ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐՑԵՐ ԵՆ «ՊԱՐԶԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Մոսկվայում կքննարկի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հեռանկարները: «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության արդիական խնդիրները եւ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերը»,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են ԲՀԿ-ում գնահատում ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ի եւ ՌԴ-ի առեւտրատնտեսական համագործակցությունը:

-Պարո՛ն Մելքումյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՌԴ եւ ՀՀ վարչապետները պատրաստվում են քննարկել ԵՏՄ շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերը: Ի՞նչ է տվել այդ համագործակցությունը, ի վերջո, վեց ամիս է, ինչ ԵՏՄ անդամ ենք, սակայն տնտեսվարողները նշում են, որ մինչ օրս որեւէ դրական տեղաշարժ եւ նկատելի օգուտ չկա այդ համագործակցությունից:
-ԵՏՄ-ն, որպես տնտեսական ու ոչ թե քաղաքական միություն, ես դրական եմ գնահատում, մենք էլ, այո՛, կողմ ենք քվեարկել այդ անդամակցությանը: Այժմ աշխատանքներ են տարվում, հիմքեր են դրվում, որպեսզի այդ շրջանառությունը ընդլայնվի, որը միանգամից չի լինի: Իհարկե, տեղյակ եք, որ ապրանքաշրջանառությունը հայտնի պատճառներով իջած է՝ կապված ռուսական փոխարժեքի հետ, գիտեք, որ հայկական որոշ ապրանքներ արտահանման խնդիրներ ունեն` կապված ընդհանրապես Հայաստանի ներուժի հետ, բայց հիմա հիմքեր են դրվում, եւ դրա հետ կապված որոշ օրենսդրական նախաձեռնություններ ձեւավորվել են: Օրինակ՝ դրան է վերաբերում շահութահարկի իջեցումը` կապված շինարարական ընկերությունների հետ եւ այլն, բայց ես կարծում եմ, որ դա միայն այդ օրենքներով չի, այստեղ պետք է նաեւ այնպիսի վիճակ լինի, որ Հայաստան-ԵՏՄ հարաբերությունները դառնան իսկապես շահավետ եւ արդյունավետ: Իսկ դրա համար պետք է փոխադարձ վստահելի հիմքեր դրվեն, կապեր լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է կարողանա 180 միլիոնանոց շուկայի մասշտաբի համար համապատասխան ծավալի ապրանք արտահանել, այն, ինչում մենք հիմա դժվարություններ ունենք:
-Բայց չէ որ, մինչ անդամակցելը, խոստումներ էին շռայլվում առ այն, որ ԵՏՄ-ն մեր առջեւ բոլոր դռները կբացի, եւ մենք կունենանք արտահանման ծավալների թռիչքաձեւ աճ: Մինչդեռ հիմա ՀՀ-ն կրկին «կոտրած տաշտակի» առաջ է կանգնել, ինչո՞ւ:
-Որպեսզի մենք այդ ծավալի ապրանք արտահանենք, պետք է ներդրումների ծավալն ավելանա, այսինքն՝ այն ներդրումների ծավալը, որը Հայաստանում կա, դա ես բավարար չեմ համարում: Պետք է իսկապես դրանք քառապատկվեն, հնգապատկվեն: Իսկ դրա համար որտեղից պետք է այդ փողը դնենք. ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է մատչելի վարկեր տրամադրի արտահանողներին, այսինքն՝ ամբողջ արտահանման գործընթացը պետք է ապահովագրվի, պետք է վարկեր տրամադրվեն Կառավարության երաշխիքներով: Ես այդ հարցում տեսնում եմ, որ մենք մի քիչ դանդաղում ենք, ոնց որ դա լավ չի արվում, կամ տեսանելի չի, թե ինչպես է արվում: Դրա համար մենք պետք է ունենանք արտահանման այն գերակա ուղղությունները, որոնք գրել ենք այն ժամանակ ու ունենանք արդյունաբերական պետական ծրագիր, որպեսզի այդ ծրագիրը մինչեւ տարվա վերջ ձեւավորվի, ու մենք կարողանանք այդ ամեն ինչը զարգացնել: Ուստի ես կառաջարկեի, որպեսզի շատ տեղերում ինքը՝ պետությունը մտնի ոչ միայն որպես երաշխավոր, այլեւ ինքը մտնի որպես բաժնետեր, պետությունը ձեւավորի այդ ամենը, սա մենք պետք է պարտադիր անենք: Մենք մեր տեղական շուկայում չենք կարողանա հաջողություններ ունենալ, որովհետեւ տեղական շուկայի վճարունակությունը փոքր է, մենք պետք է արտահանենք: Բայց դրա համար պետք չէ ինչ-որ հեծանիվ հնարել: ՀՀ-ն այդ երկրների հետ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան ու հիմա էլ Ղրղստան, խորհրդային տարիներից ուներ աշխատանքի միջազգային բաժանման մասնագիտացում, թե ինչը ինչպես եւ որտեղ է եղել, այսինքն՝ եթե դրանք հանենք, նայենք, տեսնենք, թե ինչ է ու դա անենք նորի հետ միասին, կզուգակցվենք ու կհասկանանք, որ, այո՛, կարելի է արտահանել, բայց դեռեւս արտահանումը չի ստացվում: Մենք Ռուսաստանից շատ բաներ ենք ներկրում եւ նաեւ արտահանում: Բայց կապված ռուսական ռուբլու, արեւմուտքի սանկցիաների ու այլ պրոբլեմների հետ՝ բացասական մեծ ազդեցություն կա, ինչը պետք է քայլ առ քայլ հաղթահարել:

 

 

 

 

ԲՈՒՌՆԱՇՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ ԾԻՐԱՆԻ ՈՐԴ Է ԱՆՎԱՆՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտի սնանկացման գործընթացը տեւելու է 2-3 ամիս, որի ընթացքում իրենք առողջացման ծրագիր են մշակելու:

-Պարո՛ն Աղաբաբյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք հրաժարվել եք տրամադրել «Հրազդան» մարզադաշտը` Համահայկական խաղերի ժամանակ այնտեղ միջոցառում անցկացնելու համար: Ինչո՞ւ եք հրաժարվել խաղերի բացման արարողությունը անցկացնել Ձեր ղեկավարած մարզադաշտում:
-Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի, արդեն սննկացման կառավարիչ ենք նշանակել: Մենք կառավարչի հետ հանդիպել ենք եւ պետք է արդեն առողջացման ծրագիր մշակենք: Իսկ սննկացումից հետո բնականաբար 175 աշխատակիցներից մնացել են երեւի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմը եւս աշխատանքից ազատվել է այդ խնդիրների պատճառով: Ես էլ ասել եմ` ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերեք, անցկացրեք ձեր միջոցառումը, ի՞նչ է եղել որ, բայց ես չունեմ այդ հնարավորությունը, որպեսզի այդ անձնակազմին ես բերեմ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում: Նման միջոցառում անցկացնելու համար մի քանի տասնյակ հավաքարար էր պետք, համարյա էդքան էլ անվտանգության աշխատող, ոնց որ ժամանակին եղել է, իսկ մենք այդ մակարդակը հիմա չունենք: Ես էլ ասել եմ՝ եթե կարող եք բերել, կարող եմ զանգել, բանալիները ձեզ տան, ձեր միջոցառումն էդտեղ անեք:
-Նշեցիք, որ առողջացման ծրագիր եք մշակում, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը կրկին գործի, որքա՞ն է տեւելու «առողջացումը»:
-Տրված է երկու տարի ժամկետ, բայց ես կարծում եմ՝ մեկ տարուց ավել կտեւի: Մենք պետք է ծրագիր գրենք, թե ինչ կարող ենք անել, ինչ հնարավոր վիճակներ կան, ինչ նոր բիզնեսներ կան, որոնք օգնող կլինեն մեզ: Եթե իմ տղային պատկանող բիզնեսը լավանա, այնտեղից ֆինանսական ներարկումներ կանենք, ընկերները կօգնեն, որոնք օգնում են, իհարկե, չգիտեմ, մենք երեք ամիս դեռեւս ունենք առողջացման համար: Բնականաբար, մասնագետներ կհավաքենք ու կփորձենք ճիշտ ծրագիր ներկայացնել որոշակի գրաֆիկների մեջ:
-Խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք Ձեր բիզնես գործունեությունը շարունակելու հարցում որեւէ լուրջ խնդիր չունեք եւ այս սնանկացումը ինքներդ եք «սարքել», ի՞նչ կասեք:
-Մի բան ասեմ, ինձ ովքեր պարտք են, ես իրենց մասին չեմ խոսում, էդ խղճուկներն ինչու են իմ մասին խոսում, ուղղակի դրանք թռչող կենդանիներ են: Իսկ սա իմ երկիրն է, պապիցս սկսած մենք այս երկիրը կառուցողներից մեկն ենք, իսկ իմ մասին խոսացողներն ընդամենը ծիրանի որդի պես են: Դրանք չցանկացողներ են, ես ուզում եմ՝ այն մարդկանց, ովքեր ծնվել են չցանկացող, ասեք՝ բավական է, մի քիչ լավություն անելուց հաճույք ստացեք:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԹԱՄԱԴԱ ՉԵՆ ԼԻՆԻ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներից մեկը երեկ Ազատության հրապարակում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին իրենց միանալու կոչ արեց: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպե՞ս են արձագանքում այդ կոչին: «Միանշանակ այդ կոչը «Ժառանգություն» կուսակցությանը չէր ուղղված, որովհետեւ միշտ էլ մենք միասնության կողմնակից ենք եղել: Իսկ եթե համակարգող խմբի կողմից կլինի առաջարկ, միանշանակ մենք կքննարկենք ու կպատասխանենք»,-հայտարարեց Մարտիրոսյանը: Նրա խոսքերով. «Հարսանիքին չի կարելի միանգամից թամադա լինել, եթե քեզ չեն առաջարկել, եթե մարդիկ իրենք որոշում են կայացնում ու խորհրդի կարիքը չունեն, չես գնա՝ ստիպես ու ասես, որ իմ խորհուրդը սա է»:

 

ԿԳՆԱՆ, ԹԵ ՉԵՆ ԳՆԱ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործով տուժող Հարություն Զաքարյանը հունիսի 30-ին վերադարձել է Հայաստան: Ավելին՝ գրել էինք, որ եթե Հարություն Զաքարյանը պնդի, որ մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է իրեն ծանր վնասվածքներ հասցնողը, ապա ՀՀ քննչական կոմիտեն ստիպված կլինի մարզպետի որդուն մեղադրանք առաջադրել եւ պատասխանատվության ենթարկել, ու դրանից հնարավոր չի լինի խուսափել: Հարություն Զաքարյանը, որը մեկ աչքի տեսողությունը վերականգնելու համար 4 անգամ վիրահատության է ենթարկվել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դեռես չի հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Բանն այն է, որ բժիշկները նրան արգելել են տեղաշարժվել: Ուստի ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նրան հարցաքննելու համար պետք է Գորիս գնան: Իսկ կգնա՞ն, թե մի քանի ամիս էլ կսպասեն, ցույց կտա ժամանակը:

 

ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՏՈԿՈՍ
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման քաղաքապետարանի եւ վարչական շրջանների՝ 2015 թվականի առաջին կիսամյակի կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 եւ ավել տոկոս ցուցանիշը: Իսկ թե ինչ մեթոդներով, հասարակության որ շերտերից «քերթելու» հաշվին է 103 տոկոսով կատարվել ծրագիրը, թերեւս դժվար չէ ենթադրել: Առավել եւս, որ այդ կարեւոր «դետալների» մասին պաշտոնական աղբյուրները լռում են:




Լրահոս