ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ, ԵՊՀ դասախոս, վերապատրաստող Բ.Գ.Թ. Ծովինար Խաչատրյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ լրագրողներից և PR մասնագետներից շատ բան է կախված թե՛ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, թե՛ դատական ակտի վերծանման և թե՛ ընդհանրապես դատավորի կերպարի հասարակական ընկալման համար:
-Ծովինար, այսօր դատավորների հանդեպ վստահության բարձրացման խնդիրը դեռ առկա է: Եթե միայն մեր խմբագրության օրինակով խոսենք, ապա քիչ չեն քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու նամակները, որոնցով բողոքում են կայացրած վճիռներից: Իհարկե դատարան դիմած կողմերից մեկը որպես կանոն դժգոհ է լինում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մեր քաղաքացիները դժգոհում են վճիռը մինչև վերջ հասկանալ չկարողանալուց: Սա իրավագիտակցությա՞ն խնդիր է:
-Կարելի է ասել, որ սա համաշխարհային խնդիր է, որը սակայն միջազգային պրակտիկայում ունի հաջողված լուծումներ: Դատական ակտի ոճն ու լեզուն բովանդակային առումով իսկապես խրթին են: Ժամանակին Ֆրանսիայի Le Monde պարբերականը փաստաբանների աշխատանքը նկարագրելիս՝ դիպուկ կերպով նրանց անվանել էր վճռի թարգմաններ: Այդ մոտեցումը, իհարկե, մինչ օրս կա, սակայն դրան ավելացել են հասարակական լայն հնչեղություն ունեցող նիստերի լուսաբանումը, ինչպես նաև դատարաններում հաստիքային կամ արտահաստիքային PR մասնագետները: Լրագրողներից և PR մասնագետներից շատ բան է կախված թե՛ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, թե՛ դատական ակտի վերծանման և թե՛ ընդհանրապես դատավորի կերպարի հասարակական ընկալման համար:
-Այդ դեպքում լրագրողնե՞րն են մեղավոր, թե՞ PR մասնագետները ժողովրդի կողմից դատավորներին չվստահելու, նրանց վճիռները կասկածի տակ դնելու համար: Խնդրում եմ չշրջանցել նաև այդ ընկալման հիմնական պատասխանատուներին՝ հենց դատավորներին:
-Ինչ-որ մեկի կամ բոլորի վրա մեղք բարդել չեմ ուզում, առավել ևս մեղքի չափաբաժինները որոշել, քանի որ այդ հարցն այդքան էլ միանշանակ չէ: Իհարկե, իդեալական տարբերակն այն է, որ դատավորը դառնա անվիճելի հեղինակություն, դատավճիռը՝ կատարյալ: Սակայն սա ամենալավ լուծումը չէ, քանի որ թեկուզ մի պահ եթե պատկերացնենք, որ հասել ենք նման պատկերի, սա կբերի բարձր ատյանների դատարանների պարապուրդի. մարդիկ անվերապահորեն կվստահեն դատական վճռին և հետագա բողոքարկման չեն գնա: Իհարկե, սա հնարավոր չէ, ուստի դատավորի կերպարի ընկալման կարևորության համար առաջնային նշանակություն ունի, թե նա որ ատյանի դատավոր է և մինչև ուր կարելի է նրա կայացրած վճիռը բողոքարկել: Այստեղ իհարկե մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր դիլեմայի ենք հանդիպում, ավելի ցածր ատյանի դատավորների հանդեպ քաղաքացիների անվստահությունը ավելի ծացր է, քան բարձր ատյանների դատավորների հանդեպ: Մարդիկ առավել սկսում են չվստահել բարձր ատյաններին` չհիշելով, որ իրենց բողոքարկած վճիռն ի սկզբանե ուրիշ դատավոր էր կայացրել: Մեր հասարակությունում դատավորի կերպարի հանդեպ կանխակալ վերաբերմունքը կոտրելու հարցում մեծ աշխատանք է պետք:
-Ըստ Ձեզ, ո՞վ է դատավորը մեր հասարակության համար, արդյոք այդ կերպարը երբևէ կփոխվի՞:
-Շատ հետաքրքիր հարց տվեցիք: Վերջերս մի հետազոտություն էի նայում, որտեղ դատավորը ներկայացված էր որպես 45-50 տարեկան, ծանր քաշով, լուրջ և խիստ անձնավորություն: Ի դեպ, հետազոտման կազման հիմքում մեր համերկրացիների հարցման արդյունքներն էին: Ընդհանրապես կա դատավորի կերպարի ընկալման 2 ինդիկատոր՝ առաջին բաց աղբյուրներ, այսինքն հրապարակումներ, որոնք նպաստում են հանրային կարծիքի ձևավորմանը, ընդ որում այդ կարծիքը ձևավորվում է անգամ այն մարդկանց մոտ, ովքեր երբևէ դատարան չեն մտել, երկրորդ ինդիկատոր է համարվում դատավոր դառնալու ցանկություն հայտնողների թիվը: Սովորաբար քանի դեռ ցանկացողների թիվը մեծ է, անհանգստանալու առիթը փոքր է: Իհարկե, այլ հետազոտության կարիք ունի նաև ցանկությունների դրդապատճառները պարզելը, բայց ընդհանուր առմամբ սա է հիմնական մոտեցումը:
-Վերջերս Դուք ՀՀ արդարադատության ակադեմիայում դատավորների վերապատրաստման ծրագիր էիք իրականացնում PR-ի գծով: Սա նորություն է. ի՞նչպես ընկալվեց առարկան դատավորների կողմից, ի՞նչ բարդություններ կամ խոչընդոտներ եղան և ինչպե՞ս են ընդհանրապես ըստ Ձեզ դատավորները վերաբերվում սեփական իմիջին, կարևորում են, թե անտեսում:
– Այդ վերապատրաստումները երկուստեք կարևոր էին: Ինձ համար շատ բաներ բացահայտեցի, լսեցի դատավորների կարծիքները տարբեր հարցերի շուրջ, քննարկեցինք PR-ի հանդեպ վերաբերմունքի դատավորների իրարամերժ մոտեցումները: Ամենակարևորը, որ հասկացա այս ընթացքում, այն էր, որ դատավորներին իրոք պետք է PR-ի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների փոխանցումը թեկուզ լրագրողների հետ հաղորդակցվելու, իրենց կերպարի ընկալման համապատասխան գործիքակազմին անգամ մակերեսայնորեն տիրապետելու տեսանկյունից: Առարկայի հանդեպ դատավորների մոտեցումը չէր կարող միանշանակ դրական լինել, ծափողջյուններ նույնպես չեղան: Սակայն վերապատրաստման կուրսի ավարտին եղան առարկայի հանդեպ բավական լավ գնահատականներ և մեկնբանություններ, ինչը շատ կարևոր է հետագա ծրագիր մշակելու համար, քանի որ սա նմանատիպ առաջին փորձն էր Հայաստանում: Եզրակացությունը մեկն է՝ դատավորների կերպարի ընկալման հարցում PR-ը գործոն է, բայց ոչ ամենավերջինը, ինչպես նաև այն հրաշքներ գործելու հնարավորություն չունի, կարող է իրավիճակը նպաստավոր դարձնել 5 տոկոսով: Սա այդքան էլ փոքր տոկոս չէ: