ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, շուրջ 12 օր Երեւանի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, որ «շրջափակման» մեջ էր մի կողմից՝ քաղաքացիների, մյուս կողմից՝ ցուցարարների, երեկ բացվեց: ՀՀ ոստիկանությունն առավել նուրբ մեթոդներով փողոցից «գրկեց ու հեռացրեց մեր քույրերին ու եղբայրներին»: Իսկ երեկ երեկոյան արդեն առավել փոքրաթիվ քաղաքացիներ Ազատության հրապարակում լսեցին նոր՝ այս անգամ քաղաքական նախաձեռնության մասին՝ «ոչ թալանչիներին»:

Ցուցարար-ակտիվիստներից Գագիկ Եղիազարյանը կոչ արեց քաղաքական ասելիք ունեցող երիտասարդներին միավորվել: «Պայքարը մտել է նոր փուլ, պետք է ձեւակերպել հաջորդ փուլի խնդիրը եւ առաջ շարժվել: ՀԷՑ-ի հետ կապված պատմությունը բացահայտեց, որ 7 դրամի մեջ չէ խնդիրը, այլ այն, որ փլուզման շեմին է հայտնվել ոչ միայն այդ համակարգը, այլեւ ողջ տնտեսությունը… մեղավոր են թե՛ ՀԷՑ-ի տնօրինությունը, թե՛ վերահսկողություն իրականացնող մարմինները, խնդիրը ոչ միայն հանրային ծառայությունները կարգավորող մարմինների մասին է, այլ երկրի քաղաքական ղեկավարության մեջ է… երկրի կյանքում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը եղել է բացիթողի վիճակում, եւ համակարգված թալանի արդյունքներն իրար մեջ են բաժանվել: Եւ այս հարցը տնտեսական հարթությունում չի կարող լուծվել, քաղաքական որոշումներ են պետք… Ժողովուրդը դա գիտակցում է եւ փողոց է դուրս գալիս քաղաքական փոփոխության տենչով եւ երկիրը թալանողներին հեռացնելու ձգտումով: Դա հնարավոր է կազմակերպել շարժման հիմքի վրա՝ կարող ուժերին համախմբելով քաղաքական հարթակ: Դա հնարավոր է չվարկաբեկված ուժերի եւ երիտասարդների միջոցով… Ուստի դիմում եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին՝ մասնակցելու քննարկումներին՝ նոր կարգախոսով՝ «ոչ թալանչիներին»,- հայտարարեց ակտիվիստը:
Անշուշտ, էլեներգիայի 7 դրամով թանկացման դեմ պայքարի դուրս եկած մի խումբ ակտիվիստներին հաջողվեց բազում կարծրատիպեր կոտրել. նախ, որ Բաղրամյան պողոտան կարելի է օրերով փակ պահել ու չջրցանվել ու չծեծվել: Երկրորդ՝ դրական էներգետիկայով հարուստ երիտասարդները կարողացան ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ոչ իշխանական ուժերին, ե՛ւ իրական ընդդիմադիրներին ապացուցել, որ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ են տիրում իրականում: Նկատենք, որ 2008-ից հետո առաջին անգամ երեւաց իրողությունը, որ հասարակությունը հեղափոխություն է ուզում ու պատրաստ է դրան: Եւ այս առումով կարելի է ասել, որ երիտասարդների սկսած շարժումն իր պատմական առաքելությունը կատարեց: Բայց դրանից երիտասարդների պոռթկումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց հասարակությանը՝ հասկանալու, որ գործող իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, եւ նրանք ՀՀ քաղաքացիների հետ խոսում են բացառապես ուժի կամ բիրտ ուժի կիրառման դիրքերից: Իսկ թվացյալ հանդուրժողականությունը միայն ժամանակավոր կամ կոսմետիկ բնույթ ունի, երբեմն էլ՝ պայմանավորվածության արդյունք:
Եւ այդ իմաստով այս շարժումը մի տեսակ կեղեւի պես էր, որտեղ մտնել ու ինքնադրսեւորման փորձեր կարող էին անել բոլորը, բայց հաջողել՝ քչերը, քանի որ սայթաքելու հավանականությունը շատ մեծ էր: Ու թերեւս այդ պատճառով էր, որ շատ քաղաքական գործիչներ պարզապես «կողքից» էին հետեւում գործընթացին կամ Բաղրամյան պողոտայում դիտորդի (պատի) դեր էին իրենց վերապահում՝ այդքանով համարելով իրենց գործն ավարտված: Մտավախություն կար, որ շարժումն իրականում վերահսկվում է իշխանությունների կողմից:
Իսկ այն, որ իշխանությունը՝ հատկապե՛ս նրա երիտթեւը, հատկապե՛ս վերջին տարիներին անվերջ փորձեր է անում ինտրիգներով ու տարաբնույթ քայլերով վարկաբեկել ընդհանրապես քաղաքական պայքարի տրամաբանությունը, արժեզրկել դրա ձեւերը ու ոչնչացնել քաղաքական կուսակցությունների դերակատարությունը, նորություն չէ: Բայց նույնիսկ Բաղրամյանի ակտիվիստներն են սկսել հասկանալ, որ առանց քաղաքական հարցադրումների ու քաղաքական պայքարի որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Երկրում որեւէ լուրջ հարց լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական թիմ, որը պետք է համագործակցի հասարակության բոլոր շերտերի հետ, որպեսզի արդյունքի հասնելու հավանականությունն առավել մեծանա: Այնպես որ, այս իմաստով թերեւս պետք է մեծ շնորհակալություն հայտնել օսլայած մազերով բոլոր այն երիտասարդներին, որոնք կամա թե ակամա ապացուցեցին, որ Բաղրամյան պողոտան այդպես պետք չէր փակել, այլ ձեւեր են անհրաժեշտ: Սա իսկապես կարեւոր տեղեկություն էր պայքարի հաջորդ՝ առավել վճռական փուլում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Չնայած մայիսի 17-ին համայնքների խոշորացման հարցով իրականացված տեղական հանրաքվեների արդյունքում մասնակիցների մեծ մասը դեմ էր արտահայտվել ծրագրին, այդուհանդերձ, այն իրագործվելու է: Եվ պիլոտային ծրագրերում ներառված համայնքների բնակիչներին այլ բան չի մնում, քան սպասել, թե երբ են իրականանալու համայնքների խոշորացման արդյունքում պաշտոնյաների խոստացած բարեփոխումները:

Տեղեկացնենք, որ այս տարի իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով: Այսինքն՝ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում կմիավորվեն: Սյունիքի մարզում Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները կմիավորվեն Շինուհայրի կազմում: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքները կմիավորվեն Դիլիջանի կազմում:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցեց մի քանի գյուղապետերի հետ եւ հետաքրքրվեց, թե այս ընթացքում գյուղացիներն ինչ են մտածում համայնքների ՛խոշորացման վերաբերյալ: ՀՀ Սյունիքի մարզի Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գյուղի բնակիչներն անհամբեր սպասում են համայնքների խոշորացմանը: «Սպասում են խոստումներին: Ասել են, որ ներդրումներ են անելու գյուղում, ծրագրեր են իրականացնելու: Մենք էլ հույսով սպասում ենք»,- նշեց Խոտի գյուղապետը:
Իսկ, ահա, Լոռու մարզի Լորուտի գյուղապետ Հրաչյա Սահակյանն ասաց, որ գյուղի բնակիչները այդքան էլ հետաքրքրված չեն համայնքների խոշորացմամբ: «Բայց ես միանշանակ համաձայն եմ համայնքների խոշորացմանը, որովհետեւ հույս ունեմ, որ խոշորացումից հետո ժողովրդի վիճակը գոնե փոքր ինչ կբարելավվի: Հիմա ճանապարհների խնդիր ունենք, բայց խոշորացումից հետո, հուսով ենք, որ այն կլուծվի: Լավ կլինի, մի անհանգստացեք»,- հույս հայտնեց Լորուտի գյուղապետը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ այս ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը համակարգիչներ է տրամադրում գյուղերին, որպեսզի կարողանան այդ կերպ կապ պահպանել կենտրոնական համայնքի հետ՝ փաստաթղթային գրագրության գործընթացում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՒՆՁ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի դաշտերում շարունակվում է ցորենի եւ գարու արտհունձը: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հուլիսի լույս 5-ի գիշերն ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կոթի գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Հուլիսի 5-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակել է նաեւ Կոթիի սահմանամերձ դաշտերի ուղղությամբ: Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից սահմանամերձ գոտում չոր խոտը բռնկվել է: Կոթիի բնակիչները եւ զինվորականները կարողացել են համատեղ ուժերով մարել կրակի հետագա տարածումը, հացահատիկի դաշտերի հրդեհումը: Պատճառված նյութական վնասը մեծ չէ: Կոթիի գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում այս տարի մոտ 800 հեկտար ցանքատարածություն կա: Հացահատիկի դաշտերի մեծ մասն արդեն հնձված է, սակայն Ղազախի շրջանի Փարաքլու գյուղին մոտակա, սահմանին կից արտերը դեռ հնձված չեն: Ֆ. Մելիքյանը հույս ունի, որ առավել վտանգավոր գոտում գտնվող արտերի հունձը հնարավոր կլինի կատարել առանց մարդկային եւ նյութական կորուստների: Նշենք, որ այդ հատվածում Ադրբեջանի տարածքն ավելի ցածրադիր է, ադրբեջանցիներն ավելի շուտ են ավարտում սահմանամերձ գոտում հացահատիկի բերքահավաքը, որից հետո սկսում են կրակահերթեր բացել մեր սահմանային գոտում արտհունձ կատարող կոմբայնների վրա: Նման իրավիճակը շարունակվում է ավելի քան 20 տարի:

 

ՎԱՆՔԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի քաղաքային եւ գյուղական բնակավայրերում վերջին տարիներին բազմաթիվ նոր եկեղեցիներ են օծվել, իսկ մարզի անտառներում եւ հեռավոր սարերում գտնվող հնամենի, մշակութային մեծ արժեք ներկայացնող վանքերը քանդվում են: Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի մոտակա անտառում գտնվող 12-13-րդ դարերի Կիրանց, Առաքելոց, Դեղձնուտ, Սամսոնի վանքերը վատ վիճակում են գտնվում: Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դրանցից առավել վատթար է գեղեցիկ ճարտարապետություն ունեցող Դեղձնուտի վանքի վիճակը: Նա ասաց, որ երկու տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարությունից եկել, վանքերի քարտեզագրում են կատարել, եւ ըստ երեւույթին դրանով էլ բավարարվել: «Վանքերի վրա ծառերն աճելով՝ քայքայում են դրանց պատերը: Վանքերը փրկելու համար գոնե այդ ծառերը պետք է հատվեն»,-մտահոգված նշեց Կիրանցի գյուղապետը: Մինչ մեր ոչ բարով հարեւան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում եւ փորձում ներկայանալ որպես այս հողերի բնիկ ժողովուրդ, հայկական ինքնության ու մեր հոգեւոր մշակութային հարստության անխոս վկաներ հանդիսացող հնամենի վանքերը Մայր աթոռի եւ մշակույթի նախարարության անտարբեր հայացքի առաջ կործանվում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս