Էներգետիկայի համակարգում թալանը կարող է դադարեցվել միայն իշխանափոխության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ համակարգի շուրջ վերջին երկու ամիսներին բարձրացած աղմուկը կարծես սկսել է մարել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկա առնվազն երեք ամիսներին սպառողի համար էլէներգիայի սակագինը չի բարձրանա, մյուս կողմից էլ՝ բոլորը սպասում են, թե ինչ կարձանագրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտը:

Բազմիցս արդեն նշվել է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի արդյունքում պետք է ստուգվի ընկերության ֆինանսական վիճակը: Այլ կերպ ասած՝ աուդիտի արդյունքում պետք է պարզվի, թե որքանով են հիմնավոր այս կամ այն ծախսերը: Բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ ՀԷՑ-ում ստեղծված վիճակի հիմնական պատճառն ընկերության էլէներգիայի կորուստների բարձր մակարդակն է: Մասնավորապես, ՀԷՑ-ի հաշվարկներով իրենց ընկերության կորուստներն առաջիկա մեկ տարում կազմելու են մոտ 800 մլն կՎտ կամ ընդհանուր սպառված էլէներգիայի 12,4 տոկոսը:

Կորուստները երկու պատճառ ունեն՝ առաջինը բնական, այսինքն՝ իրական կորուստներն են, որոնք պայմանավորված են էլէներգիայի բախշման ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող համակարգի գործունեությամբ, մյուսը էլէներգիայի գողության արդյունքում է:

Մենք կոնկրետ օրինակով անդրադարձել էինք էլէներգիայի գողության տեսակներից մեկին: Մասնավորապես ներկայացրել էինք կոնկրետ փաստ այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանի մեկ թաղամասի բնակչության մեծամասնությունը էլէներգիան ստանում է առանց պայմանագրի եւ դիմացը վճարում կանխիկով` ինչ-որ անհատի:

Սակայն Հայաստանում բոլորը գիտեն, որ գոյություն ունի էլէներգիայի գողության մեկ այլ տարբերակ եւս, երբ սպառողը համաձայնության է գալիս, այսպես կոչված, «էլեկտրիկի» հետ եւ պաշտոնապես վճարում է իր սպառած էլէներգիայի մի մասի դիմաց: Իսկ չձեւակերպված, բայց սպառած էլէներգիայի համար բաժանորդը կանխիկով վճարում է «էլեկտրիկին», իհարկե, իրական արժեքից զգալի պակաս գումար: Սպառված, բայց պաշտոնապես չգրանցված էլէներգիան վերջնահաշվարկում ձեւակերպվում է որպես կորուստ, եւ փաստացի ստացվում է, որ դրա համար վճարում են մյուս` բարեխիղճ բաժանորդները:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս սխեմայով հոսանք են ստանում ինչպես ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, այնպես էլ ձեռնարկությունները: Այս լուրերը հաստատել կամ հերքել կարող են միայն իրավապահները: Ավելին՝ այս դեպքում սովորական գործ հարուցելով եւ ՀԷՑ-ի աշխատակիցներին հարցաքննելով՝ խնդիրը չի կարող լուծվել, քանի որ սխեմայի մեջ ներառված երկու կողմերին էլ ձեռնտու է, որ «հոսանքի գողությունը» չբացահայտվի: Այսինքն՝ «էլեկտրիկը» կարող է ասել, որ սուտ է, իր սպասարկած տարածքում էլէներգիայի գողություն չկա, եւ դրանով ամեն ինչ կավարտվի:

Վերը բերված սխեմայով էլէներգիայի գողությունը բացահայտելու համար անհրաժեշտ է, որ իրավապահների խմբում լինեն էներգետիկայի ոլորտի լրջագույն մասնագետներ, որոնք ըստ կորուստների՝ կարողանան բացահայտել, թե որ ուղղություններում են դրանք չհիմնավորված: Այլ կերպ ասած՝ մասնագետը պետք է ի վիճակի լինի ասելու, թե կորուստի թիվը էներգամատակարարման տվյալ ուղղության տեխնիկական վիճակի հետ համադրելով՝ այդտեղից որքան հոսանք է գողացվում, որից հետո արդեն, ըստ կորուստի քարտեզի, իրավապահները պետք է պարզեն, այսպես կոչված, «ձախ միացում» ունեցող բաժանորդներին: Սակայն նման քննություն ծավալելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունների մոտ նման ցանկություն լինի: Իսկ Հայաստանի իշխանությունները հաստատ նման ցանկություն չեն կարող ունենալ, քանի որ եթե որեւէ ձեռնարկություն կարող է վերը բերված սխեմայով էլէներգիա օգտագործել, ապա դրանք հենց նույն իշխանավորների ձեռնարկություններն են: Այլ կերպ ասած՝ երբ բիզնեսը եւ քաղաքական իշխանությունը նույնական են, կոռուպցիան եւ տարբեր տեսակի թալանների սխեմաներն այլեւս անարգել են գործում, քանի որ փաստացի չի կարող լինել որեւէ մի մարմին, որն ի վիճակի կլինի այդ ամենի դեմ պայքարել, բացահայտել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Այսինքն՝ էներգետիկայի համակարգում առկա թալանը կարող է դադարեցվել միայն իշխանափոխության, բիզնեսը եւ քաղաքական իշխանությունը իրարից տարանջատելու դեպքում միայն:

Հ.Գ. Ի դեպ, ՀԷՑ-ից փորձեցինք մեկնաբանություն ստանալ «էլեկտրիկ»-սպառող համաձայնությամբ էլէներգիայի գողությունների լուրերի վերաբերյալ, սակայն մեզ պատասխանեցին, որ միայն կոնկրետ փաստ ներկայացնելու դեպքում իրենք կարող են պարզաբանումներ տալ եւ իրենց տեսակետը հայտնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս