«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս պատմում է 2008թ սեպտեմբերի 13-ին Երեւանում Մինսկի խմբի ամերիկացի (նախկին) համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հիմնահարցեր, որոնցից ամենաուշագրավը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Անդրադարձ է եղել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ անվտանգության երաշխիքների ապահովման հիմնախնդրին, այլեւ Թուրքիայի հավանական դերակատարությանը հակամարտության լուծման գործում: Ու թեեւ սույն հանդիպմանը հաջորդել են ԼՂ հարցով բազմաթիվ քննարկումներ, սակայն այստեղ արծարծված խնդիրները հակամարտության մշտական ուղեկիցներն են եւ երբեւէ չեն կարող դիտվել ժամանակավրեպ:
Այսպես, ամերիկացի համանախագահը հայտնել է, որ տարածաշրջան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրահանգով՝ ի ցույց դնելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը հիմնարար սկզբունքների շուրջ եղած հակասությունների վերջնական լուծման հարցում: Բրայզան հստակորեն շեշտել է, որ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով է հետաքրքրված շուտափույթ համաձայնությամբ: Սերժ Սարգսյանը եւս համաձայնել է, որ պահը շատ հարմար է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար: Նշենք, որ հիմնարար սկզբունքները, որոնք հասարակությանը առավելապես հայտնի են որպես «մադրիդյան սկզբունքներ», եւ որոնց հիմնական նրբերանգները նախորդ տարի հրապարակել էր Մինսկի խմբի գործող համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Սերժ Սարգսյանի կարծիքով արտահայտում են կողմերի միջեւ փոխհամաձայնության հասնելու լավագույն մոտեցումը: Այս առումով հարկ է վերհիշել, որ «մադրիդյան սկզբունքները» նախատեսում են ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, իսկ Լաչինի շրջանի փոխարեն՝ Հայաստանն ու ԼՂ-ն կապող սոսկ միջանցք: Եվ, ահա, Սարգսյանը նման կետեր պարունակող սկզբունքները համարում է փոխզիջման լավագույն տարբերակը: Մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի 1998թ. մոտեցումները եւ մոռանանք, որ նա «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի ջատագովներից էր, փորձենք հասկանալ, թե ինչ է շահում Հայաստանը նման համաձայնագրի կնքման դեպքում: Առնվազն Ուորլիքի հրապարակած սկզբունքների համաձայն՝ Հայաստանը, բացի զիջելուց, ոչինչ չի ստանում, եւ այստեղ հարց է առաջանում՝ սա՞ է Սերժ Սարգսյանը համարում լավագույն մոտեցում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման խնդրին՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը առաջարկել է իր օգնությունը՝ սեւծովյան տնտեսական համագործակցության ու տարածաշրջանային կապերի հաստատման միջոցով: Ստանալով Բրայզայի դրական տպավորությունը՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը ներդաշնակ չեն: Ավելին՝ իր համոզմամբ՝ Թուրքիան ունակ է Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոք միջնորդի դեր կատարել: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը միշտ էլ ներդաշնակ են եղել, մասնավորապես սկսած 1918 թվականից: Ավելին՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանն ամուր կողպեց ադրբեջանական կողմի պահանջով: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների տապալման համար պատրվակ օգտագործվեց հենց ԼՂ հակամարտությունը: Միգուցե Սերժ Սարգսյանը վերոհիշյալ պնդումն անելիս չէր հաշվարկել դեպքերի այդօրինակ ընթացքը, ինչը, սակայն, չի արդարացնում նրա՝ աշխարհաքաղաքական գործընթացներից «անտեղյակությունը»: Վերջապես, արդյո՞ք հավանական է, որ ինչ-որ պահի Թուրքիան ԼՂ հարցում չեզոք միջնորդ դառնա: Անշուշտ ոչ, ինչի մասին վկայում է թե՛ պատմությունը, թե՛ ներկայիս քաղաքական իրավիճակը: Այսօրինակ փաստաթղթերից է պարզվում, թե որպիսին է եղել եւ է հայկական բարձրագույն ղեկավարության պատրաստվածության մակարդակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակասությունների կարգավորման գործընթացում:
Մեթյու Բրայզան անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքին՝ առաջարկելով Ալիեւի հետ հարցի վերջնական հստակեցման համար անկեղծ զրույց ունենալ: Սերժ Սարգսյանը խնդրել է Բրայզային չբարձրացնել միջանցքի հարցը Բաքվում կայանալիք իր հանդիպումների ժամանակ՝ խոստանալով միջանցքի հարցը քննարկել «ճիշտ պահին»:
Չմասնավորեցնելով, թե որն է լինելու այդ «ճիշտ պահը», Սերժ Սարգսյանը նկատել է, որ իր համար պարզ չէ միջանցք հասկացությունը: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն էլ հավելել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխիքները պետք է գան Հայաստանից եւ ոչ թե Ադրբեջանից: Դրա համար էլ Սարգսանն ու Նալբանդյանը շեշտել են, որ մինչեւ ԼՂ անվտանգության հարցի վերջնական լուծումը Ալիեւը պետք է շահի Հայաստանի վստահությունը: Հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն հայտնելով միջանցքի հարցը քննարկել եւ իր մի շարք ելույթներում շեշտելով Լաչինչ միջանցքի եւ ոչ թե շրջանի կարեւորությունը, նույն պահին պնդում է, թե չի հասկանում «միջանցք» ասվածը: Ըստ էության, Հայաստանի իշխանությունը ԼՂ բանակցություններում հանդես է բերում լիովին անլուրջ կեցվածք՝ խոստանալով քննարկել մի բան, ինչից գաղափար անգամ չունի: Պետականության ու միջազգային վստահելի գործընկեր դառնալու անհրաժեշտությունից դրդված՝ Հայաստանի իշխանությունը պետք է ունենար հակամարտության լուծման հստակ տեսլական, ինչը, սակայն, ակնհայտորեն գոյություն չունի:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ