«ժողովուրդ»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հատկապես այս ամառային սեզոնին մի շարք ուղղություններով ավիաչվերթների գները շեշտակի բարձրացել են: Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան չվերթի տոմսերը 800-900 դոլար արժեն, մինչդեռ այդ չվերթը Թբիլիսիից 350-400 դոլար է:
Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել. բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում իֆչո՞ւ են ավիատոմսերի գները այդքան բարձր: Ո՞վ է վերահսկում ոլորտը, եւ ովքե՞ր են պատասխանատուները:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ավիատոմսերի գներն իրենց ֆունկցիայի մեջ չեն մտնում, ու իրենք որեւէ բան չեն կարող այդ մասով ասել:
Փորձեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պարզել՝ ինչո՞վ է զբաղված Արտակ Շաբոյանը (բաջանաղի հետ ՀԷՑ-ից ստացող միլիոնավոր պայմանագրերի գործարքներից ազատ ժամանակ):
ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց. «Նախ՝ տեղեկացնենք, որ տարբեր երկրներում գործող ավիափոխադրումների սակագների ուղղակի համեմատությունը մեթոդաբանորեն ճիշտ չէ, քանի որ ավիատոմսերի արժեքի ձեւավորման գնային տարրերը բազմաթիվ են, եւ դրանք տարբեր երկրներում համադրելի չեն: Ձեր կողմից նշված հարցի հետ կապված կոնկրետ փաստեր պարունակող դիմում-բողոքի կամ Ձեր հրապարակման հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է համապատասխան ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու մրցակցային խնդրի հնարավոր առկայությունը:
Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ Հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում եւ օրենքով սահմանված կարգով գնային խնդիրներին անդրադառնում է բացառապես այն պարագայում, երբ գերիշխող տնտեսվարողների կողմից առկա են մրցակցության օրենսդրության հնարավոր խախտման փաստեր: Միաժամանակ, տեղեկացնեմ նաեւ, որ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված վերահսկողությանը, ապա ՀՀ օրենսդրությամբ ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ոլորտը գտնվում է այլ պետական կառույցի կարգավորման դաշտում, եւ ՏՄՊՊՀ-ը կարող է դրանց անդրադառնալ բացառապես հնարավոր մրցակցային խնդիրների առկայության պարագայում»,- նշեց Գ. Սահակյանը:
Այսպիսով, պետական երկու կառույցներն էլ հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել: Հավանաբար, ավիատոմսերի գների հարցով պետք է դիմենք մեր բակի էլեկտրիկ Գրիշին:
Բայց հուսանք՝ Արտակ Շաբոյանը այս հարցը եւս կդարձնի քննության առարկա եւ այնպիսի հետեւողականությամբ կգնա խնդիրը պարզելու ճանապարհով, ինչպես վարվեց «Մարաթուկ» տուրիստական ընկերության դեպքում՝ վարույթ հարուցելով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին, ապա նա, պարզվում է, բացառապես դիտորդի կարգավիճակ ունի, ուղղակի զբաղեցնում է պետական պաշտոն, քարտուղարուհի ու վարորդ ունի եւ «կողքից» հարստանում է (բայց այս մասին՝ հաջորդիվ):
Իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում է քաղել «բաց երկնքի քաղաքականության» դառը պտուղները՝ թալանվելով:
Անի Ստեփանյան