ՄԱՄՈՒԼԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին հինգ տարիներին Հայաստանի մամուլի դաշտը էապես փոխվել է, եթե միջազգային զեկույցներում այդ փոփոխությունները դրական են գնահատվում, ապա իրական կյանքում պատկերն այլ է: Մինչեւ 2009 թվականը Հայաստանում փաստացի գործում էին բեւեռների բաժանված` ընդդիմադիր եւ իշխանամետ լրատվամիջոցներ:

2008 թվականի նախագահական ընտրությունների օրինակով Հայաստանի իշխանությունները համոզվեցին, որ երկու օրաթերթ եւ մեկ ռադիոկայան՝ «Ազատություն»-ը կարողացան պարտության մատնել ողջ իշխանական լրատվամիջոցներին, որոնց կազմի մեջ մտնում էին մեկ տասնյակից ավել հեռուստաընկերություններ, մեկ տասնյակ թերթեր եւ նույնքան ռադիոընկերություններ:
Մինչեւ 2009 թվականը իշխանությունները չէին կողմնորոշվում ինչպես վարվել: Սակայն հետո հասկացան, որ եթե լրատվական դաշտը չեն կարողանում լիարժեք վերահսկել, ապա պետք է այնպես անել, որ լրատվությունն իսպառ կորցնի իր իմաստը: Այդ նպատակով սնկի պես սկսեցին աճել լրատվական կայքերը: Բայց դաշտում գործող հատուկենտ չվերահսկվող լրատվամիջոցների խնդիրը մնում էր: Մինչեւ 2010 թվականը չվերահսկվողների «հախից գալու» միակ մեթոդը լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելն էր: Սակայն տարիների փորձը ցույց էր տվել, որ այդ մեթոդով խնդիրը չէր լուծվում, նախ ծեծուջարդով «վնասազերծվում» էր միայն կոնկրետ լրագրողը, իսկ համապատասխան լրատվամիջոցը շարունակում էր գործել: Ավելին՝ բռնության դեպքերի մեծ մասի պարագայում տուժած լրագրողը դրանից ոչ թե վախենում եւ բերանը փակում էր, այլ ընդհակառակը, շարունակում էր ավելի մեծ նվիրումով կատարել իր մասնագիտական պարտքը, ինչն իշխանությունների համար ավելի ծանր հետեւանքներ էր ունենում: Մյուս կողմից էլ լրագրողների նկատմամբ բռնությունները հայտնվում էին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում եւ տեղ զբաղեցնում նրանց զեկույցներում՝ անհարմար իրավիճակներ հարուցելով:
Արդյունքում, իշխանությունները որոշեցին փոխել մարտավարությունը, եւ լրագրողների փոխարեն թիրախում հայտնվեցին ոչ թե առանձին լրագրողներն, այլ լրատվամիջոցները: Այս նպատակով 2010-ին փոփոխություն կատարվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ դրանում ավելացվեց 1087.1 «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» անվանումով տխրահռչակ հոդվածը: Իսկ քրեական օրենսգրքից հանվեցին զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները: Այսպիսով, իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացրին, թե իբր օրենսդրությունը բարեփոխում են` զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելով: Իրականում ՀՀ քրեական օրենսգրքի զրպարտության եւ վիրավորանքի` համապատասխանաբար 135 եւ 136 հոդվածները գործնականում չէին կիրառվում: Ուստի այդ ապաքրեականացումն ընդամենը քարոզչական քայլ էր` հասցեագրված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Վերջին 5 տարիներին քանի-քանի լրատվամիջոցներ են միլիոնավոր դրամի վնասներ կրել այս կամ այն օլիգարխին կամ ուղնուծուծով կոռումպացված, պաշտոնի հաշվին միլիարդատեր դարձած պաշտոնյաների հայցերի հիման վրա: Դատական պրակտիկան ցույց տվեց, որ զրպարտության կամ վիրավորանքի հայցերով լրատվամիջոցները բացարձակ անպաշտպան են, եւ ուզածդ լրատվամիջոցին իշխանությունները կարող են միլիոնավոր դրամների «տույժերի» տակ գցել՝ ցանկացած ձեւակերպում համարելով վիրավորանք կամ զրպարտություն: Այս հանգամանքը կամաց-կամաց սկսեց սնել եւ աճեցնել լրատվամիջոցների եւ լրագրողների ներքին գրաքննությունը: Լրագրողները սկսեցին կաշկանդվել փակ աղբյուրներից ստացված տեղեկությունները հրապարակելիս, քանի որ միշտ հավանականություն կա, որ տվյալ կոռումպացված պաշտոնյան կդիմի դատարան եւ մի քանի միլիոն դրամ կպահանջի, իսկ լրագրողը չկարողանալով աղբյուրը հրապարակել՝ կհայտնվի խոցելի վիճակում:
Այսինքն՝ Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունների` լրատվական դաշտին առնչվող բոլոր քայլերը միայն ուղղված են եղել ոլորտի ոչնչացմանը, ինչը բնական է, քանի որ կեղծիքների, կոռուպցիայի, պետական միջոցների համատարած թալանի եւ սպանությունների հաշվին գոյատեւող իշխանությունն այլ կերպ չի էլ կարող գործել: Մի խոսքով, ուզենք թե չուզենք, ինչպես ցանկացած հարց Հայաստանում, առանց քաղաքական համակարգի փոփոխության չի կարող լուծվել: Լրատվական դաշտի խնդիրները եւս համակարգային լուծում են պահանջում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԱԶԳՈՎԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ
Կապանի երեխաների խնամքի կենտրոնում վերջին օրերին լարված իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարատ Վարդանյանը աշխատակիցներից պահանջում է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի, նրանք իբր ցանկանում են, որ հենց պաշտոնակատարը նշանակվի տնօրեն: Վարդանյանը ստորագրահավաքը նախաձեռնել է՝ հետագայում այն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղարկելու համար: Այս մասին մեզ հետ մասնավոր զրույցներում պատմեցին կենտրոնի աշխատակիցները: Նշենք, որ նշված կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը անժամկետ հետաձգվել է: Իսկ Վարդանյանը փորձում է այդ ընթացքում ամեն ինչ անել, որպեսզի հենց ինքը զբաղեցնի կենտրոնի տնօրենի պաշտոնը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Մարատ Վարդանյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Տնօրենի պաշտոնակատարը հայտարարեց, որ նման ստորագրահավաք չկա, ու ինքն առաջին անգամ է այդ մասին լսում: Ի դեպ, Մարատ Վարդանյանը Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ Լոնդիկի քրոջ փեսան է:

 

ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Մոսկվայում լրագրողի հետ զրույցում ասել է, որ Խորհրդային Միության տարիներին ԼՂՀ-ի վարչական տարածքի մեջ չմտնող, իսկ այժմ Արցախի կազմի մեջ մտնող շրջաններն, իր կարծիքով, պետք է վերադարձվեն: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այս առնչությամբ Արցախի կարծիքն ինչպիսին է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախ եւ առաջ հակամարտության կարգավորման համար պետք է վերացվեն հակամարտության պատճառները, ոչ թե հետեւանքները, այն, ինչ մենք ունենք՝ նոր սահմաններ, տարածաշրջանի քաղաքական եւ ռազմաքաղաքական կառուցվածքը, սրանք հետեւանքներն են, սա պատճառը չէ: Մենք չենք կարող խոսել հին սահմանների վերադարձի մասին, եթե չկա հակամարտության բուն պատճառի վերացումը: Պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն՝ մեզ համար հին սահմաններին վերադարձ չկա»:

 

ՄԻԱՅՆ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը դեռեւս մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մարուքյաններ» ընկերության հետ` մեկ բիզնես եւ երկու էկոնոմ կարգի ավիատոմսեր գնելու համար: Ըստ պայմանագրի՝ Երեւան-Մոսկվա-Աստանա ուղղությամբ վերը նշված երեք տոմսերի համար պետբյուջեից վճարել 1 մլն 528 հազար 968 դրամ: Բնականաբար, բիզնես կարգի մեկ տոմսի գինը կազմել է էկոնոմի երկու տոմսի արժեքը: Հիշեցնենք, որ խոսքը մի նախարարության մասին է, որը վերջերս ստեղծվեց, բայց այդպես էլ մնում է չհիմնավորված եւ անհասկանալի, թե ինչու:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԶԱՏԵԼ Է
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Հայաստանում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատել է Իվան Կուխտային: Կուխտան Հայաստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2010 թվականի հոկտեմբերից:

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Հուլիսի 11-ին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին: Երեկ «Ժողովուրդ»ը գրել էր, որ Տաթեւիկ Օհանյանի անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել. նա ամուսնացել է եւ որոշել է հրաժարական ներկայացնել՝ նաեւ դրսում ուսումը շարունակելու նպատակով: Հիշեցնենք, որ Օհանյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի քվոտայով, ըստ այդմ, թափուր պաշտոնի նոր հավակնորդին եւս պետք է առաջարկի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Armlur.am-ի հետ զրույցում օմբուդսմենի խոսնակ Շուշանիկ Դանիելյանն ասել է, որ այս պահի դրությամբ նման քննարկում տեղի չի ունեցել. «Երբ որոշում կայացվի, անպայման պաշտոնապես կհրապարակենք»:

 

ԸՆՏՐԵԼ ԵՆ
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ տարածքային կազմակերպության վերահսկողի` նախօրեին կայացած ընտրություններին՝ նկատելով, որ դրանք անցել են դրամատիկ պայքարում: «Այսօրվա դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրել է երեք տարածքային կազմակերպություն՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, Աբովյանում, Գյումրիում: Կուսակցության համաժողովում ընտրվել է վարչություն, վարչությունն ընտրել է նախագահ, փոխնախագահ, մամուլի քարտուղար: Բոլոր ընտրություններն անցել են փակ-գաղտնի քվեարկությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ազատ, ժողովրդավարական ընտրական համակարգը անշրջելի իրականություն է»,- գրել է Փաշինյանը:




Լրահոս