ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ԼՂՀ-ում

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից՝ նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր աշխատողներն իրավունք չունեն օգտվելու սոցիալական փաթեթի ծառայություններից:

Լարիսա Մնացականյան (28 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լարիսա Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի, զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթների համակարգը, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատողի օգտվել մի շարք սոցիալական ծառայություններից: Ի դեպ, յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է ամսական 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 132,000 ՀՀ դրամի:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե ինչ-որ մեկը փոխում է իր անունը (անվանափոխություն է կատարում), ապա դա իրավական հետեւանքներ առաջացնո՞ւմ է: Եվ կցանկանայի իմանալ գանձվող պետական տուրքի դրույքաչափը:

Հեղինե Հարությունյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝
– երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50.000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30.000 դրամ,
– տասը աշխատանքային օրվա ընթացքում՝ 20.000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը, սակայն անվան փոխման մասին դիմումի մեջ պարտադիր պետք է լրացնել անունը փոխելու պատճառները:




Լրահոս