Հուլիսի 10-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:
Ամառային դպրոցը մեկնարկեց հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներով, որին մասնակցում է 126 սփյուռքահայ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Իտալիայից, Իսպանիայից և Չեխիայից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ղեկավարությանը «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը համատեղ իրականացնելու նախորդ տարիների ջանքերի համար՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «2015թ. ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն 4 տարվա պատմություն ունեցող «Սփյուռք» ամառային դպրոցի բոլոր դասընթացներում տեղ են գտել Ցեղասպանությանը վերաբերող թեմաներ: Ամառային դպրոցը ստեղծվել է Սփյուռքի պահանջով. սփյուռքահայերի ազգային ինքնության, հայերենի կորստի հարաճուն ընթացքը կասեցնելու համազգային խնդրի լուծմանն աջակցելու, համայնքներում հայապահպանության ծրագրերին նպաստելու պահանջով: Վաղուց հասունացել էր Սփյուռքի ուսուցիչների, մյուս ոլորտների մասնագետների վերապատրաստման բոլոր դասընթացները մեկ կենտրոնում համատեղելու հարցը: Սփյուռքում տարեցտարի մեծանում է բոլոր ուղղություններով դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքի կողմից, թերևս, ամենապահանջված ծրագրերից մեկը և արդեն կայացած կառույց»:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ գերատեսչության այս տարվա գործունեության գերակա խնդիրներից է «Հայոց լեզվի տարածումը և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ նորարարական մեխանիզմների կիրառմամբ», որի լուծման համար իրականացվում են բազմաթիվ այլ ծրագրեր:
ՀՀ սփյուռքի նախարարը բարի երթ մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս իրենց ձեռքբերած գիտելիքներն ու փորձը կծառայեցնեն Սփյուռքում հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանը և իրենց մտավոր կարողությունները կներդնեն Հայրենիքի շենացման, հզորացման գործին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ դպրոցի ծրագիրն համատեղ անցկացնելու հարցում մայր բուհին վստահելու համար՝ Արամ Սիմոնյանը նշեց. «Այս տարի եւս մենք ջանք ու եռանդ չենք խնայի՝ Սփյուռքի մանկավարժներին, երեխաներին ու երիտասարդներին, երիտասարդ առաջնորդներին վերապատրաստելու, մայրենիի դասընթացները հավուր պատշաճի անցկացնելու համար»:
Մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
Դպրոցում դասընթացներն իրականացվելու են վեց ուղղություններով.
1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 9 – օգոստոսի 1),
2.Կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 14 – օգոստոսի 1),
3.Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 21 – օգոստոսի 1),
4.Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 21 – օգոստոսի 1),
5.Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 21 – օգոստոսի 1),
6.Սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 26 – օգոստոսի 1):
2015թ. նախատեսված է 250 սփյուռքահայի մասնակցություն, սակայն հայտեր են ստացվել ավել քան 340 սփյուռքահայից՝ հաստատված է 293-ի մասնակցությունը՝ 22 երկրից:
2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն Ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, ապա 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից, 2014թ. նախատեսված 100-ի դիմաց՝ 222 սփյուռքահայ, աշխարհի 21 երկրից: