«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախ մի հավելյալ պարզաբանում երեկվա «Հակընդդեմ հայց` Ռուզաննա Խաչատրյանի դեմ» հրապարակման շրջանակում: Ռուզաննա Խաչատրյանը «Հրապարակի» դեմ հայցը դատարան է ներկայացրել մայիսի 25-ի առավոտյան, իսկ 21.05.2015-ին հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի հերքման պահանջը խմբագրությանն է ուղարկվել ոչ աշխատանքային շաբաթ օրը` 23.05.2015-ին։ Այսինքն՝ ոչ միայն օրենքով պահանջվող մեկ շաբաթը, այլեւ նույնիսկ աշխատանքային մեկ օր չի անցել, եւ թերթի հաջորդ համարը տպագրված չի եղել հայցը դատարան ներկայացնելիս: Նման խելահեղ շտապողականությունը ընդամենը արձանագրում ենք, որքան էլ այն դժվար է հասկանալ կամ բացատրել:
Այժմ անցնենք խնդրի բովանդակային կողմին․ ինչո՞ւ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակում» տպագրված «Հանրությունն ուզում է իմանալ» եւ դրա շարունակություն հանդիսացող «Հանրությունն ուզում է իմանալ-2» (23.05.2015թ.) հոդվածները չեն կարող մեկնաբանվել որպես զրպարտություն` ներառյալ այն հատվածները, որոնք Ռուզաննա Խաչատրյանը մեջբերել է իր հայցադիմումում…
…Հուսով ենք՝ հայցվոր Խաչատրյանը, իր փաստաբանն ու փաստաբանի օգնականը գիտակցում են, որ անգամ մի կողմ թողնելով այլ լրատվամիջոցների հրապարակումները, որոնց մասին հիշատակվում է թե՛ հայցվոր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, թե՛ «Հրապարակի» վիճարկվող հոդվածներում, լոկ հայցվորի հրապարակային գրառումն էլ՝ «…ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաեւ մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում», բավական է, որպեսզի ասվածի որեւէ վերաշարադրում կամ դրանից բխող դատողություն ՀՀ Քաղօր. 1087.1 հոդվածի 5-րդ կետի համաձայն անհնար լինի որակել որպես զրպարտություն:
«Հրապարակի» մեծահոգության պատասխանը
Այժմ տեսնենք, թե իբրեւ զրպարտության ենթարկված անձ ներկայացող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սպանիչ գրության խորքին ինչ է մեջբերել կամ ինչ է գրել «Հրապարակը»: Մեջբերում ենք դատական հայցի առարկա դարձած հատվածը.
«Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին: Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»:
Վերոնշյալ մեջբերումը պարունակող «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում (21.05.2015թ․) Սյուզան Սիմոնյանը եւ «Հրապարակ» օրաթերթը ձեռնպահ են մնացել հայցվորի հրապարակային խոսքի ամենաուշագրավ եւ տպավորիչ հատվածը մեջբերելուց. «…ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաեւ մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում»:
Անտեսելով ուշագրավ հանգամանքը, որ իրեն հայտնի կամ անհայտ «նորահայտ կենսագրի» կողմից ներկայացված «մարդասպանության համար մեղադրանքին» hայցվոր Ռուզաննա Խաչատրյանը ոչինչ չի հակադրում, մեղադրանքը չի հերքում, «Հրապարակը» մեծահոգաբար ձեռնպահ է մնացել անգամ հայցվորի նշած հանգամանքային մանրամասները հիշատակելուց` սահմանափակվելով լրատվամիջոցներում եւ հասարակության շրջանում շրջանառված խոսակցությունների գոյությունը լոկ մակերեսորեն հիշատակելով:
Եվ ո՞րն է ցուցաբերված բարյացակամության ու մեծահոգության պատասխանը: Դատարան դիմե՞լը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: