«Առավոտ» օրաթերթը գրում է. «Եթե ես հայտնվել եմ դժվար իրավիճակում, եթե ես խնդիրներ ունեմ, ապա իմ առաջին գործը պետք է լինի ինքնավերլուծությունը: Ստուգողական հարցերն են՝ արդյոք ես անաչա՞ռ եմ գնահատում իրավիճակը, արդյոք ես չե՞մ դատապարտում ինքս ինձ կամ որևէ մեկին, արդյոք ես գիտե՞մ մարդկանց, որոնք, գտնվելով մոտավորապես նույն իրավիճակում, կարողացել են լուծումներ գտնել: Դա, իհարկե, իմ գյուտը չէ, այդպիսի խորհուրդ են տալիս բիզնես խորհրդատվությամբ զբաղվող հոգեբանները:
Այս խորհուրդներից ինձ ամենաշատը դուր է գալիս ոչ մեկին չդատապարտելու կետը: Ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև մարդկանց հատուկ է՝ երբ ինչ-որ բան է պատահում, փնտրել մեղավորներին: Սա գործընթաց է, որը կարող է հավերժ տևել։
Նույնքան վատ է, երբ մենք դատափետում ենք ինքներս մեզ. ես թույլ եմ, ես անտաղանդ եմ, ես պետք է այսպես ասեի կամ այնպես անեի: Նախ՝ դրա վրա ժամանակ կորցնելն անիմաստ է, երկրորդ՝ խղճահարությունը սեփական թանկագին անձի հանդեպ մեզ անմիջապես դասում է «հանգամանքների զոհերի» շարքին, իսկ զոհի կարգավիճակում ոչ ոք դեռ հաջողության չի հասել։
25 տարի շարունակ ես լսում եմ մեղադրանքներ, դատափետումներ, արդարացումներ, պատասխան մեղադրանքներ [«բա դու»], ինչպես նաև ինքնախարազանումներ՝ «էս ազգը…», «էս երկիրը…» և այլն: 25 տարվա «մեղադրանք-արդարացումների» ծամոնը ինձ համար վաղուց արդեն իր համն ու հոտը կորցրել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։