Վերջին հինգ տարիներին Հայաստանի մամուլի դաշտը էապես փոխվել է, եթե միջազգային զեկույցներում այդ փոփոխությունները դրական են գնահատվում, ապա իրական կյանքում պատկերն այլ է: Մինչեւ 2009 թվականը Հայաստանում փաստացի գործում էին բեւեռների բաժանված` ընդդիմադիր եւ իշխանամետ լրատվամիջոցներ:
2008 թվականի նախագահական ընտրությունների օրինակով Հայաստանի իշխանությունները համոզվեցին, որ երկու օրաթերթ եւ մեկ ռադիոկայան՝ «Ազատություն»-ը կարողացան պարտության մատնել ողջ իշխանական լրատվամիջոցներին, որոնց կազմի մեջ մտնում էին մեկ տասնյակից ավել հեռուստաընկերություններ, մեկ տասնյակ թերթեր եւ նույնքան ռադիոընկերություններ:
Մինչեւ 2009 թվականը իշխանությունները չէին կողմնորոշվում ինչպես վարվել: Սակայն հետո հասկացան, որ եթե լրատվական դաշտը չեն կարողանում լիարժեք վերահսկել, ապա պետք է այնպես անել, որ լրատվությունն իսպառ կորցնի իր իմաստը: Այդ նպատակով սնկի պես սկսեցին աճել լրատվական կայքերը: Բայց դաշտում գործող հատուկենտ չվերահսկվող լրատվամիջոցների խնդիրը մնում էր: Մինչեւ 2010 թվականը չվերահսկվողների «հախից գալու» միակ մեթոդը լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելն էր: Սակայն տարիների փորձը ցույց էր տվել, որ այդ մեթոդով խնդիրը չէր լուծվում, նախ ծեծուջարդով «վնասազերծվում» էր միայն կոնկրետ լրագրողը, իսկ համապատասխան լրատվամիջոցը շարունակում էր գործել: Ավելին՝ բռնության դեպքերի մեծ մասի պարագայում տուժած լրագրողը դրանից ոչ թե վախենում եւ բերանը փակում էր, այլ ընդհակառակը, շարունակում էր ավելի մեծ նվիրումով կատարել իր մասնագիտական պարտքը, ինչն իշխանությունների համար ավելի ծանր հետեւանքներ էր ունենում: Մյուս կողմից էլ լրագրողների նկատմամբ բռնությունները հայտնվում էին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում եւ տեղ զբաղեցնում նրանց զեկույցներում՝ անհարմար իրավիճակներ հարուցելով:
Արդյունքում, իշխանությունները որոշեցին փոխել մարտավարությունը, եւ լրագրողների փոխարեն թիրախում հայտնվեցին ոչ թե առանձին լրագրողներն, այլ լրատվամիջոցները: Այս նպատակով 2010-ին փոփոխություն կատարվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ դրանում ավելացվեց 1087.1 «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» անվանումով տխրահռչակ հոդվածը: Իսկ քրեական օրենսգրքից հանվեցին զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները: Այսպիսով, իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացրին, թե իբր օրենսդրությունը բարեփոխում են` զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելով:
Իրականում ՀՀ քրեական օրենսգրքի զրպարտության եւ վիրավորանքի` համապատասխանաբար 135 եւ 136 հոդվածները գործնականում չէին կիրառվում: Ուստի այդ ապաքրեականացումն ընդամենը քարոզչական քայլ էր` հասցեագրված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Վերջին 5 տարիներին քանի-քանի լրատվամիջոցներ են միլիոնավոր դրամի վնասներ կրել այս կամ այն օլիգարխին կամ ուղնուծուծով կոռումպացված, պաշտոնի հաշվին միլիարդատեր դարձած պաշտոնյաների հայցերի հիման վրա: Դատական պրակտիկան ցույց տվեց, որ զրպարտության կամ վիրավորանքի հայցերով լրատվամիջոցները բացարձակ անպաշտպան են, եւ ուզածդ լրատվամիջոցին իշխանությունները կարող են միլիոնավոր դրամների «տույժերի» տակ գցել՝ ցանկացած ձեւակերպում համարելով վիրավորանք կամ զրպարտություն: Այս հանգամանքը կամաց-կամաց սկսեց սնել եւ աճեցնել լրատվամիջոցների եւ լրագրողների ներքին գրաքննությունը: Լրագրողները սկսեցին կաշկանդվել փակ աղբյուրներից ստացված տեղեկությունները հրապարակելիս, քանի որ միշտ հավանականություն կա, որ տվյալ կոռումպացված պաշտոնյան կդիմի դատարան եւ մի քանի միլիոն դրամ կպահանջի, իսկ լրագրողը չկարողանալով աղբյուրը հրապարակել՝ կհայտնվի խոցելի վիճակում:
Այսինքն՝ Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունների` լրատվական դաշտին առնչվող բոլոր քայլերը միայն ուղղված են եղել ոլորտի ոչնչացմանը, ինչը բնական է, քանի որ կեղծիքների, կոռուպցիայի, պետական միջոցների համատարած թալանի եւ սպանությունների հաշվին գոյատեւող իշխանությունն այլ կերպ չի էլ կարող գործել: Մի խոսքով, ուզենք թե չուզենք, ինչպես ցանկացած հարց Հայաստանում, առանց քաղաքական համակարգի փոփոխության չի կարող լուծվել: Լրատվական դաշտի խնդիրները եւս համակարգային լուծում են պահանջում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ