ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅԱՑՎԵՑ ՎՃԻՌԸ, Ո՞ՒՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում արդարադատություն իրականացնող դատական համակարգը վերից վար կոռումպացված է, վաղուց հայտնի իրողություն է, եւ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է այդ մասին: ՀՀ շարքային քաղաքացիների մեջ արմատավորված է կարծիք, որ դատավորները բացառապես «չոր փողով» կամ «վերեւի»՝ ՀՀ նախագահի նստավայրի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի հրահանգով են մուրճը հարվածում ու վճիռներ կայացնում:

Դատավորների գնացուցակը
Բանն այնտեղ հասավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2013թ դեկտեմբերի 9-ին արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց` ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ օմբուդսմենի զեկույցի` առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Եւ, ահա, օմբուդսմենի հրապարակած այս տվյալներից ելնելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնով է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ վճիռ կայացրել՝ պարտադրելով 1.8 մլն դրամ վճարել գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ նրա պատիվն ու բարի համբավն իբրեւ թե արատավորելու համար: «Ձեր հարցը Ձեր դուրը գալիս է՞, ինչպես անհեթեթությունը մեկնաբանեմ»,- վշտացավ Ռուբեն Ներսիսյանը: Իհարկե, մեր հարցն այնքան էլ դուրեկան չէր, բայց այն համարժեք էր դատավոր Ներսիսյանի կայացրած անդուր վճռին, որով մեր օրաթերթին անհամաչափ (օրաթերթը մեծ եկամուտներով չի աշխատում) տուգանքի է ենթարկել՝ վտանգելով թերթի ու կայքի հետագա գործունեությունը: Մենք ստիպված ենք մոտ 2 մլն դրամ վճարել մեծահարուստ գործարար Խաչիկ Խաչատրյանին եւ տպագրել սահմանված հերքումն ու դատական վճիռն ամբողջությամբ: Մի կողմ թողնելով դատավորի սահմանած տուգանքի անօրինականության կոնկրետ դրսեւորումները՝ կենտրոնանանք վճռի բովանդակության իրավաբարոյական կողմի վրա:

Հայհոյանքն ու մուրճը
Նախ արձանագրենք, որ դատավոր Ներսիսյանը նաեւ մի շատ ավելի զզվելի բան է արել՝ խրախուսելով գործարարին շարունակել առավել լկտի պահվածք դրսեւորել՝ հայհոյել լրագրողին ու մնալ անպատիժ: Նա անտեսել է օրաթերթի եւ գործարարի միջեւ առաջացած վեճի պատճառները՝ վճիռը կայացնելով բացառապես հետեւանքների մասով: Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանի եւ «Ժողովուրդ» օրաթերթի դատական վեճը 2012-ից է սկսվում, եւ պատճառը գործարար Խաչատրյանի լկտի պահվածքն է լրագրողի նկատմամբ: Լրագրողը զանգահարել էր գործարարին՝ պարզելու, թե ինչ խնդիրներ ունի նա հարկային ծառայության հետ, եւ որպես պատասխան լսել էր հայհոյանք՝ ուղղորդված սադրանքով՝ «Գրում ես, դե գրի…»: Գործարարին զայրացրել էր մեր նախորդ օրվա հրապարակումը՝ համաձայն որի Խաչատրյանին պատկանող «Երեւանի թռչնաֆաբրիկան» տուգանվել է ժամկետանց ձու իրացնելու համար (մենք օգտվել էինք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ փաստաթղթից): Ի դեպ, այս փաստը դատարանում էլ չհերքվեց:
Հայհոյանքից հետո, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ մենք, առաջնորդվեցինք ՀՀ խորհրդարանի մեծն հռետոր Սեյրան Սարոյանի տրամաբանությամբ. «Հնգեր Արամ, էդ քֆուր տալը գիտես, պատասխան տալը չես իմանո՞ւմ: Մի չափալախ ես կերե, սաղիս խառնել ես իրար»: Ո՛չ, ո՛չ, մենք «ձու վաճառող» Խաչիկին ո՛չ թե ապտակելու ճանապարհով գնացինք, այլ առավել քաղաքակիրթ ուղիով՝ «Գործարար էլիտայի բացիլները» վերտառությամբ հոդվածում մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ անբարոյականները շատացել են ու շատացել են հենց իշխանության հովանավորությամբ։ Եւ այն աստիճան են հղփացել, որ լրագրողի հետ խոսելու տարրական կուլտուրա ու դաստիարակություն չունեն»: Եւ, ահա, արդարադատություն իրականացնող պարոնը՝ Ռ. Ներսիսյանը, չխորանալով փաստերի, նախապատմության մեջ, հարցի բարոյական ու իրավական նրբությունների մեջ, մուրճը հարվածեց սեղանին, որպեսզի օլիգարխ Խաչիկն իրեն լավ զգա: Ընդ որում, դատական նիստերն անցկացվել են, եւ վճիռը կայացվել է առանց «Ժողովուրդ»-ի:

Տարբեր կարծիքներ
Բայց այս պատմության մեջ ուշագրավը նույն դատարանում աշխատող երկու դատավորների՝ միմյանցից 180 աստիճանով տարբերվող վճիռներն են:
Եւ այսպես, նույն գործարարի կողմից ներկայացված գրեթե նույն հայցադիմումը քննելով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հանգել էր այն եզրակացության, որ հրապարակումներն ընդամենը գնահատողական դատողություն են, որի իրավունքն ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: «Փաստերի ապացուցման դատավարական բեռը կրող Հայցվորը չի ապացուցել արտահայտությունները վիրավորանք եւ զրպարտություն՝ դիտելու համար սահմանված պարտադիր վավերապայմանները։
Վերոգրյալներն ամփոփելով` դատարանն արձանագրում է, որ խմբագրության կողմից հրապարակված արտահայտություններով Հայցվորին վիրավորելու եւ զրպարտելու փաստը գործով չի ապացուցվել, հետեւաբար` օրենքով սահմանված փոխհատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, վճիռը հրապարակելու, ինչպես նաեւ փաստաբանի խելամիտ վարձատության հարցը լուծելու պահանջները նույնպես ենթակա են մերժման»,- վճռել էր Գագիկ Խանդանյանը: Ինչո՞ւ նույն հայցը դատավոր Գագիկ Խանդանյանը մերժեց, իսկ բողոքարկման արդյունքում նոր քննության ուղարկվելուց հետո Դուք բավարարեցիք գործարարի քմահաճույքները: Արդյո՞ք ՀՀ օմբուդսմենի սակագներն են գործել Ձեր կայացրած վճռի դեպքում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ դատավոր Ներսիսյանը պատասխանեց. «Մի վայրկյան կլսեք ինձ, առաջին՝ անհեթեթությունը չեմ մեկնաբանի, երկրորդը՝ եթե Ձեզ իմ կարծիքն է հետաքրքրում, ապա ընդհանրապես դատավորի կարծիքը դա դատական ակտն է: Այսինքն՝ այն բոլոր հանգամանքների շուրջ, որ Դուք ուզում եք ճշտեք, ապա վերցնում եք երեք դատական ակտերը եւ ընթերցում եք»:

Անհեթեթ պատասխան
Բնականաբար, եւս մեկ անգամ ընթերցեցինք Գագիկ Խանդանյանի եւ Ռուբեն Ներսիսյանի կայացրած վճիռները եւ մեր կարծիքը չփոխվեց. կարծես թե գործարար Խաչիկը առավել մոտիկից եւ ուշադիր է ծանոթացել ՄԻՊ-ի հրապարակած սակագներին: Եւ հիմա մեզ մեկ բան է ընդամենը հետաքրքրում՝ հօգուտ Խաչիկ Խաչատրյանի վճիռ կայացնելու համար ո՞ր սակագինն է գործել: Այս հարցը դարձյալ անհեթեթություն թվաց իր կայացրած վճռի ձեռքը կրակն ընկած դատավորին: «Անհեթեթություն չեմ մեկնաբանում, կրկնում եմ՝ ցանկացած դատավորի կարծիքը դա իր կայացրած դատական ակտն է: Դուք գտնում եք, որ դատավոր պարոն Խանդանյանի նախագահությամբ այլ ակտ է կայացվել եւ կոնկրետ իմ նախագահությամբ այլ ակտ, ուրեմն Դուք՝ որպես շահագրգիռ կողմ, վերցնում եք ե՛ւ պարոն Խանդանյանի նախագահությամբ արձակված ակտը, ե՛ւ իմ կայացրած ակտը եւ ընթերցում ու կստանաք այդ հարցերի պատասխանը»,- ասաց դատավորը:

Մեղսունակ է
Հասկանալով նրա ոչ այնքան հանգիստ հոգեվիճակը՝ փորձեցինք այլ կերպ մոտենալ խնդրին. պարո՛ն դատավոր, միգուցե կոնկրետ գին չի եղել, այլ եղել է զա՞նգ, սովորաբար հեռախոսազանգով են, չէ, նաեւ շատ հարցեր լուծում ստանում: Կասե՞ք թե ում զանգով նման վճիռ կայացրիք մեր օրաթերթի դեմ: «Կրկնում եմ՝ անհեթեթությունը ինչ մեկնաբանեմ, 10 անգամ էլ հարցնեք, ես անհեթեթությունը չեմ մեկնաբանի, երեք դատական ակտերն էլ կարդացեք, ինքներդ տեսեք»,- պատասխանեց օրենքի պաշտպանը՝ զանգի տարբերակն էլ անհեթեթություն որակելով: Սա նշանակում է, որ դատավոր Ռ. Ներսիսյանն իսկապես իր կամքով է նման վճիռ կայացրել՝ գործարար Խաչատրյանի հայհոյանքները համարելով օրինաչափ: Այսինքն՝ երիտասարդ լրագրողուհուն հայհոյելը խրախուսվում է իր խղճով եւ մտքով առաջնորդվող դատավորի կողմից: Եւ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ արժեհամակարգի կրող է նա:

Մուղամի ազդեցությա՞մբ
Հետաքրքիր է՝ եթե Ռ. Ներսիսյանի կնոջը, մորը, դստերը հայհոյեին ու հետո դատարան դիմեին՝ գերդաստանին տուգանելու հայցով, նույն լկտիությամբ կհանդգնե՞ր վճիռ կայացնել: Թեեւ դատելով նրա մասին դատական համակարգում պտտվող լուրերից՝ Ռ. Ներսիսյանի համար այլ արժեքներ են հարազատ: Ի դեպ, ըստ նույն լուրերի, նա ադրբեջանական մուղամների մեծ երկրպագու է: Մենք դատավորին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք շատ եք սիրում ադրբեջանական երաժշտություն եւ այն հաճախ լսում եք նաեւ Ձեր աշխատասենյակում, Ռ. Ներսիսյանը, որի բառապաշարում ինքնապաշտպանության համար նախատեսված այլ բառեր կարծես թե չկան, պատասխանեց նույն ոգով. «Անհեթեթություններ չեմ մեկնաբանում, ադրբեջանակա՜ն, չէ մի»:
Թերեւս բոլորի համար էլ նկատելի է, որ դատավորի տված պատասխաններն ամենեւին անկեղծ չէին եւ հավատ չէին ներշնչում: Ի վերջո, եթե մարդն ադրբեջանական կլկլոց լսելիս է հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնում, էլ ի՞նչ պետք է ակնկալել նրանից:
Այս իրավիճակում մեզ մնում է մի հռետորական հարց հնչեցնել՝ հիմա Հայաստանում գործունեություն ծավալող դատավորներին է սազում «պրաստիտուտկա»-ի պիտակը, թե՞ նրանց գնած գործարարին…

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

ՎԵՆԴԵՏԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ
Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով կրքերը չեն հանդարտվում: Բանն այն, որ մարզպետի դեմ մահափորձը կատարելու համար կալանավորվել էին 4 անձ, որոնց պաշտպաններն այս օրերին խիստ մտահոգված են նրանց ընտանիքների անվտանգության հարցով:
Հիշեցնենք, որ կալանավորված անձինք են Սյունիքի մարզի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը, Հենրիկ Ավագյանը եւ 2013-ին մարզպետի տան մոտ սպանված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Կալանավորումից հետո Հենրիկ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը ասել էր, որ իր պաշտպանյալից որոշակի տեղեկություններ է ստացել եւ պետք է միջնորդություն ներկայացնի, որպեսզի Հենրիկի կնոջ, ծեր մոր եւ երկու աղջիկների համար պաշտպանության միջոց կիրառեն, քանի որ մտավախություններ կան: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ըստ Էության, երբ Հենրիկը խոստովանել է՝ հենց ինքն է եղել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակողը, դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել, որ նրա ընտանիքի անդամները մարզպետի հնարավոր ոտնձգություններից պաշտպանվեն: Սակայն նկատենք, որ մարզպետի շրջապատը, մինչ Հենրիկ Ավագյանի ընտանիքի անդամներին հասնելը, հարձակումը սկսեց այս գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի ընտանիքից:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ժամը 03-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ կատարված մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:
Քննություն իրականացնող մարմնի տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն է եղել դռներն ու ապակիները կոտրողը, որին բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մարզպետի մտերիմ շրջապատը գործի է անցել՝ փորձելով վրեժխնդիր լինել Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի համար: Ի դեպ, վրեժ լուծելու մասին ակնարկներ է արել նաեւ հենց ինքը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ գնալով այս քայլին՝ ցանկացել է հաղորդագրություն ուղարկել կալանավորված Գարեն Աթաջանյանին. «Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի, մի քանի ապակի եմ ջարդել»:
Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ իր ընտանիքը անվտանգ է, իսկ ինքը մարզպետի մտերիմներին մի խորհուրդ կտա միայն՝ պահպանել հանգստություն .«Իմ հերն անմեղ է եւ կապ չունի այս ամենի հետ, կքննեն ու նրան ազատ կարձակեն, միայն այսքանը կարող եմ ասել: Իսկ մենք մարզպետի հետ որեւէ խնդիր երբեւէ չենք ունեցել, պահպանե՛ք հանգստություն»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս