ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱԱԽ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին՝ իրեն անօրինական կերպով աշխատանքից ազատելու եւ փողերը չտալու համար: Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած» եւ պնդում, որ դրանք պայմանավորված են իր քաղաքական հայացքներով:
Արմենը, իհարկե, վարչական դատարանում պատրաստակամություն է հայտնել՝ ներկայացնել իր քաղաքական դիրքորոշման ազդեցությունն ազատման գործընթացի վրա, սակայն դատարանը կարծես թե չի ցանկացել եւ լսել է միայն իրավական հիմնավորումները:  Եւ այսպես, Ա. Ղազարյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԱԱԽ աշխատակազմի, եւ խնդրել անվավեր ճանաչել ԱԱԽՔ-ի՝ աշխատանքից ազատելու երկու հրամանները (ՀՀ ԱԱԽ 14.06.2011թ. թիվ 23-Ա եւ 28.06.2011թ. թիվ 24-Ա), իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ԱԱԽ-ից բռնագանձել իր աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հայցվորը նշել է, որ 2009թ. հուլիսից աշխատանքային պայմանագրով աշխատել է ԱԱԽ աշխատակազմի իրավաբանական բաժնում: 2010-ի հուլիսին դիմում է գրել, մասնակցել եւ հաղթող ճանաչվել ԱԱԽ աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի մրցույթում: 2 ամիս անց Ա. Ղազարյանը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի թիվ 89-Ա հրամանով 6 ամիս փորձաշրջանով նշանակվել է ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: 6 ամիս հետո ԱԱԽՔ-ի հրամանով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Հետո այնպես է ստացվել, որ Արմենը 2011-ի հունիսի 13-ից մինչեւ հունիսի 24-ը հիվանդացել է եւ գտնվել ժամանակավոր անաշխատունակ վիճակում: Կանչ է գրել պոլիկլինիկա, որպեսզի հետագայում անաշխատունակության թերթիկը ներկայացնի աշխատավայր: Երկշաբաթյա բուժումից հետո Արմենը ներկայացել է աշխատանքի, զեկուցագիր է գրել իրավաբանական բաժնի պետ Լիլյա Հակոբյանի անունով՝ մեկ ժամով բացակայելու եւ անաշխատունակության թերթիկը ներկայացնելու համար: Բաժնի պետն էլ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարին է նույնաբովանդակ զեկուցագիր ներկայացրել, որպեսզի թույլատրեն մեկժամյա բացակայությունը: Սակայն զեկուցագրերը հետ է վերադարձվել իրավաբանական վարչություն, իսկ Արմենին տեղեկացրել են, որ ինքը հիվանդանալու հաջորդ օրվանից՝ հունիսի 14-ից, այլեւս չի աշխատում: Նրան են հանձնել նաեւ աշխատանքից ազատման առաջին հրամանի պատճենը՝ կից գրություններով, ըստ որոնց՝ ազատման պատճառը 2011թ. փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին, 16-ին անհարգելի բացակայելն է:
Սակայն երբ Արմենն Ա. Բաղդասարյանի թիվ 23-Ա հրամանը տարել է տուն, պարզել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հրամանում արտացոլված հոդվածների կետերն այլեւս գոյություն չունեն, փոխվել են: Արմենն այդ մասին հետագայում հայտնել է նաեւ դատարանին՝ նշելով, որ ինքն այդ օրերին չի բացակայել, «…նշվածն ուղղակի փորձ է հիմնավորելու իմ իրական ազատման դրդապատճառները, որը, գտնում եմ, հանդիսանում է քաղաքական եւ անձնավորված որոշում»: Արմենը նշել է, որ իրավունք չունեին իրեն աշխատանքից ազատել ժամանակավոր անաշխատունակության ընթացքում: Իսկ եթե փորձենք ընդունել, որ 4 օր բացակայել է, ապա, ըստ Արմենի, կարող էր կիրառվել կարգապահական տույժերից որեւէ մեկը:
Երբ Ա. Ղազարյանը հասկացել է, որ ԱԱԽՔ-ի թիվ 23-Ա հրամանն անհիմն է, 14 օր անց ԱԱԽ աշխատակազմի ղեկավարը գրությամբ ծանուցել է Արմենին, որ նախորդ հրամանը ճանաչվել է ուժը կորցրած եւ վերաձեւակերպվել համանուն հրամանով թիվ 24-Ա-ի տակ: Բայց քանի որ հիմքը մնացել է նույնը, հայցվորը շարունակել է վիճարկել հրամանը՝ ավելացնելով, որ ըստ ԱԱԽ աշխատակազմի ներքին կարգապահական կարգի՝ աշխատակազմի աշխատողների մուտքը եւ ելքը իրականացվում է քարտային համակարգի միջոցով, ստուգվում է ամեն շաբաթվա վերջում եւ զեկուցվում աշխատակազմի ղեկավարին: Եւ եթե ինքն այդ օրերին բացակայած լիներ, ապա աշխատակազմի ղեկավարն այն ժամանակ հաշվի կառներ բացակայությունները, իրեն էլ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան չէր շնորհվի: Ուստի գտել է, որ ԱԱԽ քարտուղարի երկու հրամաններն էլ անհիմն են:
ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչ Եկատերինա Ասատրյանն առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ վիճարկվող հրամաններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, եւ որպես 4 օրվա բացակայության փաստ՝ դատարան է ներկայացրել ԱԱԽ տարածքում գտնվող մուտքի հսկողության եւ ղեկավարման համակարգի սերվերի տվյալների հենքում գտնվող տեղեկատվության թղթային տարբերակները: Այդ հանգամանքը պարզելու համար դատարանը հարցում է արել ԱԱԽ-ին, թե հնարավոր է փոփոխել ԱԱԽ տարածքում գտնվող մուտքի հսկողության եւ ղեկավարման համակարգի սերվերի տվյալների հենքի տեղեկատվությունը: Այդ համակարգը ծրագրավորող «ՍՌՍ-Զվեզդա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները պատասխանել են՝ տեխնիկապես հնարավոր է, բայց սերվերում տվյալների փոփոխություն չի եղել, ինչը, սակայն, հայցվորը կասկածի տակ է դրել: Չնայած դրան՝ վարչական դատարանը վճիռը կայացրել է հօգուտ ԱԱԽ-ի, ինչից հետո հայցվորը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը պետք է օրերս որոշում կայացնի:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս