումն ավարտելուց հետո, բանակում ծառայելու գաղափարից հրաժարված՝ ՀՀ գլխավոր դատախազի 2003թ. դեկտեմբերի 2-ի հրամանով աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` նշանակվելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ստաժոր-քննիչի պաշտոնում: 2004թ. դեկտեմբերին նշանակվել է նույն դատախազության քննիչի, հետագայում` ավագ քննիչի պաշտոններում: 2007թ. հոկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնում: 2007-2011թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարեւոր գործերի քննիչ: 2010թ. օգոստոսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը: Նման թռիչքները բացառիկ են դատախազական համակարգում, եթե, իհարկե, չկան հովանավորներ կամ նրանց փոխարինող «այլ գործոններ», որոնք շատ վաղուց մեր երկրում «մթի մեջ լույս են տալիս»:
Հայաստանում շատերն են ավարտում դատական դպրոցն ու տարիներ շարունակ սպասում իրենց նշանակմանը, բայց ահա Դ. Հարությունյանը երկար չի սպասել, նշանակվել է, այն էլ` դատավոր, ու հիմա էլ ստանձնել է «Հարսնաքար»-ի գործի դատաքննությունը: Դե, համակարգն այս գործը հենց Դ. Հարությունյանին պիտի հանձնարարեր, քանի որ աշխատելով հատուկ քննչական վարչությունում՝ նա յուրային է համարվում եւ կարող է հեշտությամբ գնալ «մանիպուլյացիաների»՝ չբացահայտելով նախաքննության «խմբագրումները»: Եւ ամենեւին պատահական չէ նիստին հետեւողների այն տպավորությունը, որ Դ. Հարությունյանը դարձել է ամբաստանյալների շահերի պաշտպանների յուրատեսակ ձայնափողը… Ավելին, դատական նիստերի ժամանակ չի էլ ջանում թաքցնել, որ ինքն ամբողջապես գտնվում է դատախազի տրամադրության տակ եւ կատարում է միայն նրա հանձնարարությունները: Ուրեմն դատախազությունում մեկ անգամ եւս կարող են ուրախանալ, որ դատարանում ունեն ձեռնասուն դատավոր, որը կատարելու է իրենց բոլոր ցանկությունները:
Այս երիտասարդ դատավորը նաեւ հասցրել է շատ կարճ ժամանակամիջոցում այնպիսի ունեցվածքի տեր դառնալ, ինչին կնախանձեին շատերը: Դ. Հարությունյանը 2011թ. 19 մլն 600 հազար դրամով ձեռք է բերել բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 47.8 քմ մակերեսով, ինչպես նաեւ 49 մլն 700 հազար դրամով 202.9 քմ մակերեսով բնակարան: Բացի դրանից, ունեցել է 5 անուն անշարժ գույք: 2011թ. գնել է նաեւ Mitsubishi Pajero 3.5 մակնիշի ավտոմեքենա, որն արժեցել է 50 հազար դոլար: Նշված տարում դատավորը հայտարարագրել է ընդամենը 4 մլն 717 հազար 143 դրամի եկամուտ, որն իր աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Դ. Հարությունյանը 2011-ի սկզբին ունեցել է 100 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 15 մլն դրամ, ինչպես նաեւ 220 հազար դոլար: Դ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, 2011թ. ոչ մի եկամուտ չի ունեցել, փոխարենը նրա հաշվին եղել է 15 մլն դրամ եւ 477 հազար դոլար: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ իր բոլոր մեծ գնումները Դավիթ Հարությունյանը կատարել է այն բանից հետո, երբ ստանձնել է դատավորի պարտականությունները: Չէ՛, այնքան միամիտ չենք՝ մտածելու, թե այսքան կարճ ժամանակամիջոցում է կուտակել իր ֆինանսական միջոցները: Հատկապես կարեւորագույն գործերով քննիչի պաշտոնը բավական էր, որպեսզի նա կարողանար հարստանալ ու այսօր արդեն դառնալ դատավորների շրջանում ամենահարուստներից մեկը:
ՕԼԻԳԱ՞ՐԽ, ԹԵ՞ ԴԱՏԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ