ՀԱՐՑ. 53 տարեկան եմ եւ ունեմ մի շարք ծանր հիվանդություններ՝ 1-ին աստիճանի սրտի արատ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի ծանր լսողություն, կրծքավանդակիս հատվածում եւ կրունկներիս տակ առաջացել են ոսկրային ելուստներ, քթի միջնապատ չունեմ, ունեմ բրոցելոզ եւ ճնշման տատանումներ: Չնայած այս ամենին` աշխատում եմ: 2 տարի ստացել եմ կենսաթոշակ, որը կասեցրել են՝ պատճառաբանելով, թե աշխատում եմ: Բացակայությանս համար ներկայացրել եմ 3 ամսվա անաշխատունակության թերթիկ, եւ ինձ ասում են, որ ես առողջ եմ: Արդյո՞ք իմ կարգավիճակի մարդուն չի հատկացվում կենսաթոշակ: Ինչպե՞ս վերականգնեմ այն, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տարածքային` Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի 2010-2011թթ. բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում Ձեզ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ մեկական տարի ժամկետով, ընդհանուր հիվանդություն պատճառական կապով` երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4-րդ աստիճանի, ՍԻՀ աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, սրտային անբավարարություն 1-2 ֆ.դ.ե ախտորոշմամբ:
29.05.2012թ. հերթական վերափորձաքննության արդյունքում տարածքային 1 ԲՍՓՀ-ն Ձեզ հաշմանդամություն չի սահմանել, քանի որ արյան շրջանառության աննշան խանգարումը չի բերել որեւէ տեսակի որեւէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման, իսկ երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսությունը` 3-րդ աստիճանի, առաջացրել է զգայական ֆունկցիայի չափավոր խանգարում, որն էլ հանգեցրել է հաղորդակցվելու կարողության 1-ին աստիճանի սահմանափակման: ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետի համաձայն` հաղորդակցվելու կարողության սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում: Տարածքային ԲՍՓՀ-ի 07.08.2012թ. կայացրած փորձաքննական որոշումը Դուք սահմանված կարգով բողոքարկել եք եւ վերափորձաքննվել ՀՀ ԲՍՓ գործակալությունում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի ընդունած որոշումը մնացել է անփոփոխ:
Փորձաքննական բաժինն ընդունած որոշումը հիմնավորել է, որ ուղեկցող հիվանդությունը բերել է արյան շրջանառության աննշան խանգարման, որն էլ չի հանգեցրել որեւէ տեսակի որեւէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման, իսկ հաղորդակցության կարողության առաջին աստիճանի սահմանափակումը, առանց կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման զուգակցման, հաշմանդամության խմբի սահմանման հիմք չէ:
ՀՀ ԲՍՓ գործակալության կայացրած փորձաքննական որոշումները բողոքարկվում են դատական կարգով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանում ես` ի~նչ հեշտությամբ են մի դռնից մյուս դուռը մատնացույց անում հաշմանդամներին. այսքան ատյաններ անցնելուց ու հիվանդություններն ապացուցելուց հետո նրանց մոտ էլ առողջ տեղ կմնա՞: