ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ օրը անսպասելի կադրային փոփոխություններ տեղի ունեցան նախագահական նստավայրում: Իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Հակոբյանը: Հատկապես ուշագրավ է Սերժ Սարգսյանի նոր մամուլի քարտուղարի ընտրության հարցը: Բանն այն է, որ Վլադիմիր Հակոբյանի աշխատանքային կարիերան սկսվել եւ մինչեւ նոր պաշտոնի նշանակումը շարունակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում: Նա կոչումով մայոր է: Պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ մինչ այս զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնը, իսկ կոնկրետ զբաղմունքի եւ դրա մամուլի հետ առնչության մասին ոչինչ չի ասվում: Սակայն վերջին տարում Վլադիմիր Հակոբյանի անունը մամուլում հաճախակի է հիշատակվում որպես լրագրողներին հավաքագրել փորձող ԱԱԾ աշխատակցի: Այսինքն՝ եթե մինչ այս նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էին լրատվության աշխարհի ներկայացուցիչները, քանի որ նրանց հիմնական աշխատանքը ի պաշտոնե լրագրողների հետ շփումն է, այս անգամ լրատվական դաշտի վերահսկողությամբ զբաղված անձն է խոսնակ դարձել: Կասկածից վեր է, որ իշխանության ներսում ինչ-որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ այս նշանակումը դրանց դրսեւորումներից է: Իսկ թե կոնկրետ ինչ է թաքնված այս ամենի թիկունքում, առաջիկայում պարզ կդառնա:
Հ.Գ. Արման Սաղաթելյանն իր աշխատանքի ազատման վերաբերյալ երեկ «Ժողովուրդ»-ին նույնպես ասաց, թե աշխատանքի հրավեր է ստացել եւ ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով եւ ավելացնելու ոչինչ չունի: Հավելենք, որ իրականում Ս. Սարգսյանի խոսնակ լինելը բավականին տխուր աշխատանք է, քանի որ նա իր նշանակման օրվանից խոսնակներին միայն մեկ պահանջ է ներկայացրել՝ չխոսել, չշփվել մամուլի հետ: Միայն իր հրահանգով կոնկրետ ասելիքի դեպքում են մինչ այս Ս. Սարգսյանի խոսնակները խոսել, այն էլ բացառապես ընտանեկան լրատվամիջոցների հետ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հաճախ անգամ անձամբ էր ասուլիսներ տալիս ու պատասխանում բոլոր լրագրողների հարցերին:

 

 

 

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը այս օրերին տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում, երեկ հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր հինգ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տուսկն ինքն է խնդրել նման հանդիպում կազմակերպել: Այդ ընթացքում քննարկման միակ թեման եղել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, եւ քննարկումն անցել է «թեժ» մթնոլորտում: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծը: Նույնիսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է նախագծին դեմ խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագծին կողմ է արտահայտվել միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

 

 

 

Հայաստանի թռչնաբուծական ընկերությունները վերջին շրջանում բավական դժվարին կացության մեջ են հայտնվել: Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաեւ թանկ, մրցակցությանը չեն դիմանում: «Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այլեւս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետեւ մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- ասաց Աբրահամյանը:

 

 

 

 

Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Կայարանցի Թեւոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետեւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաեւ Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ: Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է եւ ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան: Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում` նշելով, որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թեւոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով, ինչ-որ մեկը ձեւական պատժվում է, եւ դրանով ամեն ինչ վերջանում: Ու թերեւս Սարոյանի վարորդն այդ պահին դարձավ քավության նոխազ, որին արագ ազատեցին կալանքից:

 

 

 

 
ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ

Երեկ իր երկու գործընկերների` ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի եւ Պիեռ Անդրիոյի հետ Երեւան ժամանած ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հնդիպումներից հետո հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նախ` նա հստակեցրել է իր կողմից օրերս Մոսկվայում արած հայտարարությունը «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասին: «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»:
Այսպիսով` Ուորլիքը եւս մեկ անգամ շատ հստակ կերպով պատասխանեց այն բոլոր շահարկումներին, որոնք հնչում էին ինչպես ադրբեջանական քարոզչության, այնպես էլ Հայաստանի հակաամերիկյան շրջանակների կողմից, թե իբր ԱՄՆ-ն կոչ է անում հանձնել ազատագրված տարածքները: Ուորլիքը եւս մեկ անգամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր օրերս այլ առիթով ասել, «հատուկ կասկածամիտների համար» պարզաբանեց փաթեթային լուծման էությունը, այդ ընթացքում, ի դեպ, կատարելով շատ կարեւոր ամրագրումներ` կապված կոնկրետ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշման հետ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով այցելում են Լեռնային Ղարաբաղ, եւ երբ մեկնում ենք, հանդիպում ենք Ստեփանակերտի փաստացի իշխանությունների հետ, եւ նրանց ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ»: Սա, կարելի է ասել, Ղարաբաղը որպես բանակցային կողմ դիտարկելու մասին անուղղակի հայտարարություն է, որը անշուշտ, խիստ ողջունելի է հայկական կողմի համար:
Ուորլիքը երեկ տարածքների վերդարձի հետ կապված եւս մեկ կարեւոր հայտարարություն արեց, որն ի ցույց դրեց ԵԱՀԿ միջնորդների կողմից բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման` միանգամայն սթափ եւ ճշգրիտ ընկալումը. «Հստակ է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Ուստի նշել եմ ավտանգության երաշխիքների մասին՝ ներառյալ միջազգային խաղաղապահ ուժերը»:
Այսպիսով` դատելով ԱՄՆ համանախագահի երեկվա հայտարարություններից` կարող ենք ասել, որ ներկայումս Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում հայկական կողմը լիարժեք ձեւով եւ մինչեւ վերջ հետամուտ է ԼՂՀ եւ ՀՀ շահերի պաշտպանությանը, եւ այս իրավիճակում տարածքների վերադարձի մասին հայտարարությունները որպես «մեր հայրենիքը ծախելու» դրսեւորումներ ներկայացնողները պարզապես զբաղված են էժանագին շահարկումներով:




Լրահոս